ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Միջնորդներին չյաջողուեց մի թիզ անգամ առաջ շարժուել հրադադարի պայմանների ուղղութեամբ:
Ամէն Աստծոյ օր ԼՂՀ պաշտպանութեան բանակի լրատուական ամփոփագրերը հաղորդում են Ադրբեջանի կողմից հրաձգային զէնքի ու ականանետների կիրառմամբ հրադադարի ռեժիմի տասնեակ խախտումների մասին: Նման սադրիչ գործողութիւններով Բաքուն փորձում է մշտական լարուածութիւն պահպանել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում, ինչը ներգծւում է Ադրբեջանի նախագահի կողմից յայտարարուած քաղաքականութեան տրամաբանութեան մէջ, ով բաց տեքստով, ի լուր ամէնքի խօսում է այն մասին, որ Ադրբեջանը կը շարունակի ռազմական ճնշում գործադրել հայկական կողմերի վրայ:
Այս քաղաքականութիւնը, որի »շնորհիւ« իրավիճակը շփման գծում հաստատուն կերպով պատերազմի եզրագծին է, բերեց, ինչպէս յայտնի է, օրինաչափ արդիւնքի՝ բանակցային գործընթացում ակնյայտ փակուղու: Որպէս հետեւանք՝ այսօր առաջին պլան է մղուել ոչ այնքան բուն հակամարտութեան փոխզիջումային հանգուցալուծում գտնելու հարցը, որքան՝ հրադադարի պայմաններին հետեւելու խնդիրը:
Տարածաշրջանում կայուն խաղաղութեան պահպանման յոյժ հրատապ լինելու մասին, ինչը հրամայական բնոյթ է ձեռք բերել Ադրբեջանի կողմից Ապրիլին սանձազերծուած քառօրեայ պատերազմից յետոյ, վկայում է եւ այն փաստը, որ ներկայում գնալով աւելի շատ եւ աւելի յաճախակի են խօսում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընթացիկ տարուայ՝ համապատասխանաբար Մայիսին եւ Յունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած համաձայնութիւնների մասին: Ինչպէս յայտնի է, պայմանաւորուածութիւնները ենթադրում են շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրում եւ օպերատիւ իրավիճակի մշտադիտարկում իրականացնող միջազգային դիտորդների կազմի ընդլայնում: Բայց յայտնի է եւ հետեւեալը՝ Ադրբեջանը, ինչպէս բազմիցս է եղել, հրաժարուել է հետաքննութեան մեխանիզմի ստեղծման վերաբերեալ վիեննեան պայմանաւորուածութիւններից եւ շարունակել սաբոտաժի (խափանարարութեան-Խմբ.) ենթարկել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Արդիւնքում անցած կէս տարուայ ընթացքում միջնորդներին չյաջողուեց մի թիզ անգամ առաջ շարժուել այդ երկու նախաձեռնութիւնների իրագործման հարցում, ինչը, անկասկած, թոյլ կը տար թուլացնել լարուածութիւնը եւ խուսափել անիմաստ զոհերից, ինչպէս եւ նախադրեալներ ստեղծել լիարժէք բանակցութիւնների վերսկսման համար:
Այն պայմաններում, երբ հակամարտութեան կողմերի միջեւ վստահութեան մակարդակը գործնականում զրոյական նշագծի վրայ է, շատ բան, ի հարկէ, կախուած է հէնց միջնորդներից, իսկ աւելի ճշգրիտ՝ նրանց հետեւողականութիւնից ու վճռականութիւնից: Յանուն ճշմարտութեան հարկ է նշել, որ միջնորդների խաղաղասէր կոչերի պակաս չկայ, ակնյայտ է, սակայն, որ նման անյուսալի գործընկերոջ հետ յարաբերութիւններում, ինչպիսին Ադրբեջանն է, միայն բանաւոր յայտարարութիւնները խիստ անբաւարար են: Այսպէս, օրերս ԵԱՀԿում Ռուսաստանի ներկայացուցիչ Ա-լեքսանդր Լուկաշեւիչը, հանդէս գալով այդ եւրակազմակերպութեան Մշտական խորհրդի նիստում, կոչ արեց »լիովին հետեւել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած համաձայնութիւններին«: Պէտք է ասել՝ նման յորդորներ, ընդ որում աւելի բարձր մակարդակով, հնչել են եւ աւելի վաղ: Աւաղ, դրանք մնացին որպէս ձայն բարբառոյ յանապատի: Եւ կասկած չկայ, որ նման ճակատագիր է սպասւում եւ ռուսաստանցի միջնորդի ներկայ յորդորին: Կարծում ենք՝ վաղուց հասել է ժամանակը՝ խօսքից գործի, ընդ որում, իրական գործի անցնելու, որն ունակ կը լինի յանգեցնելու իրական արդիւնքի: Եւ այստեղ կը ցանկանայինք հետեւեալն ասել:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկուայում կայացած մամլոյ ասուլիսին յայտարարել է, որ ղարաբաղեան հակամարտութեան գօտում զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման գաղափարի հեղինակը ռուսական կողմն է, որը դեռեւս 2011ին է առաջ քաշել այն՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Միեւնոյն ժամանակ նա խոստովանել է, որ երեք երկրների նախագահների մասնակցութեամբ Սանկտ Պետերբուրգի յունիսեան գագաթնաժողովին այս հարցի շուրջ պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել, քանի որ ադրբեջանական կողմը յամառօրէն պնդում էր, որ հակամարտութեան գօտում զինուած միջադէպերի հետաքննութեան կարիք չկայ: Թէ ինչու է Ադրբեջանը պնդել դա, միանգամայն բացատրելի է. հետաքննութեան մեխանիզմի ներդրումը կը զրկէր նրան հնարաւորութիւնից՝ յետայսու եւս անպատիժ խախտելու հրադադարի ռեժիմը, որպէսզի ժամանակ շահի՝ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով երբեւէ լուծելու յոյսով: Անհասկանալին այլ է. ինչո՞ւ Մոսկուան՝ որպէս այդ միջնորդական նախաձեռնութեան հեղինակ, Ադրբեջանին թոյլ տուել համոզել իրեն դրա իրագործման ոչ նպատակայարմար լինելու մէջ: Եւ դա այն դէպքում, երբ յիշողութեան մէջ դեռ թարմ էին հարիւրաւոր կեանքեր խլած ապրիլեան պատերազմի ողբերգական հետեւանքները:
Մեր կարծիքով, դեռ ուշ չէ, որ Ռուսաստանը Մինսկի խմբի միւս երկու համանախագահների՝ ԱՄՆի եւ Ֆրանսիայի հետ, վերադառնայ հնարաւոր միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի վերաբերեալ պայմանաւորուածութիւնների գործուն իրականացմանը: Խօսքը, կարելի է ասել, համազգեստի պատուի մասին է: Չի կարելի Ադրբեջանին թոյլ տալ այսուհետ եւս քամահրել միջնորդների ջանքերն ու ձեռք բերուած համաձայնութիւնները, ինչը, ինչպէս արդէն բոլորի համար բացայայտ է, բաւականին յետ է շպրտում հակամարտութեան վերջնական կարգաւորումը: Այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ են, ի վիճակի են զսպել Ադրբեջանին ու հասնել ցանկալի արդիւնքի, կասկածի տեղիք չի տալիս: Դա ցոյց տուեցին եւ նոյն ապրիլեան իրադարձութիւնները, որոնք դադարեցուեցին միջնորդների վճռական գործողութիւնների արդիւնքում: Ինչպէս ասում են՝ միայն թէ ցանկութիւն լինէր: Իսկ այն անպատճառ պէտք է լինի, քանզի դրանից է կախուած հազարաւոր մարդկանց եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի ճակատագիրը: