«Ռազմական թէժ գործողութիւններից յետոյ մեր զինուորների սխրանքների մասին այնպիսի պատմութիւններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղուելու հնարաւոր չէ լսել: Շփման գծում եղած զինուորականներից մէկը մի ցնցող պատմութիւն ներկայացրեց հայ զինուորի անպատկերացնելի քաջագործութեան մասին:
Ապրիլեան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծւում էին հայկական գիւղերը, մեր կողմի նռնականետը յանկարծ փչանում է: Հրամանատարը որոշում է զէնքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում: Նռնականետից կրակող զինուորը դիմում է հրամանատարին, թէ ինքը ցանկանում է գնալ եւ թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը: Հրամանատարը կտրուկ արգելում է՝ նշանակում է գնալ մահուան բերան: Զինուորը յամառում է: Չդադարող կրակի տարափի տակ զինուորին յաջողւում է հասնել թշնամու զէնքին: Նռնականետի տակ թաքնուելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու յետ վերադառնալ: Ողջ հրամանատարութիւնն այս աներեւակայելի քայլից քարանում է: Ինչպէ՞ս յաջողուեց, ինչպիսի՞ արիութիւն պէտք է ունենալ նման քայլի դիմելու համար: Յաջորդ առաւօտեան, երբ հրամանատարը գրկում է զինուորին ու ասում՝ իսկական հերոս ես, վերջինս մեղմ ժպիտով «զեկուցում» է. «Հրամանատար ջան, պէտք լինի, էսօր էլ կարամ գնամ-գամ»: