ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Խորհրդարանում Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցելու պայմանագրերի քն-նարկման ժամանակ ՀՅԴ խմբակցութիւնը հրապարակ հանեց դեռեւս 1993թ. կնքուած եւ 1994թ. վաւերացուած՝ Ռուսաստանի հետ տնտեսական միութիւն ստեղծելու մասին միջազգային պայմանագիրը, որն ուժի մէջ է առ այսօր: 20ամեայ վաղեմութեան այդ պայմանագրով նախատեսուել է իրականացնել միասնական դրամավարկային, բիւջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային եւ արժութային քաղաքականութիւն: Այսինքն՝ նախատեսուած է եղել, որ Հայաստանը գրեթէ ամբողջութեամբ զրկուելու էր իր տնտեսա-քաղաքական ինքնիշխանութիւնից:
ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրէն Կարայեանը ԱԺ ամբիոնից հաստատել է ոչ միայն այդ պայմանագրի առկայութիւնը եւ դրա ուժի մէջ լինելու իրողութիւնը, այլեւ այն, որ դա շատ աւելի կոշտ եւ Հայաստանի սուվերենութեանը (գերիշխանութեան-Խմբ.) հարուածող փաստաթուղթ է, քան ԵՏՄին մաս կազմելու՝ վաւերացման ներկայացուած պայմանագիրը: Նա միայն յաւելել է, որ խօսքը վերաբերում է ոչ թէ Հայաստանի կողմից իմպերատիւ (պարտադիր-Խմբ.) կատարման ենթակայ ինչ որ պարտաւորութիւնների, այլ ցանկութիւնների:
Ասել, թէ ՀՅԴն եւ ֆինանսների փոխնախարարը սենսացիոն բացայայտում են արել, նշանակում է չասել ոչինչ: Այն փաստը, որ ԵՏՄին անդամակցութեան մասին պայմանագրի վաւերացումը տեղի է ունենում 20ամեայ վաղեմութեան համաձայնագրի՝ ուժի մէջ գտնուելու պայմաններում, նշանակում է, որ իրականում ներկայումս տեղի ունեցող գործընթացի հիմքերը դրուել են հէնց 1994ին:
Աւելին՝ պայմանագրի վաւերացումը, ապա նաեւ Յունուարից արդէն ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնը հէնց 1994թ. վաւերացուած եւ նոր միայն բացայայտուող պայմանագրի կատարման հանգրուաններից մէկն է: Եւ եթէ այս տեսանկիւնից ենք մօտենում հարցին, ապա կարելի է այլեւս եզրակացնել, որ մինչ այդ Ռուսաստանին հայաստանեան տնտեսութեան աստիճանաբար յանձնումը, դրա շրջանակներում կատարուած աղմկալի գործարքները՝ «Գոյք պարտքի դիմաց», «Հայռուսգազարդ»ի վաճառք եւ այլն, տեղի են ունեցել՝ հէնց այդ բացայայտուած պայմանագրի տրամաբանութիւնից ելնելով: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ անցած տարիներին եւ առ այսօր տնտեսական անկախութեան շարունակական կորստին միտուած գործողութիւնները եղել են ոչ թէ պահի թելադրանքի եւ անհետեւողական քաղաքականութեան հետեւանք, այլ պլանաւորուած եւ սիստեմատիկաբար իրականացուած գործողութիւնների շղթայ, որի վերջակէտը պէտք է լինէր ռուբլու գօտի մտնելը, ընդհուպ՝ բիւջետային անկախութիւնից զրկուելը:
Դժուար է ասել՝ ԱԺ պատգամաւորները խորապէս գիտակցո՞ւմ են, թէ ինչ է սա նշանակում: Այս պայմանագրի հրապարակայնացումը փաստացի ի չիք է դարձնում ժամանակի ընթացքում ի յայտ եկած՝ անվտանգութեան ապահովման մասին բերուող այն միակ փաստարկը, որով իշխանութիւնները փորձում են հիմնաւորել ԵՏՄին անդամակցելու անայլընտրանք որոշումը: Որովհետեւ ստացւում է, որ դիւերսիֆիկացուած (խափանարարուած-Խմբ.) արտաքին քաղաքականութիւնից ու անվտանգութեան այլընտրանքային համակարգերի ստեղծումից հրաժարուելը եւս նպատակամղուած է եղել 1994թ. պայմանագրի կատարմանը: Եւ այս հանգամանքը բազմաթիւ հարցեր է առաջադրում, որոնք անյապաղ եւ լիարժէք պատասխանի են սպասում:
Նախ՝ պարզւում է, որ նախկին՝ 1990ականների իշխանութեան ներկայացուցիչները, ովքեր ընդամէնը մէկ տարի առաջ գազի պայմանագրերի վաւերացման գործընթացի շրջանակներում քարը քարին չէին թողնում Հայաստանը քաղաքական ու տնտեսական ինքնուրոյնութիւնից զրկելու մէջ ներկայիս իշխանութիւններին մեղադրելու հարցում, հէնց իրենք են ստեղծել նման խայտառակ եւ ամօթալի ընթացքի իրաւաքաղաքական նախադրեալները: Եթէ աւելի պարզ ասելու լինենք, ապա խօսքը վերաբերում է 1994թ. իրականացուած իւրատեսակ մի դաւադրութեան, թէկուզեւ այնքանով, որ այդ պայմանագրի մասին հանրութիւնը, փաստօրէն, ընդհանրապէս տեղեակ չի եղել:
Այս ամէնի ֆոնին արդէն հասկանալի է դառնում, թէ ինչու էր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն այդքան հանգիստ ընդունում ԵՏՄին միանալու՝ իշխանութիւնների ընդունած անակնկալ որոշումը: Փաստօրէն, նրա համար անակնկալը ոչ թէ Մաքսային միութեանն անդամակցելու վերաբերեալ Մոսկուայում 2013թ. Սեպտեմբերին Սերժ Սարգսեանի արած յայտարարութիւնն էր, այլ դրանից առաջ եւրաասոցացման ուղղութեամբ գործող իշխանութիւնների իրականացրած քաղաքականութիւնը: Հէնց դրանով է բացատրւում ԵՏՄին անդամակցութիւնը անշրջելի իրողութիւն հռչակելու եւ դրանով այն ողջունելու տէրպետրոսեանական փարիսեցիական մօտեցումը: Այս իմաստով Սերժ Սարգսեանի արած շրջադարձն աւելի ազնիւ պէտք է համարել, քան Հայաստանը ռուսականացնելու ուղղութեամբ արուած քայլերում զուտ իշխանութիւններին քննադատելու եւ արմատական ընդդիմութիւն խաղալու՝ Տէր Պետրոսեանի եւ նրա թիմակիցների վարքագիծը:
Եւ այստեղից անմիջականօրէն բխում է երկրորդ հարցադրումը՝ ի՞նչ օբյեկտիւ կամ գուցէ սուբյեկտիւ իրողութիւններով է պայմանաւորուած եղել այդ պայմանագրի ստորագրումը հէնց 1994թ., որը, ի դէպ, վճռական տարի էր Ղարաբաղեան պատերազմի համար: Չպէտք է մոռանալ նաեւ, որ Հայաստանն այդ ժամանակ նոր էր անցել սեփական ազգային արժոյթին: Եթէ իսկապէս մտադրութիւնների այդ պայմանագիրն ստորագրելու համար եղել են այնպիսի օբյեկտիւ պատճառներ, որոնք անհնար էին դարձնում դրանից հրաժարումը, ապա հարց է առաջանում, թէ ինչո՞ւ է դա գաղտնի պահուել հասարակութիւնից: Բայց փաստն այն է, որ 90ականների իշխանութիւնը այսօրուանից պակաս «գիշերային դիւանագիտութեան» մասնագէտներ չեն եղել, աւելին՝ փաստօրէն, հէնց նրանք են դրել այդ արատաւոր պրակտիկայի հիմքերը:
Սրան գումարւում է նաեւ մէկ այլ՝ ուղղակի որեւէ տրամաբանութեան մէջ չմտնող իրողութիւն: Պարզւում է, փաստօրէն, որ 2008-09թթ. Հայաստանի իշխանութիւնը դարձել է ԵՄ Արեւելեան գործընկերութեան ծրագրի անդամ, իր վրայ վերցրել Ասոցացման պայմանագիրը ստորագրելու եւ վաւերացնելու, ԵՄ ազատ առեւտրի գօտի մտնելու կոնկրետ յանձնառութիւն՝ կախուածութեան մէջ լինելով 1994թ. վաւերացուած եւ Ռուսաստանի հետ տնտեսական միութիւն կազմելու քաղաքական կուրս առաջադրող այդ պայմանագրից:
Մնում է եզրակացնել, որ հայկական կողմը կա՛մ իսկապէս մոռացած է եղել նման Ռուսաստանի հետ կնքուած այդ պայմանագիրը, կա՛մ էլ իրեն միամիտի տեղ է դրել՝ փորձելով անտեսել դրա քաղաքական նշանակութիւնը: Եւ, այնուամենայնիւ, իսկապէս հետաքրքրական է՝ Հայաստանն այդ ժամանակ ինքն իրե՞ն էր խաբում, Եւրամիութեա՞նը, թէ իսկապէս ուզում էր մատների վրայ խաղացնել Ռուսաստանին:
Եւ, անկախ պատճառից, նման անխոհեմ քայլի արդիւնքում ինքն ընկաւ սեփական ձեռքերով լարուած թակարդը: Այս տեսանկիւնից, փաստօրէն, ստացւում է, որ Ռուսաստանը ոչ թէ ստիպեց իշխանութիւններին հրաժարուել եւրաինտեգրման կուրսից, այլ պարզապէս նրան ետ վերադարձրեց իր՝ աւելի վաղ ստանձնած պարտաւորութիւնների շրջանակ:
«ԵՐԿԻՐ»