Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Պատրանքը՝ Վտանգաւոր Կատեգորիա

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Պատրանքն իրականութեան աղաւաղուած ընկալումն է, ըմբռնման խաբկանքը, որը պայմանաւորուած է հոգեկան աշխարհի առանձնայատուկ վիճակով, օրինակ՝ վախով: Հանրագիտարանում պատրանքին նման սահմանում է տրւում: Ադրբեջանի իշխանութիւնների կեցուածքը, որը դրսեւորւում է բոլոր մակարդակներում, ներառեալ՝ նախագահի, թոյլ է տալիս լիիրաւ հաւաստել, որ հանրագիտարանի տուեալ բնութագիրը միանգամայն ճշգրիտ է ձեւակերպում Բաքուի ռեժիմի գործողութիւնները, մանաւանդ այն ամէնի վերաբերեալ, ինչն առնչւում է ղարաբաղեան խնդրին:
Մամուլում արդէն հաղորդուել էր, որ Օգոստոսի 28ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնութեամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը եւ նրա ժողովրդի ազատ զարգացումը սատարող բանաձեւ: Սենատն ընդունեց նաեւ որոշում՝ բանաձեւը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին, որպէսզի նրանք նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչմանը: Նշենք, որ դա արդէն հինգերորդ ամերիկեան նահանգն է, որը հանդէս է գալիս ԼՂՀ ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախութիւնը սատարող բանաձեւով: Մենք հակուած չենք տրուելու էյֆորիայի (քաջողջութիւն-Խմբ.) եւ յայտարարել, թէ մեր հանրապետութեան միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ: Բնականաբար, ոչ: Սակայն անվիճելի է այն փաստը, որ Կալիֆորնիայի Սենատի բանաձեւը քաղաքական եւ իրաւական կարեւորագոյն ակտ է, որը հաստատում ԼՂՀի՝ որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտի, կայացած լինելը, եւ որը հարկ է դիտարկել ԼՂՀի ժողովրդավարական զարգացման, քաղաքակիրթ հանրութեան արժէքներին նրա հաւատարմութեան համատեքստում: Իսկ դա, իր հերթին, յուսալի նախադրեալներ է ստեղծում ԼՂՀ յետագայ միջազգային ճանաչման համար: Կարծում ենք, կը գայ ժամանակ, երբ քանակն անպայման կը վերածուի որակի, եւ որքան շուտ դա կատարուի, այնքան լաւ:
Չնայած Կալիֆորնիայի Սենատի բանաձեւը յանձնարարական բնոյթ է կրում, այն լրջօրէն անհանգստացրեց Ադրբեջանի իշխանութիւններին: Այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչն այն անուանեց «ընդամէնը թղթի կտոր»: Մինչդեռ կարելի է չկասկածել, որ այդ ցուցադրական քամահրանքի հետեւում թաքնուած է տարրական վախը: Այլապէս պաշտօնական Բաքուն հնարաւոր բոլոր միջոցները չէր ձեռնարկի բանաձեւի ընդունումը կանխելու համար, իսկ դրանից յետոյ յոյժ ագրեսիւ չէր արձագանգի՝ բանաձեւին կողմ քուէարկած սենատորներին մեղադրելով կանխակալութեան մէջ: Բանն այն է, որ Ադրբեջանում չեն կարող չնկատել, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր քաղաքական ապագան ինքնուրոյն որոշելու իրաւունքը ճանաչելու միտումն առաւել ակներեւ է դառնում: Չեն կարող չհասկանալ, որ արտասահմանեան կառոյցների գործողութիւնները, ներառեալ՝ ԱՄՆ նահանգների օրէնսդիր մարմինների կողմից ԼՂՀ անկախութեանը սատարող ակտերը, շօշափելի հարուած են հասցնում Ադրբեջանի քաղաքականութեանը, որն ուղղուած է Արցախի նկատմամբ իր կեղծ, իրաւաբանօրէն ոչնչով չամրագրուած իրաւունքի հիմնաւորմանը:
Եւ այստեղ ահա նորից ի յայտ են գալիս Ադրբեջանի տխրահռչակ պատրանքները, որը չի ցանկանում տեսնել օբյեկտիւ ճշմարտութիւնը եւ Կալիֆորնիայի Սենատի կողմից բանաձեւի ընդունումը, ինչպէս, ի դէպ, ամերիկեան օրէնսդիր մարմինների համանման միւս բանաձեւերը եւս, բացատրում է հայկական Սփիւռքի զուտ լոբիիստական գործունէութեամբ: Ըստ երեւոյթին, ճշմարտութեան հանդէպ վախը թոյլ չի տալիս Բաքուին խոստովանել ակնյայտը՝ որ խորհրդային շրջանի 80ական թուականների իրողութիւններին վերադառնալն անհնար է, որ ԼՂՀ անկախ պետականութեան ստեղծման, նրա միջազգային ճանաչման գործընթացը ձեռք է բերում շարունակական եւ անշրջելի բնոյթ: Ինչպէս իր ժամանակ ռուսաստանեան յայտնի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովն է արդարացիօրէն նկատել, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու հնարաւորութիւնը, միեւնոյն գետը երկու անգամ չեն մտնի:
Դէ էլ ո՛ւր Լեռնային Ղարաբաղը: Իլհամ Ալիեւը վաղուց եւ արդէն բազմիցս է միեւնոյն գետը մտնում՝ տարածքային նկրտումներ ներկայացնելով ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի իսկ հանդէպ՝ նրան անուանելով… Արեւմտեան Ադրբեջան: Օրերս, այց կատարելով Հորադիզ, Ադրբեջանի ղեկավարը բառացիօրէն յայտարարեց հետեւեալը. «Այսօր բարեկարգ լինելու առումով Հորադիզը շատ աւելի առաջ է անցել նրանց մայրաքաղաքից՝ ադրբեջանական հինաւուրց Իրեւան քաղաքից: Դա իրողութիւն է»: Մեր կողմից յաւելենք՝ դա իրողութիւն չէ, այլ քաղաքական աւազակութիւն՝ ընդամէնը երկու դար առաջ Անդրկովկասում յայտնուած վայրի քոչուոր ցեղերի ժառանգի կողմից, ով, սակայն, թոյլ է տալիս իրեն յայտարարել հայկական պատմական հողերի՝ ներառեալ գրեթէ 2800ամեայ պատմութիւն ունեցող Երեւանի հանդէպ իր «իրաւունքների» մասին:
Հարկ է նկատել, որ յիշատակուած այցի ընթացքում Ալիեւն այնքան բացայայտ անհեթեթութիւններ է բարբաջել, որ դրանք կը բաւարարէին նրան մի ամբողջ նախընտրական արշաւի համար: Եւ դարձեալ նրա բառավարժանքներին ծանօթանալիս չի լքում այն զգացումը, թէ նա ապրում է բացայայտ պատրանքներով, ընդ որում, դրանք հրամցնելով իր ժողովրդին: Ինչպէս եւ չես կարող ազատուել այն զգացումից, որ նախագահն իր հաւատարիմ հպատակների մասին այնքան էլ բարձր կարծիքի չէ, քանզի իրեն թոյլ է տալիս նրանց մատուցել տարրական բացարձակ կեղծիք: Եթէ խմբաւորենք Ալիեւի ելոյթի դրոյթները, ապա դրանց էութիւնն այն է, որ Հայաստանը շուտով կը դադարի գոյութիւն ունենալ որպէս պետութիւն, որ միջազգային իրաւունքը Ադրբեջանի կողմն է, որ ոչ մի երկիր երբեք չի ճանաչի ԼՂՀն, որ շփման գծում վերջին իրադարձութիւնների արդիւնքում «թշնամուն ջախջախիչ հարուած հասցուեց, որից նրանք դեռեւս ուշքի չեն գալիս», եւ որ Հայաստանում տիրում է խուճապն ու վախը եւ այլն, եւ այլն: Մի խօսքով, ստերի անվերջ շարան, որ կոչուած է հասարակ ադրբեջանցիների մօտ հայերի նկատմամբ բացարձակ գերազանցութեան պատրանք յարուցելու: Իսկ ադրբեջանցիներից նրանք, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը եւ չեն ցանկանում հաւատալ սեփական իշխանութիւնների հիւանդ երեւակայութեան արգասիքներին, ազնուօրէն եւ բացէիբաց խօսում են իրականութեան մասին, որպէս կանոն՝ կա՛մ յայտնւում են ճաղերի հետեւում, կա՛մ ենթարկւում դաժան հալածանքների: Ճշմարտութիւնն Ադրբեջանում յարգի չէ:
Հասկանո՞ւմ է, արդեօք, Ալիեւը, որ պատրանքը յոյժ վտանգաւոր կատեգորիա է: Որ իր քաղաքականութիւնը պատրանքների, այսինքն՝ կեղծ հաշուարկների վրայ կառուցելը, նոյնն է, ինչ աւազի վրայ դղեակ կառուցելը, որ ցանկացած պահի կարող է փլուել՝ իր տակ թաղելով իր իսկ վայ-ճարտարապետներին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles