Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԼՂ Հարցում Լուծո՞ւմ Է Պարտադրւում

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

0412lavrov1

Սերգէյ Լաւրով

Ադրբեջանի, Իրանի արտգործնախարարների հետ Բաքւում հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ գործակալութեանը տուած հարցազրոյցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ օրերին ծաւալուած ռազմական գործողութիւններին եւ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանը՝ բառացիօրէն ասելով հետեւեալը. «Նախագահ Պուտինը, իսկ մինչ այդ՝ նախագահ Մեդվեդեւն ակտիւօրէն առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարաւորութիւն կը տան հանգուցալուծելու իրավիճակը Ղարաբաղի շուրջ տարածքների ազատման միջոցով՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի զուգահեռ որոշմամբ: Չեմ մտնի մանրամասնութիւնների մէջ, բայց բանակցութիւնների սեղանին մի քանի տարբերակներ կան: Մենք երէկ նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք դրանց»:

Աւելի վաղ Ալիեւի եւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդեարովի հետ հանդիպումից յետոյ Լաւրովը, նշելով, թէ ներկայումս կան կարգաւորման գրեթէ բոլոր բաղադրիչներն ու պայմանաւորուածութիւնները՝ յաւելել է. «Հարցն անգամ այն չէ՝ ինչ հերթականութեամբ դրանք դասաւորել, այլ՝ ինչ ձեւակերպումներ գտնել»:

Ի հարկէ, դժուար է հաւատալ ադրբեջանական լրատուամիջոցներին, սակայն, դրանց հաղորդմամբ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքը, ով միւս համանախագահների հետ երէկ Բաքւում հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի ղեկավարութեան հետ, խօսելով հակամարտութեան կարգաւորման գործընթացի մասին, իր հերթին ասել է. «Համանախագահները շատ կառուցողական զրոյց են ունեցել Իլհամ Ալիեւի, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զօրքերի դուրս բերումն է գրաւեալ տարածքներից եւ դրանց վերադարձը Բաքուին, միեւնոյն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստութիւնը»:

Լաւրովի եւ Ուորլիքի գրեթէ միաժամանակեայ յայտարարութիւնների նմանութիւնը թէ՛ իմաստային եւ թէ, այսպէս կոչուած, կարգաւորման «ճանապարհային քարտէզի» առումով, ակնառու է: Այնպիսի տպաւորութիւն է, թէ նրանք նախապէս համաձայնեցրել են հիմնական ուղերձները, որոնց էութիւնը հետեւեալն է՝ հայկական կողմը յանձնում է նախկին ԼՂԻՄի շուրջը գտնուող, ներկայիս ԼՂՀի մաս կազմող՝ նախկին ադրբեջանական 7 շրջանները, որին զուգահեռ բանակցութիւններ են ընթանալու ԼՂի կարգավիճակի որոշման հարցի շուրջ: Ուշադրութիւն դարձնենք, որ խօսքը գնում է ոչ թէ ԼՂի ինքնիշխանութեան ճանաչման, այլ միայն նրա ապագայ կարգավիճակի շուրջ բանակցութիւնների շարունակման մասին, որը, կրկնում ենք, պէտք է տեղի ունենայ, ըստ էութեան, մինչեւ հիմա բանակցութիւններում հայկական կողմից որպէս փոխզիջման առարկայ դիտարկուած շրջանների յանձնման գործընթացի պարագայում:

Ո՛չ Ուորլիքը եւ ոչ էլ Լաւրովը չեն խօսում ո՛չ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի եւ ոչ էլ ԼՂի անվտանգութեան ապահովման մեխանիզմների մասին: Շատ հնարաւոր է՝ երկու դիւանագէտներն էլ կենտրոնացել են միայն ամենահիմնական՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների բախման բուն առարկայի՝ տարածքների եւ ԼՂ կարգավիճակի վրայ:

Սակայն հարկ է ուշադրութիւն դարձնել Լաւրովի այն յայտարարութեանը, թէ հիմնական համաձայնութիւններն արդէն կայացուած են, եւ խնդիրը միայն ձեւակերպումներ գտնելու մէջ է: Նախ՝ հարց է առաջանում, թէ ե՞րբ հասցրին կողմերը համաձայնութիւն տալ կարգաւորման բոլոր բաղադրիչներին, եթէ շփման գծում անգամ ռազմական գործողութիւններն ամբողջութեամբ չեն դադարել, իսկ Լաւրովը եւ ՄԽ համանախագահները դեռ նոյնիսկ չէին էլ սկսել իրենց բանակցութիւնները Երեւանի ու Ստեփանակերտի հետ:

Երկրորդ՝ եթէ խնդիրը մնացել է զուտ ձեւակերպումներ գտնելը, ապա չի՞ ուզում, արդեօք, Լաւրովն ասել, որ կողմերը կամ նրանցից գոնէ մէկը խնդիր ունի այնպիսի ձեւակերպումներ գտնել արդէն որոշուած եւ համաձայնեցուած լուծումների համար, որոնք թոյլ կը տան նրան(ց) արդարանալ սեփական ժողովրդի առջեւ: Եւ եթէ հարցը զուտ ձեւակերպումներն են, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ հնարաւոր չդարձաւ դրանք գտնել եւ խնդրի խաղաղ կարգաւորմանն անցնել, փոխարէնը տեղի ուենցաւ կարճատեւ արիւնալի պատերազմ:

Երրորդ՝ դեռ նախորդ տարեվերջին իր հարցազրոյցներում Ջէյմս Ուորլիքը յայտարարում էր՝ ինչ որ փուլից Ստեփանակերտը պէտք է մտնի բանակցութիւնների մէջ: Եթէ ամէն ինչ արդէն համաձայնեցուած է, եւ մնում է ընդամէնը յարմար ձեւակերպումներ գտնել, ապա ո՞վ է այդ դէպքում առաջարկուած լուծումներին Ստեփանակերտի անունից համաձայնութիւն տուել: Երէկ նախքան ՄԽ համանախագահների հետ հանդիպելը հրաւիրած ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը յայտարարել է, թէ որեւէ լուծում չի կարող լինել, քանի դեռ Ստեփանակերտը դրանց համաձայնութիւն չի տուել: Պէտք է ենթադրել, որ իր այս յայտարարութեամբ Բակօ Սահակեանը յստակ հասկացնում է, որ հայկական կողմը զիջումների չի գնայ:

Տարօրինակ է նաեւ Լաւրովի՝ Բաքուի յայտարարութիւններին պաշտօնական Երեւանի ակնթարթային արձագանգը: ՀՀ ԱԳՆ խօսնակ Տիգրան Բալայեանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի յայտարարութիւններին, ասել է. «2011թ. կողմերին ներկայացուած Կազանի փաստաթուղթը բանակցութիւնների սեղանին է: Ադրբեջանը հրաժարւում է այն ընդունել՝ չնայած, որ նախօրօք համաձայնեցուել է Բաքուի հետ: Մենք բազմիցս խօսել ենք այդ մասին: Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգաւորման սկզբունքների համաձայնեցումը»:

Այս արձագանգը նշանակում է, որ Երեւանը, որպէս բանակցութիւնների հիմք, ընդունում է բացառապէս Կազանում 2011թ. ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ստորագրուելիք, սակայն Բաքուի կողմից վերջին պահին մերժուած նախագիծը: Կարելի է մեկնաբանել, որ Երեւանը, նախքան Լաւրովի եւ համանախագահողների հետ բանակցութիւնները, յստակեցնում է, որ որեւէ նոր՝ այլ լուծումներ, նոր կոնֆիգուրացիաներ (ուրուանկարներ-Խմբ.) չի պատրաստւում քննարկելու:

Չի բացառւում, ի հարկէ, որ թէ՛ Լաւրովը եւ թէ Ուորլիքն իսկապէս խօսում են, այսպէս կոչուած, «կազանեան նախագծի» վերակենդանացման մասին: Դրա մասին կարող է յուշել  կարգաւորման գրեթէ բոլոր բաղադրիչների շուրջ համաձանութիւնների առկայութեան մասին՝ Լաւրովի ակնարկը: Սակայն այդ դէպքում ի՞նչ «մի քանի տարբերակների» մասին է «ՏԱՍՍ»ին տուած հարցազրոյցում նա ակնարկում:

Այնպիսի տպաւորութիւն է, թէ, փորձելով վերջնականապէս չէզոքացնել պատերազմի նոր բռնկման հնարաւորութիւնը, ԱՄՆը եւ Ռուսաստանը փորձում են կողմերին կամ նրանցից մէկին կարգաւորման պատրաստի բանաձեւեր կամ լուծումներ պարտադրել: Եթէ նկատի ունենանք փաստը, որ, ի տարբերութիւն տարածքներ յանձնելու պահանջի, թէ՛ Լաւրովը եւ թէ Ուորլիքը չափազանց անորոշ, լղոզուած ձեւակերպումներ են տալիս ԼՂի կարգավիճակի որոշման վերաբերեալ, չի կարելի բացառել, որ այդ լուծումները փորձ է արւում պարտադրել հէնց հայկական կողմին: Միւս կողմից՝ չի բացառւում, որ սա ընդամէնը նման պարտադրանքի իմիտացիա (նմանակում-Խմբ.) է՝ իրավիճակը սառեցնելու համար:

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles