ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Սպառազինութեան մրցավազքում Ադրբեջանը Հարաւային Կովկասի առաջատար պետութիւնն է։
Միջազգային հանրութիւնը եւ մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետութիւնները, ելնելով տարածաշրջանի անվտանգութեան ապահովման անհրաժեշտութիւնից, պարտաւոր են առաւելագոյն ջանքեր գործադրել՝ Ադրբեջանի ռազմականացման ուղեգծին խոչընդոտելու համար:
Ընդհատուած բանակցութիւնները վերականգնելուն ուղղուած ջանքերին աջակցելու փոխարէն, նախագահ Իլհամ Ալիեւը մեծացնում է սպառազինութեան ծաւալները՝ եւս մէկ անգամ ցուցադրելով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու իր կամքի բացակայութիւնը: Հարկ է ուշադրութիւն դարձնել աշխարհաքաղաքական այն իրադարձութիւններին, որոնք տեղի ունեցան անցած շաբաթուայ ընթացքում եւ որոնք լիովին տեղաւորւում են Արեւմուտք-Ռուսաստան հակասութիւնների շրջանակներում: Գերտերութիւնների կողմից ձեռնարկուած քայլերը, մասնաւորապէս Սեւ եւ Կասպից ծովերում, իրենց դիրքերի ամրապնդման հետ էին կապուած: Այդ քայլերից մէկը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Մերձկասպեան երկր-ների արտգործնախարարների նիստն էր, որին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Մերձկասպեան հինգ պետութիւնների մտահոգութեան թեման դարձեալ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի հարցն էր, բայց այս անգամ՝ աւելի յստակ շեշտադրումով. բոլոր երկրների համար պէտք է ապահովուեն անվտանգութեան հաւասար պայ-մաններ: Թերեւս ուշագրաւ զարգացում պէտք է համարել այն, որ յիշեալ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդիւնքներով մամլոյ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնվենցիայի (պայմանագիրի-Խմբ.) ստորագրումն արագացնելու մասին՝ հնարաւոր ժամկէտ համարելով 2017թ. առաջին կէսը:
Մինչ Աստանայում շահագրգիռ պետութիւնները Կասպիականի հարցն էին քննարկում, Բաքու ժամանեց Ուկրաինայի նախագահ Պէոտր Պորոշենկօն, հանդիպելու Իլհամ Ալիեւի հետ: Սա, ի դէպ, նախագահ Պորոշենկոյի առաջին այցն էր Ադրբեջան՝ պաշտօնավարումից ի վեր:
Յուլիսի 14ին, Բաքւում Ալիեւ-Պորոշենկօ հանդիպումից յետոյ, ադրբեջանական լրատուամիջոցները տեղեկացրին, որ Ուկրաինայի նախագահը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը: Երկու նախագահների համատեղ յայտարարութեան ժամանակ Պորոշենկօն նշել է, որ ուկրաինական կողմը կտրականապէս անընդունելի է համարում «ստատուս քուօ»ն՝ ԼՂ հարցում: Ալիեւի եւ Պորոշենկոյի կողմից փոխադարձ հաւաստիացումներ են հնչել երկու երկրների տարածքային ամբողջականութեան ճանաչման մասին: Լրագրողների ներկայութեամբ, Ուկրաինայի նախագահը յայտարարել է, որ Ադրբեջանը մնում է իր երկրի ռազմավարական գործընկերն ու բարեկամը:
Քաղաքական կրքերը շիկացել են նաեւ Սեւ ծովի շուրջ. Բրիւսէլում Ռուսաստանը նախազգուշացրել է ամերիկեան կողմին սեւծովեան տարածաշրջանում նրա ռազմական ակտիւութեան բացասական հետեւանքների մասին: Իրազեկելով այս մասին՝ «Ռիա Նովոստի» գործակալութիւնը շեշտում է, որ Բրիւսէլում Սեւ ծովի հարցը քննարկուել է ռուսաստանեան կողմի նախաձեռնութեամբ: ՌԴ ներկայացուցիչը յայտարարել է, որ ԱՄՆի ռազմական ակտիւութիւնն ապակայունացնում է իրավիճակը եւ չի նպաստում տարածաշրջանի անվտանգութեանը:
Աշխարհի ուժային կենտրոնների մրցակցային պայքարի խորապատկերին շարունակենք դիտարկել Բաքւում Ալիեւ-Պորոշենկօ հանդիպման միւս մանրամասները. համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ, ինչպէս տեղեկացնում են ադրբեջանական լրատուամիջոցները, երկու երկրների առաջնորդները պայմանաւորուել են ռազմատեխնիկական համագործակցութեան խորացման ու զարգացման շուրջ: Իլհամ Ալիեւը տեղեկացրել է համատեղ ռազմա-արդիւնաբերական համալիրի ստեղծման մասին: Գործընկեր պետութիւնները մասնաւորապէս քննարկել են Ադրբեջանի տարածքում «ԱՆ-178» բեռնատար ինքնաթիռների արտադրութեան համար համատեղ ձեռնարկութիւն ստեղծելու հնարաւորութիւնները: Նախնական պայմանաւորուածութեան համաձայն՝ Ուկրաինան սեփական արտադրութեան բեռնատար ինքնաթիռներով կ՛ապահովի Ադրբեջանին, նախքան համատեղ արտադրութիւն սկսելը:
Աքսիոմատիկ (ակնյայտ-Խմբ.) ճշմարտութիւն է այն, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենավտանգաւոր պետութիւնը: Այդ երկրի տիրապետող վերնախաւը ոչ միայն բազմապատկում է գնուող զէնքի չափը, այլեւ՝ շահագրգիռ պետութիւնների հետ ծրագրում է ընդլայնել զէնքի արտադրութիւնը: Հարկ ենք համարում մէջբերել նաեւ բոլորովին վերջերս Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի՝ ANS հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցը, որում նա յայտարարել է, թէ ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի առաջատար գործընկերներից մէկը: Ռուսաստանեան սպառազինութեան մատակարարումները դէպի Ադրբեջան շարունակւում են՝ համաձայն կնքուած պայմանագրի, եւ Մոսկուան մտադիր է զէնքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքուի հետ: Ի դէպ, դա ասուել է Սերգէյ Լաւրովի Բաքու կատարելիք այցին ընդառաջ:
Այս առնչութեամբ, «Ազատութիւն» ռադիօկայանը վկայակոչում է Շուէդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող Խաղաղութեան ուսումնասիրութեան միջազգային ինստիտուտի տուեալները. 2011-2015 թուականներին, Ադրբեջանը եօթը անգամ աւելացրել է սպառազինութեան ներմուծումը Ռուսաստանից՝ 2006-2010թթ. համեմատ: Նախորդ հինգ տարիներին, ռուսաստանեան սպառազինութեան ողջ արտահանման 49 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ՝ խօսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է: Վկայակոչենք այդ ինստիտուտի՝ 2013թ. տարեկան զեկոյցում արձանագրած այն փաստը, ըստ որի՝ Արեւելեան Եւրոպայի միակ պետութիւնը, որը հետեւողականօրէն մեծացնում է զէնքի եւ ռազմամթերքի ծաւալները, Ադրբեջա՛նն է: Խաղաղութեան ուսումնասիրութեան միջազգային ինստիտուտի 2013թ. ներկայացրած տուեալներով՝ վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանն առաջ է անցել զէնք ներկրող պետութիւնների համաշխարհային ցուցակում՝ 48րդ տեղից բարձրանալով 35րդ տեղը:
Դեսպան Դորոխինի յայտարարութեանն արձագանգելով՝ Ստեփանակերտը յիշեցրել է, որ ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ ռուսական զէնքը Ադրբեջանը կիրառել է հայկական խաղաղ բնակավայրերի դէմ: Իսրայէլը մատակարարում է անօդաչու թռչող սարքեր, որոնք նոյնպէս ակտիւօրէն կիրառուել են Ադրբեջանի կողմից: Ստեփանակերտում չեն կարող հասկանալ, որ հայ ժողովրդի հետ բարեկամական կապեր ունեցող Ռուսաստանը շարունակում է զէնք մատակարարել Ադրբեջանին:
Հարեւան երկրում զէնքի գնման, ինչպէս նաեւ դրա արտադրութեան ծաւալների մեծացումը, պէ՛տք է որ ազդանշան լինի միջազգային հանրութեան համար: Ի՞նչ է նշանակում եօթը անգամ աւելացնել սպառազինութեան ներմուծումը մի երկրից, որը ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացում ստանձնել է միջնորդական առաքելութիւն իրականացնողի դեր: Աշխարհի ուժային կենտրոնների մրցակցութեան համատեքստում պէտք է դիտարկուեն նաեւ Իսրայէլի կողմից զէնքի վաճառքը Ադրբեջանին, Ուկրաինա-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցութեան խորացումը: Անսահմանափակ քանակութեամբ զէնքի ձեռքբերումը միայն բացասականօրէն է անդրադառնալու հարաւկովկասեան տարածաշրջանի անվտանգութեան վրայ: Այդ իսկ առումով, համանախագահող պետութիւնները պէտք է զբաղուեն Ադրբեջանի սպառազինութեան յետագայ աճը կանխարգելելու խնդրով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ապա բաւական է միայն լսել Ստեփանակերտի զգաստացնող ձայնը. ռուսական զէնքը կիրառւում է արցախեան խաղաղ բնակիչների նկատմամբ, ասել է՝ թէ անթոյլատրելի՛ է ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացում հանդէս գալ որպէս միջնորդ պետութիւն եւ միաժամանակ զինել ադրբեջանական կողմին: Հարաւային Կովկասի անվտանգութեան ու քաղաքական կայունութեան խաթարումը խնդրայարոյց է ոչ միայն տարածաշրջանի պետութիւնների համար, եւ այդ առումով խնդրայարոյց է նաեւ Ադրբեջանի օրէցօր աճող ռազմականացման տեմպերին՝ միջազգային հանրութեան ոչ համարժէք վերաբերմունքը: