Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Խաղադրոյք՝ Մարած Խաղաքարտի Վրայ. Ո՞րն է Տրամաբանութիւնը

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

2012ին 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը, որն արտայայտուեց բացառապէս Վիճակագրական ծառայութեան գրոտած թղթերի վրայ, դարձաւ Տիգրան Սարգսեանի կառավարութեան վերանշանակման հիմնական պատճառաբանութիւնը: Եւ հիմա, երբ ոչինչ վերադարձնել այլեւս հնարաւոր չէ, իշխանութիւնը՝ ի դէմս ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի, խոստովանում է, որ եթէ անգամ նման աճ արձանագրուել է, սովորական քաղաքացին դրանից ոչինչ չի ստացել: «Ես խոստովանում եմ, որ սովորական քաղաքացիները 2012ի տնտեսական աճից չեն սկսել աւելի լաւ ապրել», ասել է նա՝ «Ռեգնում» գործակալութեանը տուած հարցազրոյցում:
Կազմաւորելով ձեւով նոր, բայց բովանդակութեամբ հին կառավարութիւնը՝ նախագահ Սերժ Սարգսեանը վերջինիս առջեւ հիմա էլ «նոր» խնդիրներ է դնում: Վարելով այս կառավարութեան առաջին նիստը եւ դիմելով նորանշանակ նախարարներին՝ նա ասում է հետեւեալը. «Ընթացիկ տարում էլ նոյն խնդիրն է դրուած: Բայց այսուհետ մենք ձեր գործունէութիւնից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարութեան գործունէութեան արդիւնաւէտութեան եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ (յստակ-Խմբ.) ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թէ՝ ի՞նչ է արուել, այլ արուածն ի՞նչ արդիւնքներ է տուել: Եւ այդ արդիւնքները պէտք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների աւելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի (բաժնի-Խմբ.) աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ տարբեր գործիքների օգտագործմամբ նաեւ պետական հատուածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացուած պետական համակարգի օպտիմալացումն (կրճատումն-Խմբ.) է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»:
Իրականում Սերժ Սարգսեանը կառավարութիւնից ոչ մի նոր, յեղափոխական բան չի պահանջում, տրուած յանձնարարականներն իրենց մէջ ոչ մի կոնկրետութիւն չեն պարունակում: Նախ՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին պահանջը գործնականում կարելի է կատարուած համարել, որովհետեւ այդ ուղղութեամբ աշխատանքները սկսուել էին շատ աւելի վաղ: Դեռ մարտին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էր Սերժ Սարգսեանը խօսում այդ մասին՝ նոյնիսկ նշելով, որ աշխատավարձերի ու հնարաւոր է՝ կենսաթոշակների բարձրացումը լինելու է շօշափելի: Այսինքն՝ այս իմաստով կառավարութիւնն ընդամէնը շարունակելու է որդեգրած գիծը: Նոյնը վերաբերում է նաեւ պետական կառավարման ուռճացուած համակարգի օպտիմալացմանը:
Դեռ անցած տարի Տիգրան Սարգսեանը յայտարարեց պետական կառավարման համակարգում, այսպէս կոչուած, «գիլիոտինի» (գլխատման-Խմբ.) գործընթաց սկսելու նախաձեռնութեան մասին, որի իմաստը ստուգումների, տեսչաւորումների, ծառայութիւնների մատուցման ոլորտում բիւրոկրատական (վարչարարական-Խմբ.) քաշքշուկների կրճատումն է, դրանց ուղղուած օրէնսդրական դաշտի օպտիմալացումը, համարժէք կադրային (անձնակազմի-Խմբ.) քաղաքականութեան իրականացումը: Սեպտեմբերի 1ին նոյնիսկ ստեղծուեց Տնտեսական ոլորտը կարգաւորող իրաւական ակտերի բարեփոխումների խորհուրդը՝ օրէնսդրութեան մոնիթորինգի (վերահսկման-Խմբ.) եւ այս գործընթացի տրամաբանութիւնից բխող օրէնսդրական փոփոխութիւնների նախագծերը մշակելու նպատակով: ԱԺի այս նստաշրջանում արդէն իսկ քննարկուել են մէկ-երկու նման օրինագծեր: Ընդ որում՝ կառավարութիւնն այս պրոցեսն (գործընթացը-Խմբ.) իրականացնում է Աւստրիայի զարգացման գործակալութիւնից տրամադրուած մօտ 500 հազար եւրօ դրամաշնորհի շրջանակներում: Այսինքն նաեւ այս մասով փաստացի Սերժ Սարգսեանը կառավարութեանը ոչ թէ նոր յանձնարարութիւն է իջեցնում, այլ ընդամէնը ակնարկում է սկսած պրոցեսը շարունակելու եւ տրամաբանական աւարտին հասցնելու մասին:
Խօսելով կառավարութիւնից ակնկալուող որակական արդիւնքների մասին՝ Սերժ Սարգսեանը ոչ մի կոնկրետ չափորոշիչ, սակայն, չի սահմանում: Այսինքն՝ երբ գայ «ճտերը հաշուելու» ժամանակը, հնարաւոր չի լինելու կոնկրետացնել, թէ կառավարութիւնը որքանով կարողացաւ լուծել իր առջեւ դրուած խնդիրը: Սա Տիգրան Սարգսեանի համար շատ աւելի հեշտ յաղթահարելի է, քան նոյնիսկ 2012ին 7 տոկոսանոց տնտեսական աճի գրանցումը: Որովհետեւ անկախ նրանից՝ ինչ չափով կը բարձրացուի միջին աշխատավարձը, ինչ չափով կը կրճատուեն ստուգող, վերահսկող մարմինների գործառոյթները, միշտ էլ հնարաւոր է լինելու պնդել, թէ գործադիրն իրենից պահանջուածն արել է: Այսինքն՝ նախագահը կրկին կարող է յենուել ցուցադրուելիք, թղթէ արդիւնքների վրայ ու պնդել, որ կառավարութիւնն աշխատել է արդիւնաւէտ, հետեւաբար՝ իրեն չի կարող բարոյական իրաւունք վերապահել նեղացնել նման կառավարութեանը, առաւել եւս կադրային փոփոխութիւններ կատարել այնտեղ:
Թերեւս պատահական չէր, որ նախագահն այս անգամ չխօսեց աշխատավարձերը գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով (արագութեամբ-Խմբ.) աւելացնելու մասին, առաւել եւս շարունակում է ընդհանրապէս չխօսել նուազագոյն աշխատվարձը իրական նուազագոյն սպառողական զամբիւղին գոնէ համարժէք դարձնելու մասին: Մինչդեռ փոփոխութիւնների, տարատեսակ տնտեսական ու սոցիալական ծրագրերի արդիւնաւէտութեան իրական ցուցիչը հէնց այս յարաբերակցութեան մէջ է, դրանով է չափուելու՝ որքանով է բարձրացել մարդկանց կենսամակարդակը, որքանով է կրճատուել աղքատութիւնը: Անտեսել այս հանգամանքը՝ նշանակում է ընդամէնը ջուր ծեծել, հասարակութեան մօտ աւելորդ անիմաստ սպասումներ առաջացնել եւ, ի վերջոյ, կառավարութեան անգործութիւնն արդարացնելու բաւարար հիմքեր ստեղծել յետագայի համար:
Առաջիկայ 20 օրերին կառավարութիւնը, ըստ Սահմանադրութեան, պէտք է նոր ծրագիր ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Թերեւս հէնց դրանից էլ պարզ կը լինի՝ առաւելագոյն ու նուազագոյն ինչ նպատակներ է սահմանում գործադիրը ոչ միայն սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակը բարելաւելու, այլ նաեւ արտագաղթը կանխելու առումով: Սակայն դրանից ոչինչ չի փոխուելու: Պատճառը ոչ թէ տապալուած քաղաքականութեան շարունակականութեան որդեգրում է, այլ ինքնին տապալուած կառավարութեան վրայ կրկին խաղադրոյք կատարելը: Այն մօտեցումը, որը որդեգրել է Սերժ Սարգսեանը կադրային քաղաքականութեան ոլորտում, չի ենթարկւում որեւէ տրամաբանութեան. հնարաւոր չէ արդիւնաւէտ կառավարում, փոփոխութիւններ ակնկալել մի կառավարութիւնից, որն ունեցել է այդ շանսը (հնարաւորութիւնը-Խմբ.) եւ յաջողութեամբ այն տապալել: Սա նոյնն է, թէ ներդրումներ կատարես մի բիզնես ծրագրում, որն իրականացնողների ռեզիւմէն (աշխատանքային կենսագրութիւնը-Խմբ.) նախկին նմանատիպ բոլոր ծրագրերի ձախողումն է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles