ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Բաքւում կատաղաբար դիմադրում են ղարաբաղեան հարցում իրադարձութիւնների բնականոն զարգացմանը:
Ինչպէս յայտնի է, Ապրիլի 26ին ճանաչողական կարճատեւ այցով ԼՂՀում էր գտնւում Եւրախորհրդարանի Եւրոպական միութիւն¬Հայաստան բարեկամութեան խորհրդարանային խմբի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւորների համատեղ պատուիրակութիւնը, որը հանդիպում է ունեցել ղարաբաղեան խորհրդարանի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Օրեր առաջ՝ Ապրիլի 24ին, Երեւանում Եւրոպական խորհրդարանի ԵԽ¬Հայաստան բարեկամութեան խմբի ներկայացուցիչների հետ հանդիպել էր ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանը:
Զրոյցների ընթացքում ԼՂՀի ղեկավարները նշել են, որ Եւրոպայի հետ յարաբերութիւնների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը: Մասնաւորապէս ընդգծուել է եւրոպական տարբեր կառոյցների հետ ԼՂՀի կապերի հաստատման ու խորացման կարեւորութիւնը, եւ այդ համատեքստում խօսք է բացուել նաեւ խորհրդարանական դիւանագիտութեան յետագայ զարգացման մասին:
Կարելի է ասել՝ ԼՂՀի ազատ ինքնորոշման իրաւունքի՝ մի շարք երկրներում խորհրդարանական մակարդակով ճանաչման մէկ տարի առաջ սկսուած գործընթացն արդէն զարգացման կայուն միտում է ձեռք բերում, եւ Եւրոխորհրդարանի պատուիրակութեան այցը հարկ է, թերեւս, դիտել որպէս նրա տրամաբանական շարունակութիւն: Սակայն չենք սխալուի, եթէ նշենք, որ նրան զուգահեռ մէկ այլ՝ մինուս (բացասական-Խմբ.) նշանը կրող գործընթաց է գնում, որն Ադրբեջանն է տանում՝ նպատակ ունենալով հակազդել ԼՂՀի՝ իր փաստացի անկախութեան միջազգային ճանաչման հասնելուն ուղղուած ջանքերին: Որպէս արդիւնք՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփումներ հաստատելու՝ արտասահմանեան կառոյցների ներկայացուցիչների ցանկացած նախաձեռնութիւն պաշտօնական Բաքուի կատաղի դիմադրութեանն է հանդիպում:
Ինչպէս դիւրին է կռահել, բացառութիւն չդարձաւ նաեւ Եւրոխորհրդարանի պատուիրակութեան այցն Արցախ: Եւրոպական պատգամաւորների պատուիրակութեան անդամները դեռ չէին հասցրել տարածաշրջանից հեռանալ, երբ ադրբեջանական կողմը հանդէս եկաւ այցի զայրալից դատապարտումով ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու սպառնալիքներով: Այսպէս, Ադրբեջանի Միլլի մէջլիսի (խորհրդարանի) խօսնակ Ասադովը, դատապարտելով պատուիրակութեան ուղեւորութիւնը Լեռնային Ղարաբաղ, յայտարարեց, որ ինքը նամակով կը դիմի Եւրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Իսկ ի՞նչն է զայրացրել միջազգային յարաբերութիւններում նամակագրական ժանրի այդ սիրահարին: Պարզւում է՝ այն փաստը, որ ԼՂՀ այցելած պատգամաւորները… ժողովրդի ինքնորոշման իրաւունքն աւելի բարձր են դասում տարածքային ամբողջականութեան սկզբունքից: «Ֆրանսիացի պատգամաւոր Վալերի Բուայէն ասել է, որ իրենց նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անկախութիւնը: Մենք դատապարտում ենք այդպիսի քայլերը», յայտարարել է Ասադովը: Կարծում ենք՝ նման փաստարկը կարող է այդ ուղերձի հասցէատիրոջ սոսկ հեգնական ժպիտը յարուցել:
Իսկ եթէ աւելի լուրջ՝ ապա Ադրբեջանը երկիւղելու պատճառ իրօք ունի: Նա չի կարող չնկատել, որ այսօր աշխարհում աւելի ու աւելի մեծ նշանակութիւն է ձեռք բերում ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, որը դրւում է այս կամ այն էթնօքաղաքական հակամարտութեան լուծման հիմքում: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղը չի կարող այդ օբյեկտիւ զարգացումներից դուրս մնալ, ինչը կախուած չէ Ադրբեջանի կամքից կամ քմահաճոյքից: Ներկայումս սկսուել է քաղաքական մեկուսացումից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման իւրօրինակ գործընթաց, ինչը կարելի է տեսնել Եւրոմիութեան անդամներ Լիտուայի ու Ֆրանսիայի օրինակով, որոնք ստեղծել են ԼՂՀի հետ բարեկամութեան խմբեր: Նոյն Վալերի Բուայէն նշել է, որ իրենք պարտաւորութիւն են ստանձնել նպաստել միջազգային մակարդակով Արցախի մասին տեղեկացուածութեան բարձրացմանը: «Արցախը հիմնուած է ազատութեան, ժողովրդավարութեան եւ ինքնորոշման սկզբունքների վրայ, եւ աշխարհը պէտք է իմանայ, թէ այդ սկզբունքներն ինչպէս են կիրառւում այս երկրում», ասել է նա: Նրա խօսքերով՝ պէտք է միահամուռ աշխատել բոլոր՝ քաղաքական, սոցիալական եւ մշակութային մակարդակներում, որպէսզի նպաստել ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը եւ վերականգնել արդարութիւնը:
Ամէն անգամ՝ ԼՂՀի արտասահմանեան շփումների առնչութեամբ «մեղանչած» երկրների եւ միջազգային կառոյցների գլխին բողոքի նոտաների ու զայրալից նամակների տարափ տեղալով՝ Ադրբեջանը որպէս իր փաստարկներից մէկն է բերում հնարաւոր սպառնալիքը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին: Միթէ՞ անհեթեթ չէ, որ նման բան հնչեցւում է այն երկրում, որտեղ ոչ միայն բանակցելու պատրաստակամութիւն չեն ցուցադրում, այլեւ նոյնիսկ նոր պատերազմ սանձազերծելու իրենց մտադրութիւնը չեն թաքցնում: Ուստի բանը ոչ միայն, աւելի ճիշդ՝ ոչ այնքան բանակցային գործընթացի ճակատագրով Ադրբեջանի մտահոգուածութեան մէջ է: Խնդիրն այն է, որ պաշտօնական Բաքուն ԼՂՀի երկկողմ յարաբերութիւնների, ներառեալ նաեւ միջխորհրդարանական կապերը, զարգացման մէջ տեսնում է սպառնալիք ոչ թէ կարգաւորման գործընթացին, այլ Արցախի միջազգային մեկուսացմանը եւ համաշխարհային հանրակցութեան աչքում նրան վարկաբեկելուն ուղղուած սեփական բազմամեայ քաղաքականութեանը: Քանզի արտաքին աշխարհի հետ Արցախի ուղղակի կապերը, այցերի փոխանակումը պսակազերծ են անում այն սուտը, որն Արցախի մասին արդէն վաղուց եւ հետեւողականօրէն տարածում է Ադրբեջանը: Ի յաւելումն դրան՝ թոյլ են տալիս համեմատել ժողովրդավարութեան հարցում իրական վիճակը Ադրբեջանում եւ ԼՂՀում, եւ համեմատութիւնն այդ ամենեւին առաջինի օգտին չէ: Ինչպէս ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ նշել է ԵԽ¬Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ Էլենի Թէոխարուսը, Արցախը՝ դա ակտիւօրէն զարգացող ժողովրդավարութիւն է, եւ մարդկանց այստեղ յաջողուել է ստեղծել այն նոյն սկզբունքների վրայ հիմնուած արժէքների համակարգ, որոնք առկայ են արեւմտեան քաղաքակրթութիւնում:
Վերջին ժամանակների իրադարձութիւնները վկայում են, որ Բաքուի իշխանութիւնների ուժից վեր է կանգնեցնել Արցախի ժողովրդի ինքնուրոյն եւ ազատ կեանքի իրաւունքի ճանաչման գործընթացը: Ուստի Հայաստանի եւ Արցախի դիւանագիտական ջանքերը, հայկական Սփիւռքի գործունէութիւնը՝ ուղղուած ԼՂՀի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման հասնելուն, պէտք է շարունակուեն, որպէսզի այդ միտումներն ամրապնդուեն: