ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով երէկ պաշտօնանկ արուեց Պետեկամուտների կոմիտէի՝ ընդամէնը վեց ամիս առաջ նշանակուած նախագահ Յովհաննէս Յովսէփեանը: Նրա փոխարէն այդ պաշտօնում նշանակուեց ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ» ընկերութեան հայաստանեան դուստր ընկերութեան՝ «Գազպրոմ Արմէնիա» ՓԲԸ վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն Վարդան Յարութիւնեանը: Այսօր վարչապետ Կարապետեանը ՊԵԿ աշխատակազմին ներկայացրեց կոմիտէի նորանշանակ նախագահին՝ յս-տակեցնելով հարկային եւ մաքսային ոլորտներում այն հիմնական ուղենիշները, որոնց վրայ հիմնուած է լինելու առհասարակ նոր կառավարութեան հարկաբիւջետային քաղաքականութիւնը:
ՊԵԿ նախագահի պաշտօնում նշանակումը եւս կատարուեց առանցքային երեք սկզբունքի հիման վրայ. անձամբ վարչապետի համար անձնական վստահելիութիւն, պրոֆեսիոնալիզմ եւ գործադիր իշխանութեան հնարաւորինս ապաօլիգարխացում: Յարութիւնեանի նշանակմամբ Կարապետեանն ամբողջացնում է կառավարութեան տնտեսական բլոկի իր թիմը, որին ակնյայտօրէն գործադիրի լոկոմոտիվի (առաջատարի-Խմբ.) դերն է վերապահուելու ոչ միայն եւ թերեւս ոչ այնքան սահմանուած ցուցանիշներն ըստ պլանի ապահովելու, որքան նորարարական ռազմավարական եւ մարտավարական լուծումներով տնտեսական եւ բիւջետային քաղաքականութեան փիլիսոփայութիւնը նոմենկլատուրայինից (անուանացանկա-յինէն-Խմբ.) աւելի գործարարական դարձնելու համար:
Այս համատեքստում պէտք է դիտարկել նաեւ ՀՀ ֆինանսների երկարակեաց փոխնախարար Պա-ւել Սաֆարեանի պաշտօնանկութիւնը: Սաֆարեանն աւելի քան 20 տարի առանց չափազանցութեան հանդիսանում էր վարուող տնտեսական քաղաքականութեան առանցքային ճարտարապետներից մէկը: Նա այնքան ներդաշնակ էր քարացած տնտեսական համակարգին եւ այնպիսի խորութեամբ գիտեր այդ համակարգի նրբութիւններն ու դրանում կոնիւկտուրային (իրադրութիւններու-Խմբ.) եւ քաղաքական շահերի, ակնկալիքների ներկապնակը, որ ֆինանսատնտեսական բլոկի խաղացողները, նախարարներն իրենք էին յարմարւում նրան: Նման ֆիգուրից ազատուելով, ինչպէս նաեւ պետական եկամուտների հաւաքագրման համակարգը գործարար աշխարհի ներկայացուցիչ-կառավարչին վերապահելով՝ վարչապետը ուղերձ է յղում, որ այս ոլորտում մօտեցումներն իսկապէս լինելու են նորարական, ոչ ստանդարտ եւ որ շատ աւելի կարեւոր է՝ դրանք փորձելու են բխեցնել ոչ թէ քաղաքական, վարչական կոնիւկտուրայի, այլ տնտեսվարողների շահերից:
Որ Կարապետեանին այստեղ լայն ազատութիւններ են տրուել եւ նա գործում է վստահութեան քաղաքական մանդատի (լիազորութիւններու—Խմբ.) հիման վրայ, հաստատում է երկու իրողութիւն: Առաջին՝ երէկ Նիւ Եորքում ընթացող՝ Հայաստանում ամերիկեան ներդրումների ներգրաւմանն ուղղուած խոշոր համաժողովի առաջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել է. «Ընդամէնը օրեր առաջ կազմաւորուած ՀՀ նոր կառավարութիւնը լայն լիազօրութիւններ է ստացել համարձակ առաջ մղելու իրաւական եւ ինստիտուցիոնալ (համակարգային-Խմբ.) բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ աւելի գրաւիչ դարձնելով ինչպէս տեղական, այնպէս էլ արտասահմանեան ներդրողների համար»: Կարելի է ասել՝ տնտեսական եւ հարկաբիւջետային անկախ քաղաքականութիւն իրականացնելու՝ կառավարութեանը տրուած մանդատը ներկայացւում է որպէս ձեռքբերում եւ արտաքին ներդրողներին հայաստանեան շուկաներ ներգրաւելու նախադրեալ:
Երկրորդ՝ ինքնին խօսուն փաստ էր վեցամսեայ պաշտօնավարումից յետոյ Պեկ նախկին նախագահ Յովհաննէս Յովսէփեանի պաշտօնանկութիւնը: Նա նախագահ Սերժ Սարգսեանի ամենավստահելի կադրերից էր, եւ այդ պաշտօնն ստանձնել էր հէնց նրա քուոտայով (քուէով-Խմբ.) ու երաշխաւորութեամբ: Վարչապետը հասկացնում է, որ իր համար անձեռմխելիներ չկան:
Սակայն որքան էլ ակնյայտ լինեն կադրային այս փոխատեղումների նպատակները, էականն այն է, թէ որքանով են վերացուելու տնտեսական զարգացմանը եւ ներդրումների ներգրաւմանը խոչընդոտող հիմնական գործօնները:
Յարութիւնեանին ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելիս վարչապետը երկու հիմնական առաջնահերթութիւն է նշել: Նախ՝ բիւրոկրատական (դիւանակալային-Խմբ.) ու վարչարարական քաշքշուկներից գործարարներին հնարաւորինս ազատելն ու հարկային դաշտում գործող բարեխիղճ հարկատուներին չվնասելը, երկրորդ, որն իրաւամբ կարելի է շրջադարձային համարել՝ հիմնովին վերանայել ապրանքների ներմուծման ոլորտում «հսկիչ գներ»ի քաղաքականութիւնը՝ կիրառելով այսպէս կոչուած վստահելի եւ անվստահելի երկրներից կատարուած ներմուծումների դէպքում ներկայացուող ինվոյսների տարանջատման սկզբունքը: Սրանք իսկապէս կարեւոր նախաձեռնութիւններ են, որոնց անհրաժեշտութիւնը կառավարութեան առջեւ գործարարները մշտապէս էին բարձրացնում:
Բայց դրանց տնտեսական էֆեկտը (հետեւանքը, ազդեցութիւնը-Խմբ.)ը համեմատաբար աւելի թոյլ է այն հիմնական մարտահրաւէրների համեմատ, որոնց պատճառով հայաստանեան տնտեսութիւնը շնչահեղձ է լինում: Խօսքն առաջին հերթին վերաբերում է ոչ ֆորմալ դաշտում գործող արհեստական մենաշնորհներին, որոնց ազդեցութիւնը մեծ է յատկապէս ներմուծման ոլորտում եւ ուղղակիօրէն կապուած է առաջին հերթին մաքսային ծառայութեան կողմից խաղի անհաւասար կանոններով գործելու արատաւոր երեւոյթի հետ: Թերեւս, տեղին է նշել, որ ՊԵԿ նոր նախագահը եկել է հայաստանեան գազաէներգետիկ շուկայում մոնոպոլ (մենաշնորհ-Խմբ.) կարգավիճակ ունեցող ընկերութիւնից: Եւ ուզի թէ չուզի, նա խնդիր ունի ապացուցելու, որ չի գործելու այդ ընկերութեան շահերը քաղաքական մակարդակում պաշտպանելով, եւ չենք ունենալու շահերի բախման երեւոյթ:
Նոր ՊԵԿ նախագահի երկրորդ հիմնական խնդիրը տնտեսութեան ստուերային շրջանառութեան ծաւալներն են, որը չի փոխւում խոշոր տնտեսվարողների ու յատկապէս ներկրողների շահերի հետեւողական պաշտպանութեան, հովանաւորման եւ այդ շահերին փոքր ու միջին բիզնեսի զոհաբերման պատճառով: Դրանում համոզուելու համար բաւարար է ընդամէնը հպանցիկ հայեացք նետել ամենախոշոր հինգ հարիւր հարկատուների ցուցակի կառուցուածքին:
Կը կարողանա՞յ նոր ՊԵԿ նախագահը մտնել «գորդեան այս հանգոյց»ի խորքերը եւ փորձել քանդել այն: Սա խնդիր է, որը ոչ միայն մասնագիտական ու մենեջերական (տնտեսվարական-Խմբ.) կարողութիւններ է պահանջում, այլեւ քաղաքական կամքի գործադրում: Պէտք է յուսալ, որ ՊԵԿի առջեւ դրուած նոր, իսկապէս ողջունելի նպատակների առարկայական յաղթահարումը իրական բարեփոխումների սկիզբը կը լինի: