ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Ազատութեան հրապարակում դեռեւս շարունակւում է ազատամարտիկների բողոքի ակցիան. նրանք կառավարութիւնից պահանջում են վերանայել մարտական գործողութիւնների մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշուարկման կարգը եւ այլն: Ազատամարտիկները չեն ընկրկում անգամ իշխանութեան եւ դրան մերձ գտնուող գեներալիտետի (հրամանատարութեան-Խմբ.) կողմից գործադրուող ուժեղ ու երբեմն ցինիզմի (լկտիութեան-Խմբ.) հասնող հոգեբանական ճնշումների առջեւ:
Երկու օր առաջ տեղացած կարկուտի պատճառով գրեթէ ողջ բերքը կորցրած՝ Արարատեան դաշտավայրի տասնեակ գիւղերի բնակիչներ կազմակերպուած փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին, Արմավիր-Մարգարա եւ միջհամայնքային մի քանի ճանապարհներ: Նրանք պահանջում էին փոխհատուցել կրած լրջագոյն վնասները կամ միջոցներ ձեռնարկել բանկերից վերցուած վարկերի վերադարձն առժամանակ սառեցնելու ուղղութեամբ: Չնայած գիւղատնտեսութեան նախարարի եւ Արմավիրի մարզպետի գիւղացիների հետ հանդիպմանը՝ մասնաւորապէս, Մրգաշատ գիւղի բնակիչները չեն դադարեցնում բողոքի ակցիաները, որոնք այսօր արդէն յանգեցրել էին ոստիկանութեան հետ բախումների եւ ծեծկռտուքի:
Ահա այս ամէնի ֆօնին երէկ յայտնի դարձաւ, որ «Հայռուսգազարդ» ընկերութիւնը դիմել է Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին՝ առաջարկելով սովորական սպառողներին մատակարարուող գազի մէկ խմ.ի գինը 132ից հասցնել 221 դրամի, այսինքն՝ սակագինը բարձրացնել մօտ 64 տոկոսով: Դրա յաջորդ օրը յայտնի դարձաւ, որ նախաձեռնութիւն է ցուցաբերուել գազի կտրուկ թանկացման դէմ Մայիսի 16ին կառավարութեան շէնքի դիմաց անցկացնել բողոքի ակցիա:
Նախաձեռնողները հանրութ- եանն ուղղուած իրենց կոչում մասնաւորապէս նշել են. «Սա նշանակում է, որ յանձնաժողովի դրական պատասխանի դէպքում Հայաստանում ամէն ինչ կը թանկանայ՝ հաց-հացամթերք, տրանս-պորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտութեան ապրանքներ, սնունդ եւ այլն: Սա այն պահն է, որ բոլորս համախմբուած պէտք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրաւունքները: Հայ մարդ արթնացի՜ր ու դուրս արի փողոց»: Թէ ովքեր են ակցիայի նախաձեռնողները, այնքան էլ պարզ չէ: Փաստն այն է, սակայն, որ հասարակական շրջանակները դրան արձագանքեցին անսովոր արագ: Նոյնը տեղի ուենցաւ նաեւ կարկուտից տուժած գիւղացիների պարագայում: Մարդիկ դուրս են գալիս փողոց՝ առանց պետական իշխանութեան մարմիններից որեւէ բացատրութիւն պահանջելու վրայ աւելորդ ժամանակ ծախսելու:
Լոկալ բնոյթ կրող այս բողոքի դրսեւորումները պարզորոշ ուրուագծում են, որ Հայաստանում տեղի է ունենում իրավիճակի յստակ փոփոխութիւն. ընտրութիւններով պայմանաւորուած քաղաքական պրոցեսները, ակնկալիքները տրանսֆորմացւում են (փոխակերպւում են-Խմբ.) սոցիալականի: Քաղաքական իրաւունքների պաշտպանութեան համատեքստում հասարակութեանը կոնսոլիդացնել (ամրապնդել-Խմբ.) չյաջողուեց: Հիմա այդ նոյն հասարակութիւնը գնում է ինքնամոբիլիզացման (ինքնակազմակերպման-Խմբ.) արդէն սոցիալական ենթահողի վրայ, եւ դա տեղի է ունենում բացառապէս այն պատճառով, որ մարդիկ այլընտրանք չեն տեսնում եւ պետութեան ու իշխանութեան հետ ընդհանրապէս որեւէ յոյս չեն կապում:
Հայաստանում սոցիալական պայթիւն է հասունանում, եւ սա այն դէպքը չէ, որ հնարաւոր լինի մարդկանց կանգնեցնել աւանդական մեթոդներով՝ ընտրակաշառքով, ահաբեկմամբ, «խաթրով» եւ այլն: Որովհետեւ խնդիրն ուղղակիօրէն առնչւում է հասարակութեան մեծամասնութեան օրուայ հացին, ընտանիքի տարրական սոցիալ-կենցաղային պահանջները բաւարարելուն, աղքատներից չքաւորների վերածուելու հեռանկարին:
Իշխանութիւնը, սակայն, այս ամէնում առայժմ, կարծես, առանձնապէս մեծ վտանգ չի տեսնում: Կարկուտի հասցրած աղէտից օրեր են անցել, սակայն կառավարութիւնը դեռեւս անելանելիութեան մէջ յայտնուած գիւղացիներին ոչինչ չունի ասելու: Գազի գնի բարձրացման քաղաքական որոշումը կայացուել էր փաստացի դեռ մէկ տարի առաջ, սակայն «Հայռուսգազարդը» այդ մտադրութեան մասին միանգամից, շատերի համար անակնկալ յայտնում է միայն հիմա, երբ ետեւում են մնացել ընտրական գործընթացները, եւ խնդիրն այլեւս չի կարող խանգարել իշխանութեան վերարտադրութեան ապահովմանը: Այս հարցը դարձուել էր քաղաքական սպեկուլեացիայի (չարաշահման-Խմբ.) առարկայ, ինչը նշանակում է, որ գոնէ այս մասով իշխանութիւնը անազնիւ է գտնուել սեփական հասարակութեան ու ժողովրդի հանդէպ եւ նրան կանգնեցնում է կատարուած փաստի առջեւ:
Որեւէ մէկը չի վիճարկում, որ գազի սակագնի որոշման մէջ Հայաստանի մասնաբաժինը չափազանց փոքր է, եւ կառավարութիւնն օբյեկտիւօրէն ի վիճակի չէ կասեցնելու այն: Խնդիրը ոչ թէ դրա մէջ է, այլ այն հանգստութեան ու ինքնավստահութեան, որով կառավարութիւնը փաստացի բացայայտում է սեփական ժողովրդին առ այսօր խաբելու, մոլորութեան մէջ պահելու իրողութիւնը: Նման բան իրեն կարող է թոյլ տալ միայն անհաշուետու ու հասարակական վերահսկողութիւնից իրեն կատարելապէս ապահովագրուած համարող գործադիր իշխանութիւնը: Նման պահուածքը պայմանաւորուած է երկու գործօնով:
Առաջին.- Սոցիալական բովանդակութիւն ունեցող բողոքի ակցիաներն առայժմ ընթանում են իրարից անջատ, ինքնաբերաբար: Դրանք ընկալւում են որպէս առանձին խմբերի կողմից պահի ու զգացմունքների ազդեցութեան տակ արուող քայլեր: Դրա համար էլ իշխանութիւնն առայժմ կարողանում է ոստիկականան փոքրիկ ջոկատներով հատիկ-հատիկ ջարդել այս շրջանակների ողնաշարը: Սրանք «որբ» ակցիաներ են, որովհետեւ զուրկ են քաղաքական ու քաղաքացիական աջակցութիւնից, չեն բարձրացւում քաղաքական պահանջների մակարդակի: Այդ ակցիաների թիկունքում քաղաքական ուժեր չկան. որքան իշխանութիւնն է մէջքով շրջուած եղել հասարակական իրական հիմնահարցերից, նոյնքան էլ՝ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնութիւնը: Տեղական բնոյթի այս ակցիաները կարող են շարժման վերածուել միայն փոխադարձ շահերի ընդհանուր առանցքը բացայայտելու եւ այն պաշտպանելու հարցում համախմբուածութիւն ապահովելու պարագայում, ինչը քաղաքական ուժերի խնդիրն է:
Երկրորդ.- Իշխանութիւնը երբեք հասարակութեանը լուրջ չի վերաբերուել: Հնարաւոր չէ լուրջ վերաբերուել մի հասարակութեան, որին հետեւողականօրէն բարոյալքում ես՝ մուրացիկ-կաշառակեր, լիւմպեն դարձնելով, որն, ինքնայարգանքը կորցրած, կարող է սովահար զոմբիների նման յարձակուել եկեղեցու բակում բացուած սեղանների վրայ:
Այս իմաստով գազի գնի բարձրացման շուրջ սկսուող պրոցեսը, ըստ էութեան, ջրբաժանային նշանակութիւն ունի: Փաստացի այս կէտում է որոշուելու՝ մնացե՞լ է, արդեօք, այս հասարակութեան մօտ դիմադրութեան, սեփական իրաւունքների պաշտպանութեան, իշխանութեան հանդէպ պահանջատէր լինելու բաւարար ռեսուրս, ունակութիւն ու ցանկութիւն՝ անգամ այն դէպքում, երբ դանակը հասնում է ոսկորին, թէ՞ ոչ: Միւս կողմից՝ այստեղ է որոշուելու կը կարողանա՞ն գիտակցել քաղաքական ուժերը հասարակութեանն առաջնորդելու պահի լրջութիւնը, թէ՞ կը շարունակեն տապակուել սեփական չբաւարարուած յաւակնութիւնների թաւայում:
«Երկիր»