ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարուած այցը տարածաշրջան կայացաւ:
Ապրիլի 6ին միջազգային միջնորդները եղան Բաքւում, իսկ 7ին՝ արդէն Ստեփանակերտում, որպէսզի այնուհետեւ՝ 9ին, լինեն Երեւանում: Տարածաշրջանային այցին նախորդել է Ապրիլի 5ին Վիեննայում կայացած Մինսկի խմբի յատուկ նիստը, որտեղ քննարկուել էր ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի կտրուկ սրումը՝ յարուցուած ԼՂՀի դէմ Ադրբեջանի զինուած ագրեսիայի նոր ալիքով: Մինսկի խմբի միջնորդների ակնյայտ ակտիւացումը եւս մէկ անգամ խօսում է այն մասին, որ հակամարտութեան գօտում, իրօք, ստեղծուել է պայթիւնավտանգ դրութիւն, որն ի վիճակի է լրջօրէն եւ երկար ժամանակով խաթարել տարածաշրջանային կայունութիւնը: Ինչպէս յայտնի է, Ապրիլի լոյս 2ի գիշերը ադրբեջանական կողմը գործնականում ԼՂՀի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնամասշտաբ յարձակողական գործողութիւններ՝ հրետանու, զրահատեխնիկայի եւ ռազմական աւիացիայի կիրառմամբ, որոնք շարունակուեցին 4 օր եւ բերեցին մարդկային կորուստների երկու կողմերից: Սակայն Ռուսաստանի միջնորդութեամբ Ապրիլի 5ին Մոսկուայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինուած ուժերի գլխաւոր շտաբների պետերի հանդիպմանն, այնուամենայնիւ, ձեռք բերուեց ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ համաձայնութիւն:
Կարեւոր է նշել, որ Ադրբեջանն իր նախաձեռնած զինուած ագրեսիայի արդիւնքում թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական պարտութիւն է կրել: Ի պատիւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի՝ հակառակորդին չյաջողուեց շփման գծի կոնֆիգուրացիայի (շրջագիծի-Խմբ.) որեւէ նշանակալի փոփոխութեան հասնել: Այդուհանդերձ, համարձակ կարելի է պնդել, որ Ապրիլի 5ից յետոյ արմատապէս փոխուել է քաղաքական իրավիճակը, ինչը միջազգային միջնորդներից պահանջում է համապատասխան սրբագրումներ մտցնել իրենց մօտեցումներում եւ գործողութիւններում: Ժամանակները, երբ կարելի էր բաւարարուել սոսկ խաղաղութեան եւ կողմերի զսպուածութեան ընդհանուր կոչերով, անցեալում մնացին: ԼՂՀի դէմ Ադրբեջանի ապրիլեան զինուած ագրեսիան նաեւ ցինիկ մարտահրաւէր է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Քառօրեայ պատերազմը միջազգային հանրութեանը՝ ի դէմս Մինսկի խմբի անդամ երկրներին պէտք է ցոյց տար ալիեւեան ռեժիմի բացայայտ քամահրալից վերաբերմունքը պացիֆիստական (խաղաղասիրական-Խմբ.) կոչերին ու նրա երեք համանախագահների՝ ղարաբաղեան հիմնախնդրի փոխզիջումային լուծումը գտնելու ջանքերին: Ու եթէ միջազգային միջնորդները չհրաժարուեն հրադադարի ռեժիմի ակնյայտ խախտողին՝ Ադրբեջանին յորդորելու իրենց նախկին քաղաքականութիւնից, ապա հազիւ թէ յաջողուի խուսափել լարուածութեան հերթական սրումից:
Գաղտնիք չէ, որ պաշտօնական Բաքուի մեղքով կարգաւորման գործընթացը սուր ճգնաժամ էր ապրում, սակայն Ադրբեջանի վերջին զինուած սադրանքն այն շատ հեռուն շպրտեց: Այսօր միջնորդները փաստօրէն պէտք է զրոյից սկսեն: Դիւանագիտական ջանքերն այժմ պէտք է ուղղուած լինեն ամէնից առաջ հրադադարի ռեժիմի լիարժէք վերականգնմանը, քանի որ այսպէս կոչուած Մադրիդեան նորացուած սկզբունքներով բանակցութիւնների մասին խօսք լինել չի կարող: Թէեւ հարկ է նկատել, որ Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշման պատճառով, որը շարունակում է զէնք ճօճել, անգամ այս խնդիրն անլուծելի է թւում: Ե՛ւ Մինսկի խմբի համանախագահները, ե՛ւ միջազգային այլ կառոյցներ որպէս հրամայական դնում են հակամարտութեան խաղաղ կարգաւորման այլընտրանք չունենալու հարցը: Սակայն Բաքուն, այն պարագայում, երբ նա չկարողացաւ յաջողութեան հասնել ռազմական վերջին արշաւում, այսօր էլ մտադիր չէ հրաժարուել հիմնախնդրի ուժային լուծումից: Անգամ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղում գտնուելու ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի մասին Մոսկուայում ձեռք բերուած համաձայնութիւնն ու բացի հրաձգային զէնք ու ականանետեր օգտագործելուց ձեռնարկել է նաեւ դիւերսիոն-հետախուզական քայլեր, ինչը դարձեալ զինծառայողների մահուան պատճառ է դարձել: Մի փաստ, որը պէտք է լուրջ յիշեցում լինի միջնորդների համար: Թէ որ յանձն են առել հանգցնել հրդեհը, հակահրդեհային միջոցներն էլ պէտք է համապատասխան լինեն:
Մինչդեռ, ծանօթանալով միջնորդ-երկրների ներկայացուցիչների յայտարարութիւններին, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ նրանք այնքան էլ համարժէք չեն ընկալում Ադրբեջանի պահուածքը, որը բոլորովին չի գիտակցում իր անիրատեսական դիրքորոշման անհեռանկար լինելը: Այսպէս, Ապրիլի 6ին Բաքւում նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը նկատեց, որ «այնպէս համընկաւ, որ լեռնայինղարաբաղեան կարգաւորումը (…) բախուել է լուրջ մարտահրաւէրի՝ այն հանգամանքների բերումով, որոնց մասին դուք նշեցիք՝ մարտական գործողութիւնների վերսկսում, որոնք ամենալայնածաւալն էին վերջին երկար տարիների ընթացքում»: Կարելի՞ է, արդեօք, յոյսեր տածել, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը կը զգաստանայ, որն էլ հէնց հանդիսանում է Լաւրովի յիշատակած «համընկնման» հեղինակը, եթէ օբյեկտիւ ճշմարտութիւնը քօղարկուած է դիւանագիտական նման էֆֆեմիզմներով (մեղմասութիւն): Հազիւ թէ: Իսկ նշանակում է՝ ադրբեջանական ագրեսիայի նոր բռնկման հաւանականութիւնը պահպանւում է:
Վիեննայում կայացած նիստի արդիւնքներով ընդունուած ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ յայտարարութեան մէջ ասւում է. «Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգաւորման շուրջ համանախագահների հովանու ներքոյ անյապաղ բանակցութիւնների ձեռնամուխ լինելու անհրաժեշտութիւնը»: Հարցը ճիշդ է դրուած, սակայն կը ցանկանայինք յաւելել, որ յայտարարուած նպատակին հասնելու համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի պարտադիր մասնակցութիւնը բանակցային գործընթացին՝ որպէս հակամարտութեան հիմնական կողմ եւ որպէս կողմ, որը կանխել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան՝ դրանով իսկ պահպանելով կայունութիւնը տարածաշրջանում: Ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում ստեղծուած նոր իրականութիւնը պահանջում է ԼՂՀի՝ որպէս բանակցային գործընթացի լիարժէք սուբյեկտի (ենթակայի-Խմբ.) կարգավիճակի վերականգնումը: Դարձեալ մէջբերենք Սերգէյ Լաւրովին, ով բազմիցս պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղը պէտք է լինի բանակցութիւնների մասնակից»: Նոր իրավիճակը պահանջում է նոր մօտեցումներ: