Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ադրբեջանը Շարունակում Է Լկտիաբար Խաբել Միջազգային Հանրութեանը. Կեղծիքի Ֆոսֆորային Ռումբը

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanԱմէն ինչ հոսում, փոփոխւում է, անփոփոխ է մնում, սակայն, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանութիւնը: Բազմիցս ենք խօսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերեալ միջազգային հանրութեանն ապատեղեկացնելը դարձել է նրա արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը: Բաքուն, քամահրելով բարոյականութեան նորմերը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին արատաւորելու նպատակով օգտագործում է ցանկացած հնարաւորութիւն բացայայտ կեղծիք տարածելու համար: Առանց չափազանցութեան կարելի է պնդել, որ այդ երկրում կեղծիքն արդէն տասնամեակներ շարունակ բացարձակացւում է: Այն Ադրբեջանի համար դարձել է պատերազմը շարունակելու գործիք՝ այս անգամ արդէն դիւանագիտական եւ տեղեկատուական դաշտում: Դրա վրայ կառուցւում է ազգային եւ պետական քաղաքականութիւնը, դրա վրայ պաշտօնական Բաքուն փորձում է կառուցել նաեւ հակամարտութեան կարգաւորման ողջ գործընթացը՝ ի շահ իրեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը վարկաբեկելու նպատակով Ադրբեջանի իշխանութիւնները անյաջող փորձեր են անում այն ներկայացնելու որպէս անվերահսկելի, այսպէս կոչուած «գորշ գօտի», որտեղ Հայաստանը, իբր, իրականացնում է միջուկային թափօնների ապօրինի թաղում, որտեղ պատրաստութիւն են անցնում միջազգային ահաբեկչութեան հետ կապ ունեցող խմբաւորումներ, արտադրւում եւ տարածւում են թմրանիւթեր, իրականացւում է զէնքի ապօրինի վաճառք եւ այլն: Եւ ահա վերջերս ադրբեջանական այս «պարտադիր հաւաքածուն» աւելացաւ եւս մէկ բաղադրիչով՝ ֆոսֆորային ռումբով, որն, իբր, հայկական կողմն օգտագործել է Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում: Այստեղ կարեւոր է նշել, որ կեղծիքը գործնականում թափանցել է մինչեւ ադրբեջանական, թոյլ տրուի ասել, իսթեբլիշմենթի (վերնախաւի) ուղնուծուծը, եւ դրանից չեն խորշում ոչ միայն պետական պաշտօնեաները, այլեւ նախագահն ինքը:

Ընդունուած է համարել, որ պատմութիւնը կրկնուելու սովորութիւն ունի, բայց երկրորդ անգամ՝ արդէն որպէս ֆարս (զաւեշտ-Խմբ.): Երկուշաբթի օրը Ստամբուլում ելոյթ ունենալով ՄԱԿի համաշխարհային հումանիտար գագաթնաժողովին, Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ «հայկական կողմը քաղաքացիական բնակչութեան դէմ օգտագործել է միջազգային կոնվենցիաներով արգելուած ֆոսֆորային ռումբ»: Միթէ՞ սա ֆարս չէ: Վերհիշենք, որ 90ական թուականների սկզբին ղարաբաղեան պատերազմի ընթացքում Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է… միջուկային զէնքի օգտագործման մէջ: Ընդ որում, ինչպէս հեշտութեամբ կարելի է կռահել, ի հաւաստումն նման հերիւրանքների՝ նա չկարողացաւ որեւէ ապացոյց բերել: Այս անգամ ի՞նչն է մղել պաշտօնական Բաքուին շրջանառութեան մէջ դնել եւ տիրաժաւորել հերթական տեղեկատուական խայծը: Պատճառն աւելի քան պարզունակ է եւ գտնւում է մակերեսի վրայ:

Ինչպէս յայտնի է, ԼՂՀի դէմ քառօրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուորականութիւնը ծանր յանցագործութիւններ կատարեց ինչպէս խաղաղ բնակչութեան, այնպէս էլ հայ զինծառայողների նկատմամբ՝ ծանակելով զոհերի դիակները, մասնաւորապէս, նրանց գլխատելով: Այդ հրէշաւոր փաստերը դարձան լայն հասարակայնութեան, ինչպէս նաեւ միջազգային համապատասխան կառոյցների սեփականութիւնը, որոնց Հայաստանն ու Արցախը ներկայացրին ադրբեջանցիների վայրագութիւնների փաստացի հաստատուած վկայութեաններ: Որպէս հետեւանք՝ Ադրբեջանի ռազմական յանցանքները յարուցեցին հասարակական լայն արձագանգ ու բազմաթիւ քաղաքական գործիչների ու միջազգային կազմակերպութիւնների սուր քննադատութիւնը: Եւ ահա յարուցուած աղմուկը խլացնելու եւ համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը միջազգային հումանիտար իրաւունքի յանցաւոր խախտման ճչաճող փաստերից շեղելու համար Ադրբեջանը ցուցաբերեց ոչ պակաս յանցաւոր «կրէատիւութիւն» («ստեղծագործական շնորհք») եւ յօրինեց ֆոսֆորային ռումբի հետ կապուած պատմութիւնը:

Համաձայնենք, սա առաւել քան լուրջ մեղադրանք է, եւ եթէ Ալիեւն իրեն համարում է պատասխանատու քաղաքական գործիչ, ապա, որպէս իր խօսքերի հաւաստիք, նա պէտք է նոյնքան լուրջ փաստարկներ բերէր: Բայց, ինչպէս միշտ, ադրբեջանական կողմը որեւէ փաստ չունի՝ միայն մերկապարանոց պնդումներ ու, իբր, հայկական ֆոսֆորային արկի շուրջ կոպիտ մշակուած ներկայացում: Իր մեղադրանքներին արժանահաւատութեան տեսք հաղորդելու համար Բաքուն որոշեց շահագործել Ադրբեջանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտների կարծիքը՝ կազմակերպելով շօու՝ նրանց հրամցուած զինամթերքի ցուցադրութեամբ: Ինչի՞ հետ է յոյսեր կապում ալիեւեան ռեժիմը՝ դիւանագիտական կորպուսին մատուցելով հակահայկական կեղծիքի հերթական չափաբաժինը եւ պահանջելով դրա հիման վրայ կոշտ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դէմ: Արտասահմանցիների դիւրահաւատութեա՞ն հետ: Թէ՞ միջազգային մասնագիտացուած կառոյցների ալարկոտութեան, որոնք, ինչպէս ինքն է կարծում, չեն ստուգի Ադրբեջանի պնդումների հաւաստիութիւնը: Հնարաւոր է նաեւ՝ որոշ միջազգային կազմակերպութիւնների առանձին ներկայացուցիչների շտապողականութեան հետ, ովքեր, «հաւատալով» ադրբեջանական կողմի մտացածին մեղադրանքներին, կը մտադրուեն դիմել հակահայկական պատժամիջոցների:

Ուզում ենք, այնուամենայնիւ, մտածել, որ միջազգային համապատասխան ատեանների ողջամտութիւնը կը հերիքի՝ անաչառ կերպով ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղում Ապրիլի 2-5ը տեղի ունեցած ռազմական իրադարձութիւնները, ինչպէս նաեւ հակամարտութեան կողմերի փոխադարձ մեղադրանքները եւ անկանխակալ գնահատական տալու նրանց գործողութիւններին: Հակառակ դէպքում, կարելի է չկասկածել, որ Ադրբեջանը, անգամ չունենալով որեւէ հաւաստի փաստ, այսուհետ եւս ամենալկտի ձեւով կը շարունակի խաբել միջազգային կազմակերպութիւններին: Քանի դեռ նրանք իրենք թոյլ կը տան դա: Իսկ ինչպէս յայտնի է, բազմիցս կրկնուած եւ առանց պատշաճ գնահատականի թողնուած սուտը կարող է արժանահաւատութեան պատրանք ստեղծել:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles