ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հոկտեմբերի 20ի դիւերսիոն յարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրայ եւ, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թեւակոխող լարուածութիւնը դեռ այս տարուայ Յունիսին թոյլ տուած դիւանագիտական սայթաքման հետեւանքն է: Պաշտօնական Երեւանը սխալուեց այն ժամանակ, երբ Մայիսին Վիեննայում երեք յայտնի պայմանաւորուածութիւնները ձեռք բերելուց յետոյ, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանաւորուածութիւններից բացի, քննարկել նաեւ բուն կարգաւորման գործընթացը, այսինքն՝ երբ հրաժարուեց Ապրիլից մինչ այդ պահը կիրառուող իր նախապայմանային մարտավարութիւնից: Հէնց այդ ժամանակ Երեւանը ներշնչեց Բաքուին, որ կարող է Ռուսաստանի օգնութեամբ ստիպել Հայաստանին եւ միւս համանախագահներին՝ մոռանալ հրադադարի ռեժիմը սահմանագծին ամրապնդելու՝ իր ստանձնած կոնկրետ պարտաւորութիւնների կատարման մասին:
Քանի դեռ Ադրբեջանը բաւարարւում էր շփման գծում հրադադարը միայն հրազէնային միջոցներով խախտելով եւ ինչ որ չափով պահպանում էր յարաբերական կայունութիւնը, հայկական կողմը, քաղաքական, դիւանագիտական առումով, կաշկանդուած էր Սանկտ Պետերբուրգում թոյլ տուած սայթաքումը սրբագրելու հարցում: Սակայն թէ՛ ԼՂին նախկին ԼՂԻՄի կարգավիճակը շնորհելու մասին Ալիեւի յայտարարութեամբ եւ թէ, յատկապէս, դիւերսիոն յարձակումները կատարելով, Բաքուն Երեւանին, կամայ թէ ակամայ, ընձեռում է այդ սխալն ուղղելու հնարաւորութիւն: ԼՂ կարգաւորման հարցով որեւէ բանակցութիւն՝ առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորուածութիւնները կատարելու, այլեւս նշանակելու են վերջնականապէս ընկնել ալիեւեան թակարդը: Ըստ էութեան՝ Սարգսեան-Ալիեւ որեւէ նոր հանդիպում ընդունելի կարող է լինել միայն այն դէպքում, եթէ հանդիպման օրակարգում այդ պայմանաւորուածութիւնների կատարման մեխաիզմների, ժամկէտների յստակեցման հարցերն են եւ ոչ աւելին: Եթէ Ալիեւը կարող է իրեն թոյլ տալ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի հետ խօսել ուլտիմատումների (վերջնագիրներու— Խմբ.) լեզուով, ապա Հայաստանն ու Արցախն առաւել քան ունեն այդ իրաւունքը: Ի վերջոյ, հրադադարի համաձայնագրերը ոչ թէ իրենք են խախտել, այլ Ադրբեջանը, եւ ոչ թէ իրենք են հրաժարւում հրադադարի ռեժիմի ամրապնդման ստանձնած պարտաւորութիւնների կատարումից, այլ Ադրբեջանը:
Հոկտեմբերի 22ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ ԼՂՀ արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Կարէն Միրզոյեանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆի պաշտօնական հաղրոդագրութեան մէջ շեշտւում է, որ ԼՂ հիմնահարցը նրանք քննարկել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների համատեքստում: Ուշագրաւ է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքուից Երեւան եւ Ստեփանակերտ ժամանելու նախօրէին: Պէտք է ենթադրել, որ այն առաջնահերթօրէն հետապնդում է համանախագահների հետ բանակցութիւններում Երեւանի եւ Ստեփանակերտի միասնական դիրքորոշումը ձեւակերպելու նպատակ: Փաստը, որ հանդիպումն ընթացել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորուածութիւնների համատեքստում, թոյլ է տալիս ենթադրել, որ դիրքորոշումների նոյնացումը վերաբերում է առաջին հերթին այդ պայմանաւորուածութիւնների կատարումը որպէս որեւէ նոր բանակցութեան նախապայման ներկայացնելուն: Եթէ Բաքուն չի ցանկանում դրանք կատարել, ուրեմն ցանկացած դէպքում իմաստ չկայ մտնելու բանակցութիւնների մէջ, որովհետեւ մնացած բոլոր տարբերակներում Բաքուն գործում է պատերազմի տրամաբանութեամբ: Իսկ պատերազմին նախապատրաստւում են, ոչ թէ ապաւինում անիմաստ բանակցութիւններին:
Այս իմաստով պէտք է յատկանշական համարել Հոկտեմբերի 21ին ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի՝ ԼՂՀ կատարած այցը: Բացի նրանից, որ դա տեղի ունեցաւ համանախագահների այցի նախօրէին, թերեւս՝ ոչ պատահականօրէն, պաշտօնապէս տեղեկացուեց, որ այցը կայանում է «ռազմական փոխհամագործակցութեան, փորձի փոխանակման եւ գործողութիւնների համադրման ծրագրի շրջանակներում»: ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հետ նախարար Սարգսեանը քննարկել է հայկական երկու հանրապետութիւնների ռազմական համագործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշուել են պաշտպանական ոլորտում իրականացուելիք յետագայ աշխատանքների կարեւորագոյն ուղղութիւնները: Սա կարեւոր ուղերձ պարունակող այց է:
Դեռ ապրիլեան պատերազմի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարեց մշակել Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագիրը: Բայց այն կասեցուեց՝ փաստացի Վիեննայի գագաթաժողովում հայկական կողմի ձեռք բերած դիւանագիտական դիրքային լուրջ առաւելութեան պատճառով: Հիմա, երբ Բաքուն ամէն ինչ անում է այդ առաւելութիւնը չէզոքացնելու համար եւ հետեւողականօրէն վերադառնում պատերազմի հռետորաբանութեանն ու քաղաքականութեանը, Երեւանը միջնորդներին փաստացի հասկացնում է, որ կրկին օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմական փոխօգնութեան համաձայնագիր ստորագրելու հարցը, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ԼՂՀի դէ իւրէ (իրաւապէս-Խմբ.) ճանաչում եւ ուղղակիօրէն Ադրբեջանի հետ պատերազմի մէջ մտնելու իրաւական հիմքերի ստեղծում:
Որ հայկական կողմն իսկապէս աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումը՝ աւելի ու աւելի հակուելով զիջումների չգնալու մօտեցմանը, հաստատեց նաեւ Հոկտեմբերի 21ին Ստեփանակերտում ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի յայտարարութիւնը, ըստ որի՝ «…մենք միշտ պէտք է պատրաստ լինենք արձագանգելու, արձա-գանգելու՝ ինչպէս հակահարուած հասցնելով, այնպէս էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի (դիւերսիոն ներթափանցումների) ցանկութիւնը կանխելու համար»: Փաստօրէն, ՀՀ պաշտպանութեան նախարարը խօսում է հակառակորդի դէմ պատժիչ գործողութիւններ իրականացնելու հնարաւորութեան մասին: Սա նշանակում է, որ թերեւս, անակնկալի բերելու հերթը հայկական բանակինն է, մանաւանդ, որ Ապրիլին խախտուած բնագծերը վերականգնելու խնդիր կայ: Ալիեւն ինքն է իր անպատասխանատու եւ անադեկուատ (ոչ ճիշդ-Խմբ.) վարքագծով տալիս այդ քարտ բլանշը հայկական կողմին, եւ դրանից չօգտուել չի կարելի: