ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն իր խորհրդականի պաշտօնից ազատել է ազգութեամբ հայ Էթիէն Մահչուփեանին, որին այդ պաշտօնում նշանակել էր նախորդ տարուայ Հոկտեմբերին: Մահչուփեանի ազատման համար բերւում են տարբեր՝ մէկը միւսից անհեթեթ պատճառաբանութիւններ:Ըստ թուրքական Hurriyet-ի՝ հեռացման պատճառ է նշւում իր պաշտօնին Մահչուփեանի տարիքային անհամապատասխանութիւնը: Փաստօրէն, վարչապետ Դաւութօղլուին 4 ամիս էր պէտք՝ հասկանալու համար, որ խորրհդական է նշանակել մի մարդու, ով տարիքի հետ կապուած խնդիր ունի: Երեւի Մահչուփեանը սպասուածից աւելի արագ է ծերացել:
Մէկ այլ թուրքական թերթ՝ Milliyet-ը, նշել է, որ թէեւ վարչապետի հայ խորհրդականը պաշտօնապէս ազատուել է զբաղեցրած պաշտօնից, դեռ շարունակում է աշխատել հասարակական հիմունքներով: Փաստօրէն, Մահչուփեանի տարիքը ոչ թէ աշխատանքի հետ է անհամատեղելի եղել, այլ միայն պաշտօնի, ինչից նրան, փաստօրէն, փրկել են:
Իրականում, սակայն, Մահչուփեանին, ազատել են Օսմանեան Թուրքիայում հայերի զանգուածային սպանութիւնները պարբերաբար ցեղասպանութիւն որակելու համար: Այս պնդումը նա կրկնեց նաեւ Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին՝ Հռոմի պապի արուած յայտարարութիւնից յետոյ: «Ակօս»ին տուած հարցազրոյցում Մահչուփեանը, նկատի ունենալով Պապին, ասում է. «Նա խօսել է 1915 թուականին Ցեղասպանութիւն լինելու մասին, ինչն իրականում էլ այդպէս է»:
Մահչուփեանին ազատելը բացարձակապէս զարմանալի չէ: Զարմանալին այն է, թէ նման հայեացքներ ունենալու եւ բարձրաձայնելու պարագայում ինչպէ՞ս էին նրան այդ կարգավիճակում այսքան ժամանակ հանդուրժում: Ի վերջոյ, Մահչուփեանը ոչ միայն իր հայեացքներով հակադրւում էր Ցեղասպանութեան ժխտողականութեան՝ թուրքական քաղաքականութեանը, այլեւ ընտրութիւններից առաջ խնդիրներ էր յարուցում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան համար: Յայտնի է, որ այդ կուսակցութեան ընտրողների մի զգալի մասը, եթէ ոչ մեծամասնութիւնը, թուրք ազգայնականներն են, որոնց համար անհանդուրժելի է նոյնիսկ ոչ թէ «թուրքական ազգի արժանապատուութիւնը վիրաւորող» նման հայեացքներ ունեցող անձի, այլ՝ ազգութեամբ հայի առկայութիւնը գործադիր իշխանութիւնում:
Մահչուփեանին ազատելու որոշումը, սակայն սիմվոլիկ է: Այն խորհրդանշում է Ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացին խոչընդոտելու, 100րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնները տապալելու հարցում Անկարայի կրած պարտութիւնը: Սա ոչ միայն կատարեալ դիւանագիտական ձախողումը խոստովանելու ակտ է, այլ նաեւ այն բանի, որ ժխողականութեան քաղաքանութիւնը ոչ մի գրամ չի փոխուել, իսկ Էրդողանի կողմից անցած տարի Ապրիլի 24ի նախօրեակին հայ ժողովրդին ուղղուած կոչ-նամակը, Դաւութօղլուի կողմից հայկական Սփիւռքը թուրքական սփիւռք համարելն այդ ժխտողականութիւնը մանիպուլեացիաներով (ձեռնավարու-թիւներով-Խմբ.) փաթեթաւորելու ձախողուած փորձեր էին:
Խնդիրն այն է, որ Մահչուփեանն ի սկզբանէ վարչապետի խորհրդական էր նշանակուել երկու հիմնական նպատակով: Առաջին՝ ի տես աշխարհի ցուցադրել հայկական Սփիւռքի նկատմամբ Թուրքիայի լոյալութիւնը (հաւա-տարմութիւնը-Խմբ.): Դրա շարունակութիւնը գալիք ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների նախընտրական ցուցակներում ծագումով հայերի ընդգրկումն է: Երկրորդ, որ շատ աւելի էական է, ի դէմս Մահչուփեանի՝ հայկական շրջանակների հետ կապող օղակ, երկխօսութեան պլատֆորմ (հարթակ-Խմբ.) ստեղծել, որն իրականում բխում էր Էրդողանի նամակի տրամաբանութիւնից եւ դրա իմաստային շարունակութիւնն էր: Պատահական չէր, որ Մահչուփեանն այդ պաշտօնին նշանակուել էր, ըստ էութեան, Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախաշեմին՝ դրանից ընդամէնը 5 ամիս առաջ:
Բայց Ս. Պետրոս տաճարում Հռոմի պապի յայտնի յայտարարութեան հնչեցումից, Եւրախորհրդարանի, Չիլիի, Չեխիայի օրէնսդիր մարմինների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը վերահաստատող բանաձեւերի ընդունումից, Քիմ Քարդաշեանի՝ Հայաստան կատարած այցի համաշխարհային մակարդակով լուսաբանման շնորհիւ, Ցեղասպանութեան խնդրի աննախադէպ իրազեկման հետ բախուելուց յետոյ Անկարայի համար պարզ դարձաւ, որ այդ հնարքները, գործի դրուած ահռելի ֆինանսական ռեսուրսները բացարձակապէս ոչ մի արդիւնք չեն տուել:
Այս իրավիճակում վարչապետի խորհրդականի պաշտօնին Մահչուփեանի մնալն ինքնըստինքեան դառնում էր անիմաստ եւ վտանգաւոր: Հիմա այդ վտանգը, փաստօրէն, բարեյաջող կերպով չէզոքացւում է:
Յանուն արդարութեան, սակայն, պէտք է նշել, որ դրանում պակաս «ներդրում» չունեցաւ Մահչուփեանն ինքը: Նա չդարձաւ հայ մտաւորականի միջոցով Ցեղասպանութեան փաստը ժխտելու՝ թուրքական իշխանութեան գործիքը, ինչպիսին նրանից փորձում էին կերտել՝ օգտագործելով իշխող կուսակցութեան հետ ունեցած սերտ կապերը, եւ ինչի մտավախութիւնները կային Սփիւռքում եւ Հայաստանում: Նա ոչ միայն ոչ մի քայլ ետ չնահանջեց մինչեւ այդ պաշտօնը զբաղեցնելն իր ունեցած համոզմունքներից, այլեւ, նոր կարգավիճակում խօսելով դրանց մասին, է՛լ աւելի սրեց վերափոխուելու՝ թուրքական իշխանութիւնների անկարողութիւնը:
Այո, Մահչուփեանը Ցեղասպանութեան ճանաչմանը եւ Թուրքիայի հետ յարաբերութիւններին առնչուող հարցերում չի մտածում այն շտամպների (սովորութիւններու-Խմբ.) սահմաններում, որով առաջնորդւում է հայկական շրջանակների մեծամասնութիւնը: Նա կարող է իրեն նաեւ «աւելի շատ օսմանցի» հռչակել, դէմ հանդէս գալ՝ Թուրքիային այլ երկրների միջոցով Ցեղասպանութեան ճանաչումը պարտադրելուն ուղղուած համահայկական քայլերին: Բայց գլխաւոր հարցում նա մնաց աներեր: Եւ սա Մահչուփեանի արժանիքը, անհատական որակն է, որը հնարաւոր չէ չգնահատել: Եւ լաւ է, որ նա «պրծնում է»՝ միայն պաշտօնանկ լինելով: Թուրքիայում, սովորաբար, նման «դաւաճանութիւնները» չեն ներւում: