Image may be NSFW.
Clik here to view.
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Երբ մարդ պաշտօն է ստանում, ապա ստիպուած հրաժեշտ է տալիս ճշմարտութեանը: Իսրայէլը, օրինակ, պետական մակարդակով ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը, եւ Իսրայէլի ճշմարիտ գիտնականները համարում են, որ այդ ժխտումով արատաւորւում է հէնց Հոլոքոստի նահատակների յիշատակը: Իսրայէլցի գիտնական Եաիր Ահարոնը խնդիրը տեսնում է նրանում, որ այս հարցը Իսրայէլի անվտանգութեան յանձնաժողովի քննարկման առարկան է, մինչդեռ հարկաւոր է, որպէսզի կրթութեան յանձնաժողովը քննարկի. «Իսրայէլը պէտք է լինէր առաջին պետութիւնը, որ կը ճանաչէր Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն Իսրայէլը ոչ միայն չի ճանաչում այդ փաստը, այլ՝ ժխտում է»: Ըստ Իսրայէլի պետական դիրքորոշման Հոլոքոստը իւրայատուկ ցեղասպանութիւն է, որն առանձնանում է միւս բոլոր ցեղասպանութիւններից: Համեմատելով Իսրայէլը Հայաստանի հետ, Ահարոնը նշում է, որ Իսրայէլը շատ աւելի ուժեղ երկիր է եւ գոյատեւման պայքարի խնդիր չունի, ինչպէս ներկայիս Հայաստանը: Վերջապէս, նա ասում է, որ հրեաները մէկ անգամ տուժեցին, իսկ հայերը երկու՝ ի նկատի ունենալով ժխտումը: Զուտ իրաւական տեսանկիւնից թուրքական կողմը ճիշդ է, քանզի ցեղասպանութիւն եզրը ընդունուեց Ռաֆայել Լեմկինի (1900-1959) կողմից կատարուածից յետոյ, բայց Հոլոքոստն էլ կատարուեց նախքան այդ եզրն ընդունուելը: Սա է իրողութիւնը: Հրեայ փաստաբան Լեմկինը ստեղծեց ցեղասպանութիւն հասկացութիւնը, հիմք ընդունելով հայերի ոչնչացումը որպէս դասական օրինակ եւ մշակեց բանաձեւ, ուղղուած կազմակերպիչների անպատժելիութեան դէմ, իսկ հրէական պետութիւնը որակում է Հայոց Ցեղասպանութիւնը ընդամէնը որպէս ոճրագործութիւն եւ չուսումնասիրուած փաստ: Երէկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրէաներն են, բայց նաեւ լեհերն ու այլ եւրոպական ժողովուրդներ: «Իսկ ո՞վ կը լինի վաղը»,- զգուշացնում էր Լեմկինը 1948ին: Վաղը դարձաւ այսօր, եւ արդէն բացարձակ կարեւոր չէ, թէ ովքեր են տուժում եւ ով է յանցագործը, որովհետեւ մենք անպատժելիութեան յաղթարշաւի ականատեսն ենք դարձել:
ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ՏՈՒԺԵԼ, ԱՅԼ՝ ԵՐԵՔ
Հայոց Ցեղասպանութիւնը ոչ միայն ժխտուել է, այլ նաեւ լռութեան է մատնուել. խօսել այդ մասին կամ ինչ որ կերպով յարգել զոհերի յիշատակը չէր կարելի ո՛չ Սովետական Հայաստանում մինչեւ 1965ը, ո՛չ էլ Թուրքիայում՝ մինչեւ Հրանդի սպանութիւնը: Այդ տեսակէտից հանճարեղ եմ համարում Ֆադիհ Աքընի «Սպի» ֆիլմը: Գլխաւոր հերոսը՝ Նազարէթ Մանուկեանը սպանդի ժամանակ, երբ զոհերին գլխատում էին, ողջ է մնում, սակայն այնուամենայնիւ վնասուածքի պատճառով կորցնում է խօսելու ունակութիւնը: Պատահական չէր, որ Չափլինի համր ֆիլմերը դիտելիս նա միւսների պէս չէր ծիծաղում, այլ՝ արտասւում էր: Նազարէթի մէջ մեր ողջ ազգի վիճակն է մարմնաւորուած, այսինքն մէկ մարդ, ամէն ողջ մնացած հայ մարդ իր ուսերի վրայ կրում էր ծանրագոյն ողբերգութեան բեռը առանց որեւէ մէկին պատմելու հնարաւորութեան: Իսկ յանցանք կատարուած երկրում ստեղծուել էր տեղեկատուական դաշտ, որտեղ զոհերը ստիպուած էին մտիկ անել ոճրագործի «Ճիշդը» հայերի «յանցանքների» եւ «դաւաճանութեան» մասին: Ահա այդ դաշտը դուրս եկաւ Հրանդը որպէս միայնակ զինուոր, ունենալով ահռելի զէնք, որն էր՝ ճշմարտութիւնը: Ո՛չ, Հրանդի նպատակը Ցեղասպանութեան ճանաչումը չէր: Նա դուրս էր եկել ոչ թէ ժխտման դէմ, այլ՝ լռութեան: Խօսէ՛ք, ժխտէ՛ք, վիճէ՛ք, վիճաբանէ՛ք, ապացուցէ՛ք, միայն թէ մի՛ լռէք, կարծես ոչինչ չի՛ պատահել, եւ մենք չկանք: Նրա ընկերների մէջ էին ե՛ւ ցեղասպանութիւն ընդունողները, ե՛ւ ժխտողները: Այսօր դժուար է երեւակայել, որ Սապիհա Կէօքչէնի հայ լինելու լուրը դարձրեց Հրանդին թիրախ. համացանցում տարբեր լեզուներով 2004ին ողջ Թուրքիան ցնցող գաղտնիքը վաղուց գաղտնազերծուել է: Բայց այդ ժամանակ դու շատ հեռու գնացիր, Հրանդ… Ծնունդդ շնորհաւոր: