ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մարտի 3ին, ամերիկեան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը յարգելու եւ ճանաչելու» մասին բանաձեւ:
Փաստաթղթում, մասնաւորապէս, նշւում է, որ Ներկայացուցիչների պալատի անդամները, «արժանին հատուցելով զոհողութիւններին, նուիրուածութեանն ու վճռականութեանը, որոնք ցուցաբերուել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրայեղ դժուարութիւնների պայմաններում», միջազգային հանրութեանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը՝ որպէս ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարութիւն: Նշենք, որ Կալիֆորնիայից, Լուիզիանայից, Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից եւ Մենից յետոյ Ջորջիան դարձաւ ԱՄՆ 6րդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը: Յիշեցնենք նաեւ, որ 2012թ. Աւստրալիայի ամենախոշոր նահանգի՝ Նոր Հարաւային Ուելսի Օրէնսդիր խորհուրդը կամ խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունեց ԼՂՀն եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը ճանաչելու մասին բանաձեւ:
Աւելի վաղ գրել էինք, որ ԼՂՀում 2015թ. Մայիսի 3ին կայացած խորհրդարանական ընտրութիւնները, որոնք հաստատել են իրենց ինքնիշխան պետականութիւնն այսուհետ էլ ամրապնդելու արցախցիների կամքը, դարձան եւս մի լուրջ քայլ ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: Ինչպէս նշել էինք եւ այն, որ միջազգային հանրութիւնն իրաւունք չունի չնկատել ու ըստ արժանուոյն չգնահատել ԼՂՀ իշխանութիւնների ու ժողովրդի հաւատարմութիւնը ղարաբաղեան հասարակութեան զարգացման ժողովրդավարական սկզբունքներին, որոնցից է համաժողովրդական ընտրութիւնների հիման վրայ պետական իշխանութեան օրինական մարմինների ձեւաւորումը: Դատելով Ջորջիա նահանգի բանաձեւից՝ այդ հաւատարմութիւնը հերթական անգամ նկատեցին ու գնահատեցին, քանի որ նրանում ուղղակիօրէն մատնանշւում է, որ «շահագրգիռ դիտորդները, այդ թւում՝ Միացեալ Նահանգները, 2015 թուականի Մայիսի 3ին ԼՂՀում կայացած խորհրդարանական ընտրութիւնները ճանաչել են ազատ եւ թափանցիկ»: Ի դէպ, այդ ընտրութիւնների դիտարկում անցկացնելու նպատակով Արցախ են ժամանել մինչեւ 100 միջազգային դիտորդներ գրեթէ 30 պետութիւններից, իսկ դրանք լուսաբանուել են մօտ 110 տեղական եւ արտասահմանեան լրագրողների կողմից: Եւ այստեղ կարեւոր է ընդգծել, որ գործնականում բոլոր դիտորդներն ու ԶԼՄների ներկայացուցիչներն ընտրութիւնները ճանաչել են ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ, միջազգային չափանիշներին համահունչ:
Ի հարկէ, չպէտք է գերագնահատել Ջորջիա նահանգի բանաձեւի նշանակութիւնը, որը դեռ ողջ ԱՄՆը չէ ու, առաւել եւս, միջազգային հանրութիւնը չէ: Սակայն նշուած եւ նախորդ բոլոր բանաձեւերի ընդունման փաստն ինքնին արդէն նշանակալի է, քանի որ այն, անկասկած, կը նպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը եւ վկայում է նշմարուող դրական միտման մասին: Իր ազատ, ժողովրդավարական զարգացման ուղին գիտակցաբար ընտրած ժողովրդին հասկանալու ու յարգելու, իր ապագան ինքնուրոյն տնօրինելու՝ նրա անքակտելի իրաւունքը ճանաչելու միտում: Ղարաբաղամէտ բանաձեւերի ընդունումը թերեւս հարկ է դիտարկել նորանկախ պետութիւնների ձեւաւորման ժամանակակից միջազգային գործընթացների զարգացման համատեքստում, երբ առաջնահերթութիւնը տրւում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքին՝ որպէս այս կամ այն տարածաշրջանում կայունութեան պահպանման կարեւոր պայման: Դա որոշակի յոյս է ներշնչում, որ ԼՂՀ անկախութիւնը ճանաչող նահանգների թիւը գնալով կ՛աւելանայ, եւ հեռանկարում քանակը կը վերաճի որակի: Գաղտնիք բացայայտած չենք լինի, եթէ նշենք, որ յիշեալ միտումները խիստ մտահոգում են Բաքուին: Ինչպէս եւ միւս բոլոր դէպքերում, Ադրբեջանի ԱԳՆը չափազանց նեարդայնօրէն արձագանգեց Ջորջիա նահանգի բանաձեւին:
Արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Հաջիեւը, մեկնաբանելով Ջորջիա նահանգի բանաձեւը, նշեց, որ արտաքին քաղաքականութեան, ինչպէս եւ որեւէ կազմաւորման ճանաչման վերաբերեալ հարցերը ԱՄՆ դաշնային կառավարութեան լիազօրութիւնների մէջ են մտնում: Չենք վիճաբանի, բայց դա կարելի է համեմատել վատ խաղի դէպքում դէմքի ուրախ արտայայտութիւն ցոյց տալու հետ, քանի որ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի քայլը հերթական զգայուն հարուածը դարձաւ Ադրբեջանի ինքնասիրութեանը՝ ԵԽԽՎում բրիտանացի Ուոլտերի հակաղարաբաղեան բանաձեւի յունուարեան ձախողումից յետոյ: Եւ միանգամայն հասկանալի է Հաջիեւի զայրոյթը, երբ նա յայտարարում է, թէ «նման խղճուկ եւ սադրիչ գործողութիւններով Հայաստանը ձգտում է վնաս հասցնել խաղաղ բանակցութիւններին»: Իսկ սա արդէն, համաձայնենք, բացայայտ լկտիութիւն է, քանի որ ցանկացած փոխզիջում բացառող դիրքորոշում զբաղեցրած եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին ընդդիմագործութեան (օբստրուկցիա) ենթարկող Ադրբեջանն է հէնց իր ապակառուցողական քայլերով խաթարում հակամարտութեան խաղաղ հանգուցալուծմանն ուղղուած միջազգային միջնորդների ջանքերը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի վերը նշուած խօսքերում հեշտութեամբ կարելի է կարդալ, ամէնից առաջ, ժամանակակից աշխարհաստեղծման գործընթացի օբյեկտիւ զարգացումը չտեսնելու յամառ ցանկութիւնը, երբ, ինչպէս նշեցինք, ճանաչւում է ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը, որն, ինչպէս յայտնի է, իր տեղն է գտել եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների շարքում: Ահա թէ ինչու ԼՂՀ անկախութեան ճանաչման մասին Ջորջիա նահանգի կողմից բանաձեւի ընդունումը Հայաստանի, այսպէս կոչուած, սադրիչ գործողութիւններով բացատրելու՝ Բաքուի ալարկոտ փորձերը պարզապէս ծիծաղելի են: Ներկայ միտումները՝ կապուած, այդ թւում, իր քաղաքական ապագան ինքնուրոյն տնօրինելու արցախցիների իրաւունքի եւ հէնց ԼՂՀ անկախութեան ճանաչման մասին ամերիկեան նահանգների կողմից ընդունուած բանաձեւերի հետ, հիմք են տալիս մտածելու, որ գործընթացն այդ ձեռք է բերում առաջընթաց բնոյթ: Եւ իրադարձութիւնների նման զարգացման ու ԼՂՀ անկախութեան սատարման երաշխիքներից մէկը մեր հանրապետութեան նուիրուածութիւնն է իր զարգացման ժողովրդավարական ուղուն, ինչը նշւում է գործնականում բոլոր բանաձեւերի մէջ: