ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողութիւնների պատճառով ռուս-թուրքական յարաբերութիւնների ներկայիս անկումն ուղղակիօրէն առնչւում է Հայաստանին: Որքան էլ աբսուրդային (անհեթեթ-Խմբ.) թուայ, անկախ զարգացումներից՝ Հայաստանին ձեռնտու չէ ո՛չ ռուս-թուրքական առճակատման խորացումը, ո՛չ էլ ջերմացումը:
Առճակատման խորացումը յանգեցնելու է ՆԱՏՕ-Ռուսաստան յարաբերութիւնների վատթարացման, ինչը, բացի այն, որ առհասարակ յղի է համաշխարհային փխրուն կայունութեանը վերջ դնելու հեռանկարով, նաեւ կարող է յանգեցնել ԼՂ հակամարտութեան գօտում հաստատուած ստատուս քուոյի փոփոխութեան փորձերի, ընդ որում՝ ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ռուսաստանի շահագրգռութեամբ: Թուրքիան, մասնաւորապէս, կարող է դրդել Ադրբեջանին՝ մեծացնել լարուածութիւնը հայ-ադրբեջանական սահմանագծին՝ ընդհուպ լոկալ (տեղային-Խմբ.) պատերազմների մակարդակի՝ փորձելով Ռուսաստանի համար ստեղծել Ուկրաինայից, Սիրիայից յետոյ արդէն երրորդ ճգնաժամային գօտին:
Պէտք է նշել, որ Ադրբեջանին սա ինչ որ տեղ նոյնիսկ ձեռնտու է՝ հաշուի առնելով ոչ միայն ստատուս քուօն փոխելու՝ ընձեռուող հնարաւորութիւնը, այլ նաեւ հանգամանքը, որ որքան խորանում է ռուս-թուրքական առճակատումը, այնքան մեծանում է ռուսական գազից Անկարայի հրաժարուելու եւ հայեացքով դէպի Ապշերոնեան թերակղզու նաւթագազային ռեսուրսները շրջուելու հեռանկարը: Այդ առճակատումը մեծացնում է նաեւ Մոսկուայի հետ շահաւէտ գործարքների գնալու՝ Բաքուի հնարաւորութիւնը:
Ռուսաստանն, իր հերթին, կարող է շահագրգռուած լինել Հարաւային Կովկասը սիրիական ռազմարշաւի սպասարկման կոմունիկացիոն (հաղորդակցութեան-Խմբ.) միջանցք դարձնելու հարցում: Օրեր առաջ Ադրբեջան այցելեց Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Այցը տեղի ունեցաւ այն տեղեկատուութեան ֆոնին, թէ ռուսական կործանիչները հէնց Ադրբեջանի օդային տարածքով են հասել Սիրիա: Ամենայն հաւանականութեամբ, Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի այցի նպատակներից մէկը եղել է Բաքուի օգնութեամբ այդ միջանցքը փակելուն հասնելը:
Դրան ի պատասխան, Ռուսաստանը Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների ռազմական օբյեկտներին հարուածներ հասցրեց Կասպից ծովի իր հրթիռակիր նաւատորմից արձակուած թեւաւոր հրթիռներով՝ փորձելով հասկացնել, որ նման սահմանափակումներն անիմաստ են: Ռուս վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»ում տեսակէտ է հնչեցրել, թէ չի բացառւում, որ Սիրիայում իր գործողութիւններն արդիւնաւէտ շարունակելու համար Ռուսաստանը Ստեփանակերտի օդանաւակայանն օգտագործելու անհրաժեշտութիւնն ունենայ: Դժուար է ասել՝ որքանով է Տարասովն արտայայտում Մոսկուայի ցանկութիւնը: Բայց եթէ Մոսկուայում նման հեռանկար տեսնում են, ապա դա չի կարող այլ բան նշանակել, քան առնուազն ռազմական աւիացիայի մասով ԼՂում ռուսական ներկայութեան ապահովման նախատեսում: Քայլ, որը Բաքուի, Անկարայի եւ Վաշինգտոնի թիկունքում անելիս, կարող է Հարաւային Կովկասը վերածել ինչպէս ռուս-թուրքական, այնպէս էլ ռուս-արեւմտեան առճակատման նոր թատերաբեմի:
Մինչդեռ Հարաւային Կովկասը սիրիական օպերացիան սպասարկող յենակէտ դարձնելու համար նման արկածախնդրութեան գնալու կարիք Ռուսաստանը չունի: Նրան փաստացի ոչինչ չի խանգարում ցանկութեան դէպքում Ստեփանակերտի օդանաւակայանի փոխարէն օգտագործել Երեւանի «Էրեբունի» աւիացիոն բազան, որը, ինչպէս յայտնի է, 2013թ. յանձնուեց Հայաստանում ռուսական ռազմաբազային: Այսինքն՝ փոքր չէ հաւանականութիւնը, որ Հայաստանը միջնորդաւորուած կերպով դառնայ սիրիական հակամարտութեան ակամայ մասնակից:
Դա գուցէ որոշակիօրէն բարձրացնէր Հայաստանի քաղաքական կշիռը, եթէ տեղի ունենար ամերիկեան հակաահաբեկչական կոալիցիայի (միաւորման-Խմբ.) հետ Ռուսաստանի համագործակցութեան, ոչ թէ դիմակայութեան ներքոյ:
Չնայած այս ամէնին՝ շատ աւելի հաւանական է թւում, որ ռուս-թուրքական յարաբերութիւններն սկսեն բարելաւուել: Յատկապէս՝ ԱՄՆից համապատասխան օժանդակութիւն չստանալու պարագայում եւ Սիրիայի կառավարական զօրքերի հակայարձակման յաջող ընթացքի դէպքում Անկարան, վաղ թէ ուշ, ստիպուած է լինելու համակերպուել իր քթի տակ, իր շահերի գօտում Մոսկուայի հանգրուանելու փաստի հետ եւ փորձելու է իրավիճակից դուրս գալ նուազագոյն կորուստներով՝ ՌԴի հետ շահերի գօտիների նոր վերաձեւումների շուրջ պայմանաւորուածութիւնների հասնելով: Մանաւանդ, որ, ի դէմս Ռուսաստանի, Թուրքիան մի կողմից կարող է կորցնել երկիր, որի հետ յարաբերութիւնների խորացումը պարբերաբար օգտագործում է Արեւմուտքում իր կշիռը բարձրացնելու, այնտեղից քաղաքական ու տնտեսական դիւիդենդներ (շահաբաժիններ-Խմբ.) պոկելու համար, իսկ միւս կողմից՝ ձեռք բերել երկիր, որը սիրիական խաղում կարող է վերջնական բանկրոտի (սնանկութեան-Խմբ.) յանգեցնել Թուրքիային եւ ամենատարբեր միջոցներով խթանել քրդական տարրի դիմադրութիւնը հէնց Թուրքիայի ներսում ու նրա շուրջը:
Իր հերթին, Ռուսաստանը չի ցանկանում, ի դէմս Թուրքիայի, կորցնել մի երկիր, որը ոչ միայն այս պահին իր արտահանուող գազի սպառող, այլեւ ԵՄի դեմարշի (նախաքայլի-Խմբ.) պարագայում պոտենցիալ (կարողական-Խմբ.) տրանզիտ երկիր է: Այսինքն՝ չի բացառւում, որ այս լարումը տակտիկական է, ժամանակաւոր բնոյթ ունի, ինչին յաջորդելու է ջերմացման փուլը:
Իսկ նման ջերմացումները, ինչպէս յայտնի է, Հայաստանի համար շատ թանկ են արժենում: Այս իմաստով, թերեւս, լաւագոյն տարբերակը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, այսպէս կոչուած, կառավարելի լարուածութեամբ ուղեկցուող կամ չափաւոր սառը յարաբերութիւններն են՝ փոխադարձ անվստահութեան, որքան հնարաւոր է երկարատեւ պահպանմամբ: Դա անորոշ ժամանակով ի չիք կը դարձնի ռուս-թուրք-ադրբեջանական լծակիցների ստեղծումը, կը դառնայ հարաւ-կովասեան տարածաշրջանում յարաբերական կայունութեան եւ ստատուս քուոյի պահպանման երաշխիքը, Ռուսաստանի համար կը նուազեցնի այս կամ այն կերպ Հայաստանին սիրիական մղձաւանջի մէջ ներքաշելու կարիքը եւ Երեւանի կողմից արտաքին նպատակային քաղաքականութիւն վարելու դէպքում՝ կը մեծացնի Հայաստանի՝ իբրեւ իրապէս գործընկերոջ, ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) նշանակութիւնը ռուսական էլիտայի (վերնախաւի-Խմբ.) ընկալումներում: