Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ինչ Է Բացայայտում ՀՀԿ-ՀՅԴ Համաձայնագիրը

$
0
0

0226alliance

 

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

 

Ի վերջոյ ստորագրուեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցութեան համաձայնագիրը, որի տեքստը հրապարակուեց ստորագրման արարողութիւնից գրեթէ անմիջապէս յետոյ: Թէ ինչպիսի արդիւնքներ կը տայ նոր մեկնարկած այս համագործակցութիւնը, պարզ կը լինի աւելի ուշ: Սակայն համաձայնագրի տեքստի, դրա հիմնական ուղղութիւնների նախնական, ընդհանրական դիտարկումը արդէն հիմա թոյլ է տալիս կատարելու մի քանի էական նկատառում:

  1. Չնայած պորտֆելների (նախարարական պաշտօններու-Խմբ.) վերաբաշխման հարցի շուրջ աւելի վաղ կայացուած համաձայնութիւններին, այս փաստթուղթը ստորագրուեց նկատելի ուշացումով: Դա ցոյց է տալիս, որ կողմերի համար առաւել էականը, հետեւաբար նաեւ աւելի դժուարահասը, եղել է համագործակցութեան սկզբունքների, պայմանների, համատեղ որոշումների կայացման մեխանիզմների, ինչպէս նաեւ օրակարգի շուրջ կոնսենսուսի (համախոհութեան-Խմբ.) ձեւաւորումը: Սրանք գործօններ են, որոնք այդ համաձայնագրի կենսագործման եւ երկու ուժերի համագործակցութեան արդիւնաւէտութեան առումով ուղղակի կենսական նշանակութիւն ունեն եւ յոյս են ներշնչում, որ հռչակուած նպատակները թղթի վրայ չեն մնայ:
  2. Համաձայնագիրը ներառում է հասարակական-քաղաքական օրակարգի հիմնական բոլոր խնդիրները, Հայաստանի առջեւ ծառացած ներքին ու արտաքին բոլոր մարտահրաւէրները՝ սկսուած տնտեսութեան մոնոպոլիզացուածութիւնից (մենաշնորհուած-Խմբ.), պետական միջոցների կառավարման անարդիւնաւէտութիւնից ու կոռուպցիայից մինչեւ ժողովրդագրական իրավիճակի աղէտալի դրութիւնը, հայրենադարձութեան կազմակերպման հրատապութիւնը, ԼՂ հիմնախնդրի կարգաւորումը եւ այլն: Չնայած համաձայնագրում նշւում է, որ կողմերը համատեղ պատասխանատուութիւն են ստանձնում կառավարութեան ծրագրերի կատարման համար, սակայն ակնյայտ է, որ հէնց այս համաձայնագրով նշուած առաջնահերթութիւններն են առնուազն առաջիկայ տարուայ ընթացքում լինելու հիմնական անելիքները: Այլ կերպ ասած՝ համաձայնագիրն իրենից ներկայացնում է գործողութիւնների ծրագիր:
  3. Կողմերը հաւասար պատասխանատուութիւն են ստանձնում, թէ՛ արդարացի ու ժողովրդավարական ընտրութիւններ ապահովող ընտրական օրէնսգրքի ընդունման եւ թէ 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների պատշաճ կազմակերպման համար: Այս հանգամանքը խիստ պարտաւորեցնող է եւ կողմերին ստիպելու է առաջնորդուել նոր օրէնսգրքի շուրջ որքան հնարաւոր է՝ լայն քաղաքական կոնսենսուս ապահովելու սկզբունքով:
  4. Ի տարբերութիւն նախկին կոալիցիաների ձեւաւորման պայմանների, համագործակցութեան այս համաձայնագրում հիմնական շեշտը դրուած է քաղաքական որոշումների կայացման գործընթացում կողմերի մասնակցութեան, դերակատարութեան ձեւաչափի վրայ: Յստակ նախանշւում են տարաձայնութիւնները բանակցութիւնների միջոցով լուծելու, հայեցակարգային եւ ռազմավարական նշանակութեան նախագծերը միայն միասնական դիրքորոշում ձեւաւորելու արդիւնքում հաստատելու սկզբունքը: Դրա պրակտիկ (գործնական-Խմբ.) իրականացման համար ընտրուել է ոչ աւելի-ոչ պակաս «համագործակցութեան խորհրդի» ձեւաչափը, որն իր գործունէութիւնն իրականացնելու է որոշակի պարբերականութեամբ անցկացուող նիստերի միջոցով: Նման ինստիտուցիոնալ մօտեցում հայաստանեան քաղաքական պատմութեան ընթացքում դրսեւորւում է առաջին անգամ, եւ յստակ ընդգծում մի կողմից որոշումների կայացման հարցում ոչ երկրորդային դերակատարում ունենալու առումով ՀՅԴի հետեւողականութիւնը, միւս կողմից՝ այս հարցում իր բացառիկ քաղաքական իրաւունքից ինքնակամ մասամբ հրաժարուելու իշխանական ուժի հակուածութիւնը: Եթէ աւելի պարզ՝ ստեղծւում է մի ձեւաչափ, որը բացառում է որոշումներն այլեւս միայն «Մելիք-Ադամեան փողոցում» կայացնելը: Սա քաղաքական որոշումների կայացման հարցում մենաշնորհի վերացման միջանկեալ լուծում է: Նման լուծումն առաջին հերթին անհրաժեշտ է ՀՅԴին՝ չյայտնուելու համար մի կարգավիճակում, երբ կիսելով պատասխանատուութիւնը կայացուող որոշումների համար եւ դառնալով այդ որոշումների կատարման մասնակիցը՝ չի ունենում դրա վրայ ազդեցութեան որեւէ լծակ: Այսպիսին էր 2008թ. ստեղծուած քաղաքական կոալիցիայում ՀՀԿից բացի միւս բոլոր ուժերի կարգավիճակը:
  5. Չնայած թէ՛ ՀՀԿն եւ թէ ՀՅԴն յայտարարում են այն մասին, որ համագործակցութիւնը երկարաժամկէտ հեռանկարով է ծաւալւում, սակայն այդ մասին համաձայնագրում որեւէ ակնարկ չկայ: Պատճառը թերեւս, այն է, որ հնարաւոր չէ գրաւոր համաձայնութիւն ամրագրել երկարաժամկէտ համագործակցութեան մասին, քանի դեռ պարզ չէ՝ ինչպիսին են լինելու ընտրութիւնների արդիւնքները, ստանալո՞ւ են ՀՀԿն եւ ՀՅԴն խորհրդարանում այնպիսի ներկայացուածութիւն, որ նրանց հնարաւորութիւն կը տայ մեծամասնութիւն ձեւաւորել եւ մտածել երկարաժամկէտ գործակցութեան մասին: Այս իրողութիւնը ենթատեքստում պարունակում է երկու յստակ ուղերձ: Առաջին՝ որ ընտրութիւնները չեն կարող կանխորոշուած լինել, ինչի մասին իր ելոյթում յայտարարել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսեանը: Երկրորդ՝ որ չնայած քաղաքական յայտարարութիւններին, այս համագործակցութիւնն առաւելապէս կարճաժամկէտ, աւելի կոնկրետ մէկամեայ հեռանկարով է սկսուել՝ հիմքում ունենալով յատկապէս նոր ընդունուած Սահմանադրութիւնից բխող գործընթացներն ապահովելու, ինչպէս համաձայնագրում է ձեւակերպւում՝ «հանրային կեանքի սահմանադրականացման յանձնառութիւնները»:

Ինչեւէ, համաձայնագիրը ոչ թէ իրաւական, այլ քաղաքական նշանակութիւն ունի: Հասարակութիւնը, ի դէմս այս փաստաթղթի, ձեռք է բերում սկսուած քաղաքական համագործակցութեան արդիւնաւէտութիւնը չափելու, գնահատելու կոնկրետ գործիք եւ չափորոշիչ: Համաձայնագրում յատկապէս երկու ուժերի միջեւ «խաղի կանոնների հաստատման» եւ համագործակցութեան խորհրդի ձեւաւորման վերաբերեալ դրոյթների ամրագրումը փաստացի հայաստանեան քաղաքական համակարգ է ներմուծում նոր մշակոյթ: Սակայն առաւել քան պարզ է, որ էականը ոչ թէ ընդհանուր նպատակների, խաղի կանոնների ամրագրում է նմանատիպ քաղաքական փաստաթղթերում, որոնց օրինակները հասարակութիւնը տեսել է բազմիցս, այլ դրանց պրակտիկ գործադրումը եւ դրանց արդիւնաւէտութիւնը: Հիմա եկել է հէնց դրա ժամանակը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles