ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view. Ինչպէս յայտնի է, պաշտօնական Բաքուն արդէն վաղուց փորձեր է ձեռնարկում՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխելու միջազգային այլ ատեաններ: Յայտնի է եւ նման մտադրութեան պատճառը՝ Ադրբեջանը դժգոհ է, որ Մինսկի խմբի շրջանակներում նրան չի յաջողւում հասնել հարցի լուծմանը՝ իր պայմանների համաձայն: Իսկ դրանց էութիւնը կայանում է Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրայ մատուցելու լկտի պահանջի մէջ՝ առանց առնուազն վերջին 25 տարիների օբյեկտիւ իրողութիւնների՝ միջազգային իրաւունքի հիմքի վրայ ԼՂՀ հռչակման փաստի եւ Բաքուի յանցաւոր ռեժիմի կողմից նրա դէմ սանձազերծուած ու խայտառակաբար տանուլ տուած պատերազմի հետեւանքների հաշուառման: Պայմաններ, որոնք, մեղմ ասած, իռացիոնալ են, ողջամտութեանը ոչ հասու: Այստեղից էլ Հայաստանի ու Արցախի համար այդ պայմանների անընդունելի լինելը, եւ հէնց միջազգային միջնորդների քննադատական վերաբերմունքը, ինչն էլ յարուցում է ալիեւեան ռեժիմի ծայրաստիճան զայրոյթը: Որպէս հետեւանք, Մինսկի խմբի համանախագահութեան ինստիտուտը գնալով աւելի յաճախ է կոշտ յարձակման ենթարկւում Բաքուի կողմից, որը նրա վարկաբեկման համար ջանքեր չի խնայում:
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցէին քննադատութեան հերթական ալիքի համար իւրատեսակ խթան դարձաւ Յունուարին, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Մեծ Բրիտանիայի պատգամաւոր (այժմ արդէն նախկին) Ռոբերտ Ուոլտերի կողմից պատրաստուած հակաղարաբաղեան բանաձեւի տապալումը: Ինչպէս յայտնի է, նստաշրջանի նախօրէին Մինսկի խմբի համանախագահներն իրենց համատեղ յայտարարութեան մէջ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ են արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել բանակցային գործընթացը՝ միաժամանակ յիշեցնելով, որ հակամարտութեան կարգաւորման միակ ընդունելի ձեւաչափը մնում է Մինսկի խումբը: Կարելի է ենթադրել՝ ԵԽԽՎն ականջալուր եղաւ միջնորդների կոչին, քանի որ, ինչպէս արդէն նշուել է, բանաձեւը չանցաւ: Եւ անգամ այսօր՝ երկու ամիս անց, ադրբեջանական իշխանութիւնները չեն կարողանում համանախագահներին ներել իրենց պարտութիւնը, ու միջնորդների նկատմամբ ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) տոնը մնում է անփոփոխ:
Այստեղ, սակայն, հարկ է նկատել, որ ի տարբերութիւն «հակամինսկեան» քննադատութեան տոնայնութեանը, փոփոխութիւն է կրել պաշտօնական Բաքուի մարտավարութիւնը: Հասկանալով, որ կարելի չէ հասնել այն բանին, որ կարգաւորման գործընթացը տեղափոխուի այլ ատեաններ, քանի որ Մինսկի խմբի՝ որպէս միակ ընդունելի միջազգային ձեւաչափի օգտին հանդէս են եկել թէ՛ համանախագահող երկրները, թէ՛ Եւրախորհրդարանը եւ թէ քաղաքական երեւելի շատ գործիչներ, ալիեւեան ռեժիմը որոշեց «հաւատարմութիւն պահպանել» Մինսկի գործընթացին, բայց խաղադրոյք կատարել մոդերատորների (խաղարարարներու-Խմբ.) թուաքանակի ընդլայնման վրայ ու դրանով իսկ խաթարել եռանախագահութեան ինստիտուտը: Այսպէս, անցած Հինգշաբթի ԵԱՀԿ գործող նախագահի Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցիչ Գիւնտեր Բեխլերի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդեարովը բարձրացրեց Մինսկի խմբի լիակազմ հանդիպումների անցկացման անհրաժեշտութեան հարցը: Նրա տեղակալ Ազիմովը չթաքցրեց էլ, որ Բաքուն յոյսեր է կապում Թուրքիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանի պատմական դաշնակիցների հետ, ինչի շնորհիւ, նրա կարծիքով, կը յաջողուի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրայ: Ընդ որում, Բաքուն յոյս ունի բանակցութիւնների ձեւաչափի նման վերափոխմանը հասնել արդէն այս տարում՝ ԵԱՀԿում Գերմանիայի նախագահութեան շրջանում:
Այլ խօսքով, աւելի քան ակնյայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած միջոցի դիմելու՝ ինչպէս բանակցութիւնների ձեւաչափի, այնպէս էլ միջնորդների կազմի փոփոխութեան, բայց ոչ մի կերպ սեփական դիրքորոշման փոփոխութեան համար: Իսկ այն փաստը, որ այդ դիրքորոշումն ընդհանուր ոչինչ չունի ողջամտութեան եւ հակամարտութեան կարգաւորման տրամաբանութեան հետ, հաստատել է Մամեդեարովը Գիւնտեր Բեխլերի հետ նոյն հանդիպմանը: Պարզապէս ապշում ես՝ ո՞ւմ համար է նախատեսուած ողջ բառակոյտը, որ հնչեցուեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կողմից ԵԱՀԿ գործող նախագահի Հարաւային Կովկասի հարցերով յատուկ ներկայացուցչի հետ զրոյցի ընթացքում:
Ակամայից գալիս ես այն եզրահանգման, որ Մամեդեարովն այնքան էլ բարձր կարծիքի չէ պարոն Բեխլերի ինտելեկտուալ (իմացական-Խմբ.) մակարդակի եւ մասնագիտական իրազեկութեան վերաբերեալ: Այլապէս նա իրեն թոյլ չէր տայ վերջինիս հետ զրոյցում պնդել, որ «Հայաստանի իրական նպատակը բանակցային գործընթացին վնաս հասցնելը եւ Ադրբեջանի տարածքների անեքսիան (բռնի կցումը-Խմբ.) է», որ «օրակարգում տեխնիկական հարցեր ընդգրկելը, ինչպիսին, օրինակ, միջադէպերի հետաքննութիւնն է, Հայաստանի կողմից միտումնաւոր է արւում՝ հակամարտութեան կարգաւորումից ուշադրութիւնը շեղելու համար»: Այն դէպքում, երբ բոլորին է յայտնի, որ հէնց Ադրբեջանն է «վնաս հասցնում բանակցային գործընթացին»՝ հրաժարուելով ցանկացած ողջամիտ առաջարկից եւ սրելով լարուածութիւնը շփման գծում: Ինչպէս յայտնի է եւ այն, որ հակամարտութեան կողմերի զինուած ուժերի շփման գծի ողջ երկայնքով միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման գաղափարն առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները, այլ ոչ Հայաստանը, որը ԼՂՀի հետ միասին սատարել է այդ գաղափարը, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է այն:
Ադրբեջանի ղեկավարութեան գործողութիւններն ամենայն համոզչութեամբ ապացուցում են Բաքուի մօտ հիմնախնդրի փոխընդունելի լուծմանը հասնելու ցանկութեան բացակայութիւնը: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան եւ բանակցային գործընթացի էութեան խեղաթիւրումը, միջազգային միջնորդների ջանքերի տորպեդահարումը (քայքայումը-Խմբ.), շփման գծում լարուածութեան մշտական սրումը միջազգային միջնորդներից աւելի վճռական գործողութիւններ են պահանջում՝ գազազած ագրեսորին (յարձակողին-Խմբ.) ի վերջոյ խելքի բերելու համար: Մինսկի խմբի համանախագահները պէտք է հետեւողական լինեն եւ պաշտպանեն ինչպէս խաղաղարար գործընթացի շահերը, որտեղ նրանք հանդէս են գալիս հովանաւորի դերում, այնպէս էլ սեփական վարկանիշը: Քանզի ակնյայտ է, որ նրանց իմիջային (վարկի-Խմբ.) կորուստներն իրենց մէջ ռիսկեր են պարունակում նաեւ կարգաւորման ողջ գործընթացի համար, որը չի կարելի յանձնել Բաքուի յանցաւոր ռեժիմի տնօրինութեանը: