ԳՆԷԼ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Փոխգնդապետ Մանուկ Բադալեանի ուղեկցութեամբ մեկնում ենք դիրքեր: Ճանապարհն անցնում է սահմանամերձ գիւղով: Գիւղի կողքին միջնադարեան բերդն է, որից էլ գիւղի անունը՝ Բերդաւան: Բերդի պարսպին ծածանւում է եռագոյնը: Զօրամասն ունի իր ուխտի օրը, եւ ամէն տարի այդ օրը հրամանատարութիւնը զինուորների, զօրամասի հոգեւոր սպասաւորի հետ այցելում է բերդ եւ ուխտագնացութեան աւարտին նորացնում անձրեւներից ու արեւից խունացած դրօշը:
«Մեր եռագոյնը, որը մշտապէս ծածանւում է բերդի պարիսպներին, դիրքերում կանգնած զինուորներին ու նաեւ տեղի բնակչութեանը դարերի տակ ննջող մեր պատմութեան փառքն է յիշեցնում եւ մեր՝ այսօրուայ ազատ, անկախ պետութեան: Թշնամին, որն առաջին օրերին սեւակնած հոգով էր ընդունում մեր անկախութեան խորհրդանիշը, աստիճանաբար սովորեց, համակերպուեց: Այդպէս է. երբ ի զօրու ես պաշտպանելու քո սրբութիւնները, քո պատմական արժէքները՝ թշնամին ի վերջոյ ստիպուած պէտք է հաշուի նստի քեզ հետ», ասում է փոխգնդապետ Մ. Բադալեանը, որը զօրամասի հրամանատարի տեղակալն է, փորձառու ու նուիրեալ զինուորական:
Նա առաջընթացի բոլոր աստիճաններն անցել է պատուով՝ ծառայելով Հայաստանի սահմանամերձ տարբեր բնակավայրերում: Ծնունդով Վայոց Ձորի Աղաւնաձոր գիւղից է: Գիւղը երկու զոհ է տուել՝ երկուսն էլ նրա հօրեղբայրներն են եղել: Եւ այդ օրուանից որոշել է զինուորական դառնալ: Աւագ եղբօր օրինակին են հետեւել նաեւ կրտսեր եղբայրները, որոնք նոյնպէս ծառայում են սահմանամերձ զօրամասերում: Ուրախալի է, որ այսօր արդէն հայոց բանակում ձեւաւորուել ու հասակ է առնում երիտասարդ զինուորականների մի սերունդ, որը մասնագիտական բարձր պատրաստութեան հետ միասին հրաշալիօրէն գիտակցում է սահմանամերձ բնակչութեան դերը բանակ-հասարակութիւն փոխգործակցութեան պատասխանատու գործում՝ գնահատելով նրանց դժուարին ու հերոսական առօրեան:
«Բերդաւանցիները հերոսական ժողովուրդ են: Հէնց այն փաստը, որ գիւղում համարեա դատարկ տներ չկան, նրանց հայրենասիրութեան, քաջութեան վկայութիւնն է: Իսկ պատանիները, որոնք պատերազմի օրերին զէնք ու զինամթերք էին հասցնում իրենց հայրերին, համագիւղացիներին, այսօր արդէն ծառայում են բանակում: Բնակչութիւնը բանակի հետ է, իր զինուորի կողքին», ասում է փոխգնդապետը:
Մարտական յենակէտում ենք: Զօրամասի հրամանատար, փոխգնդապետ Սողոմոն Խաչատրեանը, դիրքից դիրք անցնելով, ստուգում է դիտակէտերում հերթապահող զինուորների ծառայութեան անցկացման կարգը, ծանօթանում հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակին:
«Թշնամին գիտակցում է մեր դիրքի կարեւորութիւնը եւ մի քանի անգամ փորձել է գրաւել, սակայն յետ է շպրտուել մեր դիրքապահների գրագէտ գործողութիւնների շնորհիւ: Արդէն համոզուել ենք, որ նրանց ծրագրած մարտավարութիւնը թոյլ է, խոցելի, եւ մեր 18-19 տարեկան զինուորները հէնց հայրենասիրութեամբ, քաջութեամբ, անկոտրում ոգով, զինական պատրաստուածութեամբ գերազանցում են 30ից բարձր տարիք ունեցող պայմանագրայիններին», ասում է հրամանատարը:
Այստեղ թշնամու կողմից տեսանելի խրամատներ չկան: Հակառակորդի դիրքերը մօտիկ են, ասես՝ բռիդ մէջ: Ահա ինչո՛ւ մեր զինուորները աւելի քան զգօն են, քանի որ ամէն պահ կարող են հնչել կրակահերթեր: Ինչեւէ, տղաների դէմքին ես լարուածութեան ոչ մի հետք չեմ տեսնում: Հարցիս զինուորները հումորով են պատասխանում. «Յաճախակի հնչող կրակոցները դարձել են սովորական, որովհետեւ այդ կրակոցներով նրանք ընդամէնը իրենց գոյութեան մասին են իրազեկում»: Հակիրճ եւ աւելի քան լուրջ էր հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրեանի պատասխանը.
«Կրակոցներին մեր պատասխանը կը լինի նպատակային եւ հուժկու, այնպէս, որ թշնամու զինուորը հասկանայ՝ մենք ոչ թէ «ներկայ-բացակայ» ենք անում, այլ ցոյց ենք տալիս՝ ով է այստեղ դրութեան տէրը:
***
Դիրքերում շարունակւում են ամրաշինական աշխատանքները: Թշնամու ականանետներից պատսպարուելու համար դիրքապահ ամէն զինուոր կ՛ունենայ իր անհատական թաքստոցը:
«Մեր ամէն մի զինուորի կեանքը անչափ թանկ է մեզ համար, եւ մենք պէտք է ամէն կերպ ապահովենք նրա կեանքի անվտանգութիւնը», ցոյց տալով կատարուած աշխատանքը՝ ասում է հրամանատարը: Թէ ինչ կառոյցներ են դրանք, պաշտպանական ինչպիսի խնդիրներ են լուծելու, հրամանատարը հարկ չհամարեց պարզաբանել՝ գնահատելով որպէս ռազմական գաղտնիք:
Հրամանատարը մենակ չէ. նրա կողքին նկատում եմ ղարաբաղեան պատերազմի վեթերաններին: Նրանք, ովքեր լաւ գիտեն տեղանքն էլ, թշնամուն էլ: Ազատամարտիկ Յովիկ Աւետիսեանը դիրքապահ զինուորների մասին հիացմունքով ասում է. «Տղաներն էնպէս են կանգնած, ոնց որ առիւծն իր բոյնը հսկելիս»: Եւ իրօք այդպէս է:
***
Վերադարձին նորից փողփողում է Բերդի պարիսպներին ամրացուած եռագոյնը, եւ ես մտքումս յիշում էի դիրքում կանգնած տղաներին, նրանց անունները՝ Գէորգ Գէորգեան, Արմէն Պօղոսեան, Վարդգէս Վարդանեան, Գէորգ Սարգսեան, Գէորգ Մկրտչեան, Գոռ Յովհաննիսեան, Մայիս Թովմասեան եւ էլի շատ-շատ տղաներ, որոնց կոչումներն ու պաշտօնները չեմ նշում, որովհետեւ նրանց կոչում ենք մէկ բառով՝ ԶԻՆՈՒՈՐ, այսինքն՝ հայրենիքի պաշտպան:
«Հայ Զինուոր»