Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ներիշխանական Բո՞ւնտ (Յեղաշրջում) Է Հասունանում

$
0
0

Congress of the Republican Party of Armenia at the Sport and Concert Complex after K. Demirchyan

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Սուրիկ Խաչատրեանն ազատուեց Սիւնիքի մարզպետի պաշտօնից: Սեպտեմբերի 8ին, երբ ՀՀԿ խորհրդի նիստում հաստատուեց Կարէն Կարապետեանի թեկնածութիւնը վարչապետի պաշտօնում, Խաչատրեանը լրագրողներին տուած ճեպազրոյցում յայտարարել էր, թէ անկախ կառավարութեան փոփոխութիւնից, ինքը շարունակելու է պաշտօնավարել: Նրա պաշտօնանկութեամբ քաղաքական իշխանութիւնը փաստացի ասում է, որ անփոխարելիներ չկան, եթէ անգամ խօսքը վերաբերում է Սիւնիքի ամենազօր թուացող նախկին մարզպետին:

Սուրիկ Խաչատրեանի պաշտօնանկութիւնը խորհրդանշում է ներքին բովանդակային լրջագոյն փոփոխութիւնների գնալու, օդիոզ (անցանկալի-Խմբ.) դէմքերից ազատուելու, քրէական տարրերի եւ օլիգարխիայի հետ ասոցացուող (միացող-Խմբ.) անհատներին պետական կառավարումից օտարելու՝ իշխանութեան տրամադրուածութիւնը: Այն փաստացի մեկնարկեց նախորդ կառավարութեան հրաժարականով եւ ծաւալուեց նոր կառավարութեան կազմում շատ կոնկրետ անձանց չընդգրկուելով: Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր կառավարութեան նիստում յայտարարել է, թէ կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլեւ առաջին հերթին հաւաքական մտածողութեան եւ հաւաքական վերաբերմունքի փոփոխութեան հարց է լուծում: «Միգուցէ մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թէ ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականութիւնը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը», ասել է նա:

Փաստը, որ Սուրիկ Խաչատրեանն առաւել քան համոզուած էր, որ կադրային (աշխատակիցներու կազմի-Խմբ.) ջարդն իրեն չի վերաբերելու, վկայում է ոչ միայն իշխանութիւնից կառչած մնալու նրա ցանկութիւնը, սկս-ուած փոփոխութիւններին նրա անհամաձայնութիւնը, այլեւ նաեւ վստահութիւնը, որ իշխանութիւնը չի կարող հրաժարուել իրենից եւ այն ռեսուրսից (դրամական միջոցներէն-Խմբ.), որ Սիւնիքի մարզում իրենով պայմանաւորուած ծառայում է քաղաքական իշխանութեան դիրքերին: Դիմադրութեան ակնյայտ դրսեւորում էր նաեւ իր հրաժեշտի ելոյթում նախկին վարչապետի արած այն ակնարկները, թէ ինքն ակտիւ քաղաքականութիւնից դուրս չի գալու:

«Հեռացողների» նման ռէակցիան հաստատում է, թէ նախաձեռնուած փոփոխութիւնները որքան ցաւոտ են խոստանում լինել հէնց իշխանութեան եւ իշխանական հիերարխիայի (նուիրապետութեան-Խմբ.) համար, որովհետեւ այս կոնտինգենտը (համակազմը-Խմբ.) չի ցանկանում կորցնել դիրքերն ինչպէս քաղաքական, այնպէս էլ պետական կառավարման համակարգում: Հիմա ողջ հարցն այն է, թէ ինչպէս են այս շրջանակները պատասխանելու իրենց նկատմամբ վարուող այս «մեկուսացման» քաղաքականութեանը: Իրավիճակն ա-ռանձնայատուկ է նրանով, որ այս կոնտինգենտը, որը մշտապէս դիտարկուել է իբրեւ ընտրութիւնից ընտրութիւն գործող իշխանական թիմի յաղթանակն ապահովող կռուաններից մէկը,  թիրախաւորւում է հէնց խորհրդարանական ընտրութիւններից գրեթէ անմիջապէս առաջ: Ի տարբերութիւն նախորդների, 2017թ. ընտրութիւններն առանձնանալու են նրանով, որ բացառուելու են ընտրատարածքներում կիրառուող աւանդական կեղծարարական մեթոդները: Գիւմրու եւ Վանաձորի ՏԻՄ ընտրութիւնները հայելային կերպով բացայայտեցին, որ ընտրութիւնների ելքի վրայ հիմնական ազդող ռեսուրսը լինելու է ընտրատեղամասերից դուրս իրականացուող ընտրողների մոբիլիզացիան (կազմաւորումը-Խմբ.)՝ նրանց սոցիալ-կենցաղային կարիքները բաւարարելու դրսեւորումներով: Իսկ դա հէնց այն ռեսուրսն է, որին տիրապետում են ներկայումս համակարգային փոփոխութիւնների անիւների տակ յայտնուող շրջանակները: Եւ հիմա հարց է առաջանում՝ նրանք շարունակելո՞ւ են այդ ռեսուրսը տրամադրել կառավարման մերիտոկրատական (կառավարման ձեւ, որ հիմնուած է արժանիքներ ունեցող մարդոցմէ կազմուած կառավարութենէ-Խմբ.) սկզբունքին անցնելու փորձ անող իշխանութեանը, թէ ոչ: Չտրամադրելու դէպքում մեծանալու են ՀՀԿի խնդիրները: Եւ շատերի համար հէնց սա է հանելուկը. այս մարդկանցից հրաժարուելու դէպքում ինչի՞ վրայ են ՀՀԿում յոյսը դնելու եւ արդեօք այս գործընթացը նշանակում է, որ ՀՀԿն իսկապէս փորձո՞ւմ է տեղաւորուել արդար, հաւասար մեկնարկային հնարաւորութիւններով մրցակցութեան սահմաններում, թէ, այնուամենայնիւ, այս ամէնը ժամանակաւոր եւ հետեւաբար իմիտացիոն (կրկնօրինակուած-Խմբ.) բնոյթ է կրում: Սերժ Սարգսեանը իշխանութեան հանդէպ վստահութեան վերականգնման առումով լուջ խաղադրոյք է կատարում նոր կառավարութեան եւ վարչապետ Կարապետեանի վրայ: Դա էր, ըստ էութեան, կառավարութեան այսօրուայ նիստում նախարարներին ու վարչապետին ուղղուած նրա խօսքի ենթատեքստը, հիմնական ուղերձը: Եւ գուցէ իսկապէս հէնց այդ վստահութեան վերականգնման միջոցո՞վ է Սերժ Սարգսեանը մտածում լրացնել «անցանկալիների» մեկուսացմամբ առաջացող բացը, վակուումը (պարապութիւնը-Խմբ.):

Եթէ այդպէս է, պէտք է սպասել ներիշխանական լուրջ խմորումների, որովհետեւ ամենեւին չի բացառւում, որ այս «հեռացող» կոնտինգենտը կը փորձի զուտ դժգոհութիւնից անցում կատարել կազմակերպուած դիմադրութեան, ներքին դեմարշի (դիւանագիտակական ելոյթի-Խմբ.): Եթէ անգամ դա չդրսեւորուի քաղաքական նոր միաւորում ստեղծելով, միանգամայն հաւանական է, որ կը դրսեւորուի ՀՀԿին մրցակից ուժերին կամ որեւէ առանձին վերցրած ուժի բացայայտ կամ թաքուն աջակցութիւն ցուցաբերելով, իրենց ռեսուրսները նրանց տրամադրութեան տակ դնելով: Այնպէս որ սա ամենեւին էլ այդ կոնտինգենտի վերջը չէ: Եւ այդքան հեշտ չէ ազատագրուել նրանց ազդեցութիւնից, որքան թւում է առաջին հայեացքից: Չնայած չի կարելի բացառել, որ նախագահը կարողացել է նրանց համոզել «յանձնուել»: Այսինքն՝ ներշնչել, որ ստեղծուած իրավիճակում մեկուսացումը լաւագոյն ելքն է, հակառակ դէպքում իշխանութեան հետ միասին նրանք եւս կը կորցնեն ամէն ինչ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles