ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ներկայիս ակտիւացմանը (աշխուժացման-Խմբ.), այսօր ասել է. «Չի կարելի հաշուի չառնել Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) պահուածքը, որն արդէն երեք եռակողմ պայմանագիր է խախտել: Ապագայ բանակցային գործընթացը, որպէս մեկնակէտ, կ՛ունենայ հետեւեալ դրոյթները՝ նախ՝ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, որովհետեւ երբ կրակում են, անհնար է բանակցութիւններ վարել: Երկրորդ՝ անհրաժեշտ է հաշուի առնել, որ մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հրաժարւում է սեփական միջազգային պարտաւորութիւններից: Նշանակում է՝ ապագայում եւս որեւէ փուլում նրանք կարող են հրաժարուել իրենց ստորագրութիւններից»:
Քոչարեանն, այսպիսով, ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ Երեւան կատարելիք երկօրեայ այցին ընդառաջ յստակեցնում է բանակցութիւնների շարունակման հետ կապուած՝ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի՝ փաստօրէն, այս պահին կարգաւորման սկզբունքների, մեխանիզմների շուրջ բանակութիւններն անհնարին են: Այսինքն՝ հայկական կողմը մերժում է այս փուլում իր կողմից որեւէ զիջման ակնկալիքի վրայ հիմնուած հնարաւոր առաջարկ:
Երեւանի դիրքորոշումը կառուցւում է երեք կոնցեպտուալ կէտերի վրայ: Առաջին՝ ապրիլի քառօրեայ պատերազմը ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական առումով իրավիճակ է փոխել՝ անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բնագծերը փոփոխութեան չեն ենթարկուել: Եւ իրավիճակի այդ փոփոխութիւնը չի կարող հաշուի չառնուել յետագայ բանակցութիւններում:
Երկրորդ՝ հայկական կողմը կարգաւորման շուրջ բանակցութիւնների մէջ չի ուզում մտնել, քանի դեռ հրադադարի ռեժիմն ամբողջութեամբ վերականգնուած չէ: Պէտք է ենթադրել, որ Երեւանի հիմնական ակնկալիքը Ադրբեջանի կողմից ծանր հրետանին, զրահամեքենաները եւ պահեստային ուժերն առաջնագծից ետ քաշելն է: Երեւանը հասկացնում է, որ չի պատրաստւում բանակցել հրանօթների փողերի ճնշման եւ նոր ագրեսիայի սպառնալիքի ներքոյ, ինչը Բաքուն ակնյայտօրէն կիրառում է որպէս բանակցութիւնների վրայ ներգործելու դիւանագիտական-հոգեբանական միջոց:
Երրորդ՝ որեւէ բանակցութիւն անիմաստ է, քանի որ Բաքուն իր ստանձնած պայմանագրային պարտաւորութիւնները չի կատարում: Որեւէ երաշխիք չի կարող լինել, որ կարգաւորման որեւէ փուլում, ընդհուպ՝ խաղաղութեան պայմանագիրը ստորագրելուց յետոյ, Բաքուն կրկին չի հրաժարուելու իր պարտաւորութիւններից եւ նոր ռազմական ագրեսիայի չի դիմելու՝ ներկայացնելով այլ պահանջներ: Այս կէտով հայկական կողմը նաեւ կասկածի տակ է դնում հաստատուելիք խաղաղութիւնը երաշխաւորելու, միջազգային իրաւունքի շրջանակներում ապահովագրելու՝ միջազգային հանրութեան եւ Ռուսաստանի կարողութիւնը: Շաւարշ Քոչարեանի ուղերձի ենթատեքստն այս առումով հետեւեալն է՝ մինչեւ Ադրբեջանի սանձերը չքաշէք, հայկական կողմը ներկայիս ստատուս քուոյից շեղման որեւէ քայլի չի գնալու:
Փաստօրէն, Լաւրովի այցից առաջ Երեւանը զգալիօրէն եւ կտրուկ կոշտացնում է իր դիրքորոշումները: Դեռ Ապրիլի 8ին, երբ ղարաբաղեան արիւնալի էսկալացիայից (սաստկացուած զարգացումներ-Խմբ.) յետոյ առաջին անգամ Լաւրովը Բաքւում յայտարարեց կարգաւորման չափազանց մօտ լինելու, սեղանին գտնուող կարգաւորման մի քանի տարբերակների եւ կողմերի միջեւ բանակցային նոր գործընթաց սկսելու մասին, ՀՀ արտգործնախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը արձագանգեց, որ հայկական կողմը պատրաստ է բանակցութիւնները շարունակել մադրիդեան սկզբունքների՝ 2011թ. մոդիֆիկացուած (բարեփոխուած-Խմբ.) «կազանեան փաստաթղ»չի համատեքստում: Օրեր անց այս միտքը Հանրային հեռուստաընկերութեամբ կրկնեց նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը՝ նշելով, որ, բացի կազանեան փաստաթղթից, մնացած բոլոր տարբերակները, որպէս մերժուած կամ ձախողուած, ի պահ են տրուել ԵԱՀԿ Վիեննայի գրասենեակին: Հիմա, փաստօրէն, Երեւանը հասկացնում է, որ անգամ դա քննարկելն է համարում ժամանակավրէպ:
Պէտք է ենթադրել, որ հայկական կողմի դիրքորոշման այսպիսի կտրուկ շրջադարձի վրայ ազդել են մի քանի գործօնները: Առաջինը, բնականաբար, զօրքերն առաջնագծից չհեռացնելու՝ Ադրբեջանի յամառութիւնն է: Պատերազմի սպառնալիքի տակ բանակցութիւնները կարող են լինել ոչ թէ փոխզիջումների, այլ միակողմանի զիջումների տրամաբանութեան մէջ, որին յարմարուելը հայկական կողմի համար ինքնասպանութիւն է:
Երկրորդ՝ Լաւրովի այցից առաջ Կրեմլն իսկական տեղակատուական-քարոզչական յարձակում սկսեց Երեւանի ուղղութեամբ՝ տեղեկատուական արտահոսքի մեթոդով շրջանառութեան մէջ դնելով ԼՂ հիմնահարցի կարգաւորման Մոսկուայի պլանը, որի ողջ իմաստը երերուն խաղաղութեան խոստման դիմաց այս փուլում հայկական կողմից նախկին ԼՂԻՄին յարակից շրջանների մի մասը Ադրբեջանին յանձնելն էր՝ ԼՂ կարգավիճակի որոշման հարցը փաստացի լղոզելու միջոցով: Մոսկուան, այդպիսով, փորձեց Երեւանին նախապատրաստել Լաւրովի այցով պայմանաւորուած ճնշումներին՝ թերեւս ակնկալելով, որ ՀՀ իշխանութիւնները կը սկսեն իրենց հերթին հայաստանեան եւ ղարաբաղեան հասարակութեանը նախապատրաստել տարածքային զիջումների անխուսափելիութեանը: Նման բան, սակայն, տեղի չունեցաւ: Հակառակը՝ Երեւանը պաշտօնապէս հաստատեց, որ պատրաստւում է ոչ թէ գլուխը կախ լսել ՌԴ արտգործնախարարին, այլ նրանից բացատրութիւններ ստանալ ԼՂ հարցում եւ յատկապէս ապրիլեան պատերազմի շրջանում Մոսկուայի դրսեւորած՝ դաշնակցային յարաբերութիւնների տրամաբանութեան մէջ չտեղաւորուող, ընդհուպ՝ դաւադրական վարքագծի կապակցութեամբ:
Երկու օր առաջ ռուսական ՌԻԱ «Նովոստի» գործակալութեան հետ զրոյցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Յակոբեանը նշել էր. «Սերգէյ Լաւրովի այցը Հայաստան լաւ առիթ կը հանդիսանայ՝ շարունակելու Ապրիլի սկզբին ԼՂի դէմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիւ գործողութիւնների, Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների, խաղաղ բնակչութեան դէմ յանցագործութիւնների առնչութեամբ ՌԴ մօտեցումների վերաբերեալ քննարկումները, ինչպէս նաեւ բանակցային գործընթացի հեռանկարների դիտարկումը, որի էութիւնը, անկասկած, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն է»: Յակոբեանը նաեւ նշել էր, որ Երեւանը եւ Ստեփանակերտը մշտապէս աջակցութիւն են յայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներին, ինչով դժգոհութիւն է յայտնել բանակցութիւններն առանձին տնօրինելու եւ ուղղորդելու, դրանով ՄԽ եռանախագահութեան ֆորմատն արժէզրկելու՝ Մոսկուայի ներկայիս ուղեգծի կապակցութեամբ:
Մոսկուա-Երեւան տեղեկատուական-քարոզչական այս փոխհրաձգութիւնը ցոյց է տալիս, որ Երեւանում չափազանց դժուար խօսակցութիւն է սպասւում Լաւրովի հետ: Ողջ հարցն այն է՝ արդեօ՞ք հայկական կողմը փակ դռների ետեւում էլ կը գործի՝ իր հրապարակային կոշտ մօտեցումներին համապատասխան: