ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու շէնքի նորոգումը առիթ հանդիսացաւ, որ հնչեն իրարամերժ կարծիքներ: Մինչեւ իսկ ոմանց կողմից փորձ արուեց հարցը ներկայացնել որպէս «Թուրքիայի բարի կամքի դրսեւորում»: Քանի որ Թուրքիայի հանրապետութեան տիրոյթում, ինչպէս նաեւ Թուրքիայի կողմից վերահսկուող տարածքներում գտնուող հայկական հազարաւոր յուշարձանների կարգավիճակը եւ դրանց նկատմամբ Թուրքիայի պարտաւորութիւնները յստակեցուած են միջազգային օրէնքով եւ ամրագրուած են միջպետական փաստաթղթերում, ուստի անհրաժեշտ է հարցի մէջ պարզութիւն մտցնել միջազգային իրաւունքի տեսանկիւնից:
Թուրքիայի հանրապետութեան՝ որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտի (ենթակայի-Խմբ.) ճանաչումը բխում է Լօզանի պայմանագրից՝ մաս առաջին, յօդուած առաջին (24 Յուլիսի, 1923թ.): Նոյն պայմանագրի 1ին մասի 3րդ բաժինը (յօդուածներ 37-44) ամբողջովին նուիրուած է Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեանը, նրանց ինքնութեան ու ժառանգութեան պահպանմանը:
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ազգային փոքրամասնութիւններին վերաբերող վերոնշեալ 37-44րդ յօդուածներին Լօզանի պայմանագրի 37րդ յօդուածով տրուել է հիմնարար օրէնքի (fundamental law) կարգավիճակ եւ բացարձակ գերակայութիւն բոլոր այլ օրէնքների, կանոնակարգերի եւ պաշտօնական գործողութիւնների նկատմամբ.
«Յօդուած 37. Թուրքիան ընդունում է, որ 38ից 44րդ յօդուածներում առկայ պայմանաւորուածութիւնները ճանաչւում են որպէս հիմնարար օրէնքներ, եւ որեւէ օրէնք, կանոնակարգ կամ պաշտօնական գործողութիւն չի կարող հակասել դրանց կամ խոչընդոտել այդ պայմանաւորուածութիւններին, ինչպէս նաեւ ոչ մի օրէնք, կանոնակարգ կամ պաշտօնական գործողութիւն չի կարող գերակայ լինել դրանց նկատմամբ»:
Ինչպէս ակնյայտ է նշեալ յօդուածից, վերոշարադրեալը խիստ կարեւոր յանձնառութիւն է եւ հանդիսանում է Թուրքիայի համար միջազգային անբեկանելի պարտաւորութիւն: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրաւունքի մէջ հիմնարար օրէնքի խմբին են դասւում սահմանադրութիւնները կամ դրանց հաւասարեցուած իրաւական փաստաթղթերը:
Քանի որ սոյն յօդուածի նպատակներից դուրս է քննել Լօզանի պայմանագրով ամրագրուած ազգային փոքրամասնութիւնների, մասնաւորապէս՝ հայերի բոլոր իրաւունքները, ուստի մենք կ՛անդրադառնանք միայն խնդրոյ առարկային՝ ազգային փոքրամասնութիւնների կրօնական ազատութիւններին եւ նրանց կրօնական կառոյցների նկատմամբ Թուրքիայի պարտաւորութիւններին:
Լօզանի պայմանագրի 38րդ յօդուածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնաւոր կամ հանրային կեանքում տրւում է հաւատքի, կրօնի կամ դաւանանքի ազատութիւն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40րդ յօդուածով նրանց տրւում է կրօնական հաստատութիւններ հիմնելու, գործածելու եւ վերահսկելու իրաւունք:
Աւելին, Լօզանի պայմանագրի 42րդ յօդուածի 3րդ մասով «Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում է լիակատար պահպանութեան տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշեալ փոքրամասնութիւնների այլ կրօնական հաստատութիւնները»: Բնականաբար «լիակատար պահպանութիւնն» իր մէջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չաւերելը, այլեւ՝ դրանց ամրացումն ու նորոգումը:
Հետեւաբար, Ս. Խաչ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը ոչ թէ «բարի կամքի դրսեւորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնարար օրէնքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խիստ թերի եւ ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով:
Հիմա ամենահետաքրքրականը: Իսկ ովքե՞ր են եղել եւ մնում Թուրքիայի կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարման երաշխաւորները: Լօզանի պայմանագրի 44րդ յօդուածի 1ին մասը նշում է. «Թուրքիան համաձայնւում է, որ Թուրքիայի ոչ մուսուլմաններին վերաբերող սոյն բաժնի նախորդող յօդուածները հանդիսանում են միջազգային պարտաւորութիւններ, եւ դրանց կատարումը պէտք է երաշխաւորուի Ազգերի լիգայի կողմից»:
Յատուկ պարտականութիւններ են դրւում Ազգերի լիգայի խորհրդի (Council of the League of Nations) անդամների վրայ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա: Այսինքն, ներկայումս Միացեալ ազգերի կազմակերպութիւնը (ՄԱԿ) եւ Անվտանգութեան խորհուրդը, որոնք ժառանգել են Ազգերի լիգայի եւ Խորհրդի ոչ միայն իրաւունքները, այլեւ՝ պարտականութիւնները, հանդիսանում են Թուրքիայում հայկական փոքրամասնութեան եւ, մասնաւորապէս, հայկական յուշարձանների պահպանման հովանաւորներն ու երաշխաւորները:
Ի լրումն այս ամէնի, նշեալ 44րդ յօդուածի 4րդ մասն ամրագրում է ցանկացած տարաձայնութիւնը դատական կարգով լուծելու հնարաւորութիւնը. «Թուրքիան նաեւ համաձայնւում է, որ օրէնքին կամ սոյն յօդուածներից բխող որեւէ փաստին վերաբերող ցանկացած տարակարծութիւն, որը կ՛առաջանայ թուրքական կառավարութեան եւ պայմանագիրը ստորագրած որեւէ երկրի կամ Ազգերի լիգայի խորհրդի որեւէ անդամի միջեւ, պէտք է համարուի միջազգային բնոյթի վէճ, ինչպիսին ամրագրուած է Ազգերի լիգայի կանոնակարգի 14րդ յօդուածով:
Թուրքական կառավարութիւնը սոյնով իր համաձայնութիւնն է յայտնում, որ նման վէճը, եթէ միւս կողմն այդպէս պահանջի, պէտք է փոխանցուի Արդարութեան միջազգային մշտական դատարանի տնօրինմանը: Արդարութեան միջազգային մշտական դատարանի վճիռը պէտք է լինի վերջնական եւ պէտք է ունենայ այնպիսի լիազօրութիւն եւ հետեւանք, ինչպիսին Ազգերի լիգայի կանոնակարգի 13րդ յօդուածով կայացուած վճիռները»:
Այսինքն, Լօզանի պայմանագիրը ստորագրած ցանկացած երկիր (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան եւ Յունաստանը) կամ Խորհրդի (ներկայումս՝ Անվտանգութեան խորհրդի) անդամ որեւէ երկիր (5 մշտական եւ 10 ոչ մշտական անդամներից իւրաքանչիւրը) հայկական յուշարձանների աւերման հարցով իրաւասու է Թուրքիայի դէմ հայցով դիմել Արդարութեան միջազգային մշտական դատարան (ներկայումս՝ Արդարութեան միջազգային դատարան): Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան նաեւ պարտաւորուած են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնութիւնների, այդ թւում նաեւ հայերի հանդէպ Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւնների բարեխիղճ կատարումը:
Խախտելով ազգային փոքրամասնութիւնների իրաւունքներ՝ Թուրքիան սասանում է իր գոյութեան իրաւական հիմքերը, քանի որ, ըստ միջազգային օրէնքի, պայմանագրերը կատարւում են ամբողջութեան մէջ. պայմանագրի մասնակիցներից մէկի կողմից յանձնառութիւնների չկատարումն ազատում է միւս կողմին յանձնառութիւնների կատարումից: Պայմանագիրը փոխադարձ պայմանաւորուածութեան արդիւնք է, հետեւաբար, եթէ Լօզանի պայմանագիրը ստորագրած կողմերից մէկը (Բրիտանական կայսրութիւնը, Ֆրանսիան, Ի-տալիան, Ճապոնիան, Ռումինիան եւ Յունաստանը) ճանաչել է Թուրքիայի հանրապետութիւնը, նրա արեւմտեան ու հարաւային սահմանները, ապա միւս կողմը (Թուրքիան) դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտաւորութիւններ՝ մասնաւորապէս 37-44րդ յօդուածների մէջ ամրագրուած ազգային փոքրամասնութեան իրաւունքների յարգումը:
Հետեւաբար, չկատարելով իր ստանձնած պարտաւորութիւնները, Թուրքիան հարցականի տակ է դնում Լօզանի ողջ պայմանագրի վաւերականութիւնը: Պայմանագրերի օրէնքի վերաբերեալ Վիեննայի կոնուենցիան (դաշինքը.- Խմբ.) (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Յօդուած 60, 2.- Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մէկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը իրաւունք է տալիս միւս մասնակիցներին, միաձայն համաձայնութեամբ, կասեցնել պայմանագրի գործունէութիւնը ամբողջութեամբ կամ մասամբ, կամ՝ լիովին դադարեցնել այն»:
Այսու, թուրքական իշխանութիւնների կողմից հայկական յուշարձանների նպատակային աւերումը սոսկ բարոյականութեան հարց չէ, այլ՝ միջազգային յանձնառութիւնների կոպիտ խախտում: Մէկ եկեղեցու շէնքի մասնակի նորոգումը չի կարող փարատել Թուրքիայի հանրապետութեան կողմից Լօզանի պայմանագրի հետեւողական, բազմակի եւ շարունակուող ոտնահարումների փաստը: