ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռը ոչնչացնելու՝ Ադրբեջանի աննախադէպ լկտի սադրանքից յետոյ ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը յայտարարեց, թէ պատասխանը չի ուշանալու եւ լինելու է անսպասելի, չափազանց ցաւագին:
Ոչ ոք չի կասկածում նման հարուած հասցնելու՝ ԼՂՀ պաշտպանութեան բանակի կարողութեանը: Այն արդէն ապացուցուել է այս տարուայ Օգոստոսին: Բայց, զուտ մարտավարական առումով, որքանո՞վ է նպատակայարմար նման յայտարարութիւն անելը, եթէ իսկապէս նման հարուած հասցնելու ինչ որ օպերացիա է պլանաւորւում: Յարձակման կամ հակայարձակման անցնող բանակի հրամանատարը չի կարող սեփական պլանները (ծրագիրները-Խմբ.) մատնող ելոյթներ ունենալ՝ հակառակորդին դրդելով լինել առաւել զգօն եւ պատրաստ հակադարձման: Մնում էր միայն, որ Յակոբեանը նաեւ յայտարարեր, թէ որ ուղղութեամբ է լինելու հայկական զինուժի հարուածը, ինչ բնոյթի է լինելու, ինչպիսի կոնտինգենտ է ներգրաւուելու դրանում եւ այլ մանրամասներ: Գուցէ ԼՂՀ պաշտպանութեան նախարարը փորձում է նման կերպ բարձրացնել զինուորների եւ հասարակութեան ինքնավստահութի՞ւնը: Սակայն նման պրիմիտիւ (նախնական-Խմբ.)մեթոդները վաղուց արդէն ոչ մի ազդեցութիւն հանրային գիտակցութեան վրայ չեն ունենում, քանի դեռ դրանք չեն դրսեւորւում կոնկրետ գործողութիւններով: Եւ հիմա մնում է իսկապէս յուսալ, որ, չնայած սրան, անակնկալի էֆեկտը կը ստացուի, որովհետեւ հուժկու հարուած հասցնելու այլընտրանք, կարծես, այլեւս չկայ:
Օգոստոսեան դէպքերից յետոյ, երբ Ադրբեջանի հասարակութիւնը կսկիծով սեփական զինուժի ղեկավարութեան անխոհեմ որոշումների ու քայլերի հետեւանքով կրած կորուստներն էր հաշւում, Բաքուն ստիպուած եղաւ մի տեւական ժամանակ հրաժարուել ռազմատենչ հռետորաբանութիւնից եւ սադրիչ, դիւերսիոն գործողութիւններից: Փորձն արդէն ցոյց է տալիս, որ Ադրբեջանը նման դէպքերում սթափւում է միայն ուժգին ապտակ ստանալուց յետոյ: Այլընտրանքը Բաքուին անընդհատ լկտիանալու հնարաւորութիւն տալն է, դրա հետեւանքը՝ նման ցաւոտ միջադէպերի կրկնութիւնը եւ յաճախակի դառնալը: Ու որքան էլ այս լարուած իրավիճակում նման պատասխանը պատերազմի վերսկսման նշան կարող է թուալ, իրականում հէնց դա է լայնամասշտաբ պատերազմական գործողութիւններից խուսափելու միջոցը: Եւ այստեղ որեւէ ազդեցութիւն չպէտք է ունենայ միջազգային հանրութեան հնարաւոր ագրեսիւ, դատապարտող դիրքորոշումը: Ոչ միայն այն պատճառով, որ իրենց անվտանգութիւնն ապահովելու հարցում թէ՛ Հայաստանը եւ թէ ԼՂՀն ունեն սուվերեն (գերիշխան-Խմբ.) իրաւունքներ, այլեւ որովհետեւ միջազգային հանրութեան երկակի ստանդարտների վրայ խարսխուած կարծիքը, Ադրբեջանի սադրանքներին մշտապէս մատների արանքով նայող կեցուածքը վաղուց արդէն դարձել է հակամարտութեան գօտու ապակայունացման, Բաքուի լկտիացման ամենազգայուն գործօններից մէկը:
Իրականում հայկական կողմի առաւել քան կոշտ արձագանգը կամ պատասխանը պէտք է նոյնչափ զգաստացնող լինի նաեւ միջազգային հանրութեան համար, որը ներկայումս տենդագին փորձում է զսպել հայկական կողմին նման հնարաւոր գործողութիւններից: Ողջ հարցն այն է, թէ ինչպիսի՞ն կարող է կամ պէտք է լինի այդ «ապտակը»:
Միջադէպից անմիջապէս յետոյ Բաքուն յայտարարեց, թէ հայկական ուղղաթիռը խոցուել է Ադրբեջանի սահմանը հատելու եւ իր պաշտպանական դիրքերի վրայ յարձակման նշաններ ցուցադրելու պատճառով: Սակայն թէ՛ ուղղաթիռին հարուածելու մասին տարածուած տեսագրութիւնը եւ թէ ոչնչացուած տեխնիկայի անկման վայրը փաստում են Բաքուի նման պնդումների անհեթեթութիւնը: Եթէ սա յստակ պլանաւորուած, բայց չափազանց փնթի իրագործուած սադրանք չէր՝ ուղղուած բանակցային գործընթացի ներկայիս ընթացքը խաթարելուն, ապա առնուազն մատնում է ԼՂՀի տարածքում հայկական բանակների համատեղ մասշտաբային զօրավարժութիւններից նրանց խուճապայնութիւնը եւ գերնեարդայնութիւնը, որը կարող էր բերել առաջնագծի անկառավարելի եւ նման ելք ենթադրող գործողութիւնների: Մէկ բան բոլոր դէպքերում կարծես թէ դառնում է ակնյայտ: Բաքուի ներկայիս հակասական կեցուածքը եւ կայացրած՝ պարզապէս անլուրջ որոշումները ցոյց են տալիս, որ Ադրբեջանը բոլոր դէպքերում բացարձակապէս պատրաստ չէր նման զարգացումների:
Խնդիրն այն է, որ հասկանալով ուղղաթիռը խոցելու համար բերող հիմնաւորումների ուղղակի հակասումը սեփական պաշտօնական դիրքորոշմանը առ այն, որ ԼՂՀն ադրբեջանական տարածք է, այսինքն՝ սահման, որպէս այդպիսին, պէտք է որ չլինէր, Բաքուն անմիջապէս շրջանառութեան մէջ դրեց մէկ այլ մօտեցում: Իբր, քանի որ ԼՂն Ադրբեջանի օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածք է, ապա Բաքուն իրեն իրաւունք է վերապահում ԼՂ օդային տարածքը հռչակելու ոչ թռիչքային հատուած, ինչի մասին, իբր, տեղեկացուել է նաեւ Աւիացիայի միջազգային կազմակերպութեանը: Սրանով, ի հարկէ, Բաքուն, կամայ, թէ ակամայ, հաստատում է, որ ուղղաթիռը խոցուել է մինչեւ շփման գծին մօտենալը: Բայց եթէ շարժուենք այս տրամաբանութեամբ, ապա Ադրբեջանի բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերը պէտք է ոչ միայն խոցէին շփման գծին այդքան մօտեցած երկու ուղղաթիռներից մէկը, այլ երկուսը միաժամանակ, աւելին՝ ոչնչացնէին այս օրերին անցկացուող զօրավարժութիւնների ժամանակ օդ բարձրացող հայկական բոլոր ուղղաթիռները եւ գուցէ նաեւ ինքնաթիռները: Նման բան, սակայն, բնականաբար, չարուեց: Աւելին՝ Բաքուի այս նոր, անհեթեթ հիմնաւորման պարագայում ստացւում է, որ Ադրբեջանը փաստացի պատերազմ է յայտարարում հայկական կողմին, քանի որ, ըստ այդ տրամաբանութեան, պէտք է հետայսու հարուածներ հասցուեն ԼՂի օդային տարածքում սաւառնող բոլոր ռազմական օդանաւերին:
Մինչդեռ արդէն օրուայ կէսին տեղեկատուութիւն տարածուեց, որ ԼՂՀ է այցելել ՀՀ նախագահ, զինուած ուժերի գերագոյն-գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանը: Նախագահը, ընդ որում, ԼՂՀ էր մեկնել ակնյայտօրէն ՊՆին պատկանող ուղղաթիռով: Եւ եթէ Բաքուն առաջնորդուէր իր տարածած վերոնշեալ յայտարարութեամբ, ապա պէտք է նաեւ Սերժ Սարգսեանին տեղափոխող ուղղաթիռը յայտնուէր ադրբեջանական ՀՕՊ ուժերի թիրախում: Սակայն Սարգսեանը ոչ միայն հասել է Ստեփանակերտ, այլեւ նրա ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանակերտի օդանաւակայանում: Այն նոյն օդանաւակայանում, որի շահագործումը կանխելու ուղղութեամբ արդէն տարիներ շարունակ կատաղի պայքար է մղում Ադրբեջանը, ինչի պատճառով այդ օդանաւակայանի շահագործումը շարունակ ամենատարբեր պատրուակներով ձգձգւում է:
Ուղղաթիռով ԼՂ մեկնելու՝ Սերժ Սարգսեանի քայլը կարելի է ինչ որ իմաստով նաեւ դիւանագիտական պատասխան համարել Ադրբեջանի սադրիչ գործողութիւններին: Սակայն գուցէ շատ աւելի ճիշդ կը լինէր, եթէ նախագահը Ստեփանակերտ մեկնէր ոչ թէ ռազմական ուղղաթիռով, այլ քաղաքացիական ինքնաթիռով՝ կատարելով մօտ երեք տարի առաջ տուած այն խոստումը, թէ, ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած վայնասունի, ինքն է լինելու Երեւան-Ստեփանակերտ քաղաքացիական չուերթի առաջին ուղեւորը: Սա ոչ միայն կը նշանակէր Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման մեկնարկ, այլեւ Բաքուին կը կանգնեցնէր էլ աւելի անհեթեթ վիճակի առջեւ: Առանց այն էլ ԼՂի օդային տարածքը թռիչքազերծ գօտի յայտարարելու քայլը դիւանագիտական փակուղի է հէնց իր՝ Բաքուի համար: Եթէ հայկական կողմից այդ «պայմանը» խախտելու պատճառով պէտք է սկսուի պատերազմը, ապա պատասխանատուութեան ողջ բեռը մնալու է Ադրբեջանի ուսերին: