ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ադրբեջանի զանգուածային լրատուամիջոցները հաղորդել են, որ Յուլիսի 18ին երկրի Սահմանադրական դատարան է փոխանցուել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որի որպէս նախաձեռնող հանդէս է եկել գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Նախատեսւում է, որ նրա կողմից առաջարկուող ձեւափոխութիւնների փաթեթը կը ներկայացուի համաժողովրդական հանրաքուէի, որն էլ վերջնական որոշում կը կայացնի՝ կապուած պետութեան ղեկավարի առաջարկութիւնների հետ:
Յայտնի է, որ ցանկացած երկրի սահմանադրութիւն իւրօրինակ կենդանի օրգանիզմ է, որը զարգանում է կեանքի պահանջներին ու նոր մարտահրաւէրներին համապատասխան, ու նրանում մտցւում են անհրաժեշտ փոփոխութիւններ, եթէ դրանք պահանջուած են հասարակութեան կողմից: Այս տեսակէտից՝ Ալիեւի նախաձեռնութիւնը կարելի կը լինէր նորմալ ժողովրդավարական պրակտիկա (կիրառութիւն, վարքագիծ-Խմբ.) համարել, եթէ խօսքը նորմալ ժողովրդավարական երկրի մասին լինէր: Սակայն լեզուդ չի պտտուի Ադրբեջանը դասել այն պետութիւնների շարքը, որտեղ յարգւում եւ պահպանւում են քաղաքացիների հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները, որտեղ ապահովուած է օրէնքի գերակայութիւնը, քանի որ Բաքուի ռեժիմը, մանաւանդ Իլհամ Ալիեւի կառավարման տարիներին, խստագոյնս ճնշում էր այլախոհութիւնը, ինչի հետ կապուած՝ ենթարկւում միջազգային, այդ թւում եւ՝ իրաւապաշտպան կառոյցների սուր քննադատութեանը:
Բայց վերադառնանք Ալիեւի առաջարկած սահմանադրական փոփոխութիւններին: Արդեօք դրանք պահանջուա՞ծ են ադրբեջանական հասարակութեան կողմից, թէ կոչուած են ծառայելու իշխող ընտանեկան կլանի շահերին, որը ցանկանում է ապահովել սեփական իշխանութեան վերարտադրումը: Եւ այսպէս, ի՞նչ է առաջարկւում սահմանադրական բարեփոխումների նախագծով: Փոփոխութիւնների փաթեթը ենթադրում է նախագահի պաշտօնավարման ժամկէտը ներկայիս 5 տարուց երկարաձգել մինչեւ 7 տարի, պետութեան ղեկավարին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու իրաւունք վերապահել, սահմանել փոխնախագահի ինստիտուտ, լուծարել նախագահի թեկնածուի համար նուազագոյն տարիքային շեմը, որը, գործող կանոնադրութեան համաձայն՝ 35 տարի է: Առանձնայատուկ ուշադրութեան են արժանի փոխնախագահին, աւելի ճշգրիտ՝ առաջին փոխնախագահին վերաբերող դրոյթները: Այսպէս, նրան նշանակելն ու պաշտօնից ազատելը մտնում են զուտ նախագահի իրաւասութեան մէջ՝ առանց որեւէ մէկի հետ համաձայնեցնելու: Եթէ պետութեան ղեկավարն ինչ-ինչ հանգամանքների բերումով ի վիճակի չէ կատարելու իր ֆունկցիոնալ (պաշտօնին վերաբերող-Խմբ.) պարտականութիւնները, ապա նրա լիազօրութիւններն անցնում են առաջին փոխնախագահին: Գործող սահմանադրական նորմի (կարգի-Խմբ.) համաձայն՝ նման դէպքերում պետութեան ղեկավարի լիազօրութիւնները պէտք է անցնեն վարչապետին, որի թեկնածութիւնը (խնդրւում է ուշադրութիւն դարձնել) հաստատում է խորհրդարա՛նը:
Ենթադրուող բարեփոխումներին թռուցիկ հայեացքն իսկ բաւական է արդէն եզրայանգում անելու, որ սահմանադրութեան մէջ ենթադրուող փոփոխութիւնները, որոնք գործող ռեժիմի կողմից մատուցւում են որպէս երկրի ժողովրդավարական զարգացման ինտենսիւացման գործիք, միայն մէկ նպատակ են հետապնդում՝ իշխող ընտանիքի համար գահաժառանգութիւն ապահովել: Ինչպէս իւր ժամանակ Հէյդար Ալիեւ-աւագն է օրէնսդրական մեքենայութիւնների միջոցով իր որդի Իլհամին ադրբեջանական գահին բարձրացրել, այնպէս էլ ներկայ նախագահը, սահմանադրութեան փոփոխութեամբ մտադիր է հեռանկարում իշխանութիւնը փոխանցել որդուն՝ Հէյդար Ալիեւ-կրտսերին:
Գահաժառանգման սխեման ուրուագծւում է հէնց առաջարկուող փոփոխութիւնների էութիւնից: Կարելի է վստահաբար ենթադրել, որ որպէս սկիզբ՝ կրտսեր Հէյդարը հարազատ հօր ցուցումով կը նշանակուի փոխնախագահ, ինչի համար, յիշեցնենք՝ խորհրդարանի համաձայնութեան կարիքը չկայ: Բայց քանի դեռ պետական գործերի համար նա դեռ պատանի է, Ալիեւը նախագահական լիազօրութիւնների ժամկէտը երկարաձգեց մինչեւ եօթ տարի, որպէսզի դեռահասը չափահաս դառնայ: Բայց, ըստ երեւոյթին՝ նոյնիսկ այդ պարագայում, նոր թագաժառանգը չի հասնի սահմանադրութեամբ պահանջուող 35ամեայ տարիքին, ուստի եւ Իլհամ Ալիեւն առաջարկում է վերացնել 35 տարուայ տարիքային շեմի սահմանափակումը: Եթէ հանրաքուէին փոփոխութիւններն ընդունուեն, ինչի հաւանականութիւնն Ադրբեջանում «ժողովրդավարութեան աւանդոյթներ»ի բերումով շա՜տ մեծ է, որտեղ ամէն ինչ հպատակուած է նախագահի կամքին, ապա որոշ ժամանակ անց ներկայ նախագահը կարող է պատճառաբանել, որ ի վիճակի չէ կառավարել պետութիւնը եւ կառավարման լծակները փոխանցել որդուն: Ինչը կը դառնայ ժողովրդավարութեան գովք՝ ադրբեջանական ձեւով:
Իլհամ Ալիեւի մտադրութիւններն, ինչպէս ասում են, կարուած են սպիտակ թելերով, թէեւ նա փորձում է քաղաքական համակարգի ժողովրդավարացման տպաւորութիւն ստեղծել:
Այս նպատակով, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցութիւնը, որին յանձնարարուած է տուեալ նախաձեռնութեան գաղափարախօսական սատարումը, տարածեց իր մեկնաբանութիւնը՝ ադրբեջանական հասարակութեանը փորձելով ներշնչել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտութեան գաղափարը. «Իշխանութեան համակարգի կառուցուածքային ձեւափոխութիւնների (…) վերաբերեալ նախագահի առաջարկութիւնները, սոցիալական արդարութեան, չինովնիկական կամայականութեան ու ամենաթողութեան դէմ պայքարի սկզբունքի համաձայն՝ համակարգային բարեփոխումներ են, որոնք Ադրբեջանին անհրաժեշտ են զարգացման ժամանակակից փուլում»: Ապա հետեւում է ծրագրի, այսպէս ասած՝ հիմնական գաղափարը. «Փոխնախագահի պաշտօնը, որն Ադրբեջանում երբեք չի եղել, կը նպաստի քաղաքական կայունութեանը՝ երաշխաւորելով քաղաքական ուղեգծի ժառանգական կարգը՝ լրիւութեամբ համահունչ ժառանգորդութեան դոկտրինին, որ սկիզբ է դրուել Հէյդար Ալիեւի կողմից»:
Սրանում էլ, թերեւս, կայանում է Իլհամ Ալիեւի՝ իշխանութիւնը զաւթելու նախաձեռնութեան բուն էութիւնը. ապահովել «ուղեգծի ժառանգորդութիւնը», ինչպէս պատուիրել է Ալիեւ աւագը: Մեր կողմից յաւելենք՝ ընտանեկան ուղեգծի ժառանգորդութիւնը, ինչի համար էլ վերաձեւման է ենթարկւում գործող սահմանադրութիւնը: