ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուսական «Ռիա Նովոստի»ին տուած հարցազրոյցում ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ ուշագրաւ յայտարարութիւններ է արել: «Տարածաշրջանը (նկատի ունի Արցախը) կարող է դառնալ ինքնավար հանրապետութիւն: Խոհեմ փոխզիջումը հնարաւոր է. ԼՂի բնակչութեան անվտանգութեան, կենսագործունէութեան, ինքնավարութեան ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրականացում, երկու ժողովուրդների խաղաղ գործակցութիւն՝ ԼՂԻՄի կազմից դուրս տարածքների ազատման պայմանով: Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հարցում փոխզիջում չի կարող լինել», ասել է Ալիեւը՝ յաւելելով, որ Ադրբեջանը երբեք չի գնայ ԼՂի անկախութեան ճանաչմանը: Նա նաեւ յայտարարել է, թէ չնայած ներկայումս նման պլաններ չկան, սակայն չի կարելի բացառել ապագայում Ադրբեջանի անդամակցութիւնը ԵԱՏՄին: «Ինտեգրման գնալու համար հարկաւոր է տնտեսական, սոցիալական կամ ցանկացած այլ մոտիվացիա (պատճառարկութիւն-Խմբ.): Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղութեամբ», ասել է նա:
Ըստ էութեան՝ Ալիեւն առաջարկում է զրոյացնել անցած՝ գրեթէ 30 տարիները եւ վերադառնալ 1988թ. ստատուս քուոյին. Արցախը ԼՂԻՄ սահմաններում վերադառնում է Ադրբեջանի կազմում ինքնավարութեան իր նախկին կարգավիճակին, դրան յարակից բոլոր շրջանները, որոնք ներկայիս Արցախի Հանրապետութեան մաս են կազմում, յանձնւում են Ադրբեջանին: Դրա դիմաց Բաքուն, ուշադրութիւն դարձնենք, խոստանում է ապահովել այդ տարածքում հայ ազգաբնակչութեան խաղաղ գոյակցութիւնը: Այսինքն՝ կոմպրոմիսը (փոխհամաձայնութիւնը-Խմբ.) Ալիեւը տեսնում է ոչ թէ նոյնիսկ ինքնորոշման իրաւունքի իրացման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների միջեւ, այլ Ադրբեջանում արցախահայերի ֆիզիկական գոյութեան հետ Բաքուի համակերպման:
Թէեւ գործ ունենք ալիեւեան նոյն մաքսիմալիզմի (ծայրայեղականութեան-Խմբ.) հետ, սակայն հարկ է ուշադրութիւն դարձնել մի քանի հանգամանքի: Նախ՝ Ալիեւի այս յայտարարութիւններն ամբողջութեամբ դուրս են ԼՂ հարցով բանակցային գործընթացի տրամաբանութիւնից եւ ուղղակիօրէն հակասում են Մադրիդեան սկզբունքներին, որոնք, որպէս բանակցութիւնների հիմք, Բաքուն համարել էր ընդունելի: Այդ սկզբունքների վերջին խմբագրութիւններում կամ աշխատանքային հրապարակուած տարբերակում փաստացի խօսքը գնում է ԼՂին միջանկեալ կարգավիճակի շնորհման եւ, որ աւելի էական է, արցախցիներին ինքնորոշման՝ պարտադիր իրաւական ուժ ունեցող կամաարտայայտման իրաւունքի ընձեռնման մասին: Չնայած ինքնին այն փաստը, որ դրանում ժամկէտների հարցը թողնւում էր անորոշ ապագայի, արդէն անընդունելի է դարձնում Մադրիդեան սկզբունքները, սակայն գոնէ ինքնորոշման իրաւունքի մասին այնտեղ խօսւում էր: Հիմա, փաստօրէն, Ալիեւն ասում է, թէ համաձայն չէ նոյնիսկ այդ աղաւաղուած իրողութեանը, ո-րովհետեւ Բաքուն արդէն արցախցիների փոխարէն որոշում է, որ նրանք պէտք է լինեն Ադրբեջանի կազմում եւ ունենան միայն սահմանափակ ինքնավարութիւն: Սա ոչ միայն Մադրիդեան սկզբունքները, այլեւ, առհասարակ, բանակցային ներկայիս գործընթացը մերժելու բացայայտ դէմարշային ակտ է Ադրբեջանի նախագահի կողմից: Նա ե՛ւ Հայաստանին, ե՛ւ միջազգային հանրութեանը ուլտիմատում (վերջնագիր-Խմբ.) է ներկայացում՝ կա՛մ Արցախը Ադրբեջանի կազմում է կա՛մ խաղաղ բանակցային գործընթաց չի լինելու, հետեւաբար՝ այլընտրանքը պատերազմն է:
Դրանցով Ալիեւը, փաստացի հրապարակայնօրէն հրաժարւում է նաեւ այս տարուայ Մայիսին Վիեննայում եւ Յունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից, որոնք, յիշեցնենք, վերաբերում էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դէպքերն արձանագրող տեխնիկական միջոցների տեղակայմանը, ԵԱՀԿ գործող նախագահի մոնիթորինգային (մշտադիտարկումի-Խմբ.) թիմի կազմի ընդլայնմանը, որովհետեւ այդ միջոցառումները նախատեսւում էին ռազմական գործողութիւնների բացառման եւ խաղաղութեան երաշխաւորման պայմաններում բանակցային գործընթացի բնականոն շարունակման համար: Եթէ Բաքուն հրաժարւում է բանակցութիւններից եւ նախընտրում խօսել ուլտիմատումների լեզուով, այդ բոլոր կանխարգելիչ միջոցառումները դառնում են անիմաստ:
Ուշագրաւ է, որ Ալիեւն այս՝ գրեթէ բացայայտ ուղերձները միջազգային հանրութեանը յղում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ մօտ օրերս հակամարտութեան գօտի այցելութեան նախօրէին: Սա ակնարկ է, որ Բաքուն պատրաստ չէ խօսել վիեննական եւ սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւնների կատարման մասին: Դա է վկայում նաեւ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի այն յայտարարութիւնը, թէ Բաքուն միջնորդներից եւ միջազգային հանրութիւնից հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ յստակ քայլեր է պահանջում: Եթէ նկատի ունենանք, որ Ալիեւը կարգաւորման ներքոյ հասկանում է բացառապէս հայկական կողմի կատարեալ կապիտուլիացիան (անձնատուութեան դաշինքը-Խմբ.), ապա Մամեդովը տարածաշրջան եկող համանախագահներից պահանջում է միակողմանի ճնշում գործադրել Հայաստանի վրայ՝ նրան այդ կապիտուլիացիային մղելու համար:
Պատերազմի հռետորաբանութեանն աստիճանաբար վերադառնալու՝ Բաքուի այս մարտավարութիւնը, որն ուղեկցւում է շփման գծում խոշոր տրամաչափի դիպուկահարների կիրառմամբ, իրադրութիւնը դանդաղօրէն լարելով, խօսում է երկու բանի մասին: Առաջին՝ եթէ Ալիեւն այսքան նեարդային կերպով բացառում է ԼՂի անկախութեան ճանաչման հնարաւորութիւնը, այն դէպքում, երբ այս փուլում նման՝ ուղղակի հրամայական չկայ, նշանակում է՝ գտնւում է կա՛մ արցախցիների ինքնորոշման իրաւունքի իրացման՝ ռէալիզացման տեսանկիւնից խեղաթիւրուած սկզբունքին համաձայնելու, կա՛մ վիեննական եւ սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւններից բխող իր պարտաւորութիւնները կատարելու արտաքին՝ չերեւացող ճնշման տակ: Հիմա, փաստօրէն, Բաքուն բազմապատկուած ջանքեր է գործադրում՝ դիմակայելու այդ ճնշմանը եւ դրա համար կրկին ապաւինում է Ռուսաստանի աջակցութեանը: Թերեւս հէնց այս համատեքստում պէտք է ընկալել նրա թափանցիկ ակնարկը ԵԱՏՄին Ադրբեջանի միանալու հնարաւորութեան մասին:
Երկրորդ՝ որքան նեարդայնանում է Բաքուն, այնքան մեծանում է նոր մեկնարկային վիճակ առաջացնելու եւ ստատուս քուօն փոխելու նպատակով առաջացած փակուղին ռազմական նոր արկածախնդրութեամբ ճեղքելու փորձի հեռակարը: Թէեւ ապրիլեան պատերազմից յետոյ Բաքուն այլեւս չի կարող խաղարկել անակնկալի էֆեկտը (ազդեցութիւնը-Խմբ.), սակայն որեւէ կասկած չկայ, որ իրականութեան զգացումը կորցրած Ալիեւից սպասելի է ամէն ինչ, եթէ կարողանայ աշխատեցնել Ռուսաստանին որսալու՝ ԵԱՏՄին իր անդամակցութեան խայծը: Ալիեւն իր այս յայտարարութիւններով էականօրէն մեծացնում է նոր պատերազմի ռիսկը: