ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Մէկ տասնամեակի ծրագիր էր լաս-վեգասեան այս ուղեւորութիւնը. պէտք էր անպայման տեսնել, թէ ինչն էր այդքան քաշում մարդկանց հոծ խմբերին՝ գիշեր ու ցերեկ, ամառ թէ ձմեռ, հարուստ կամ աղքատ, ծեր կամ երիտասարդ:
Փշոտ ու տատասկոտ տափաստանների միջից անցնելով, հասնում ես մարդկային ուղեղի ստեղծած մի լաբիրինթոս, որի հիմնական շարժիչ ուժը մարդու՝ թերեւս նախամարդուց մնացած, չափազանցութիւնների եւ գայթակղութիւնների հանդէպ ունեցած կրքերի բաւարարումն է:
Այստեղ, անկախ զարմանալի դասաւորուած կառոյցներից, շլացնող զարդարումներից, զգում ես նաեւ մարդկային մարմնի հմայքի ուժը. կին թէ տղամարդ, մինչեւ նախամարդ տանող ազատութեամբ, օգտագործում են բնութեան պարգեւած մարմնի ազդու բոլոր հնարաւորութիւնները:
Իսկ կայ նաեւ անչափելի մի հսկայ՝ դրամատիրական աշխարհը, երկրի վրայի Աստուածը, որ իր երկաթեայ գործիք-երախով, անզգայ ու անյողդողդ, կուլ է տալիս ամէն բան՝ բախտդ փորձիր կարգախօսով:
Կարող ես մտածել շատ պարզ. մի քանի օր լինել այդ թոհ ու բոհում եւ վերանալ առօրեայից:
Իսկ եթէ յանկարծ դիպչես շերտերին, փորձես վերլուծել կատարուածը, ուր չկայ «հոգի» կոչուած հասկացողութեան որեւէ նշոյլ, ապա կ՛ափսոսաս ու կը տխրես, կը զարմանաս մարդ արարածի ունեցած այդօրինակ յատկութիւնների վրայ եւ մէկ անգամ եւս կը համոզուես, որ աշխարհում ինչ որ կատարւում է նա է հեղինակը, այդ չյագեցող եւ չբաւարարուող մարդը:
Հէնց այդ մարդն էլ ստեղծել եւ կառուցել է Լաս Վեգասը: