Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հանէք Հայրենասիրութեան Բաճկոնը Եւ Փոխէք Օրէնքը

$
0
0

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Առաջնագծի դիրքերից մէկում աւարտել էինք հանդիպումը եւ պիտի մեկնէինք, կապիտան Հայկ Սարգսեանը մի կողմ քաշելով հարցրեց՝ կարո՞ղ է անձնական մի խնդրի մասին խօսել հետս: Ասացի՝ ի հարկէ:
Հայկ Սարգսեանը 17 տարի բանակում է: Երկար տարիներ «Եղնիկներ»ում էր, հիմա Մարտակերտի ուղղութեան դիրքերում: Ընտանիքը վարձով ապրում է Մարտակերտում, շուտով ծնուելու է երկրորդ երեխան: Ծնունդով մարտակերտցի է Հայկը: Ունի երկու եղբայր, նրանք էլa իրենց ընտանիքներով՝ երկուական երեխաներով, ապրում են Մարտակերտում: Ապրում են հօրական սեփական երկյարկանի տանը: Հայկն էլ է գրանցուած այդ տանը, երկու եղբայրներն էլ: Բայց քանի որ երեք ընտանիքով մի տան մէջ չեն կարող ապրել, նա բնակարան է վարձել: Սպաների ծառայութեան վայրում բնակարանի հարցը պարտաւոր է լուծել պետութիւնը: Հայկը չի կարողացել բնակարանի համար հերթագրուել, որովհետեւ իր հօրական տանը գրանցուած իւրաքանչիւրին հասնում է 7 կմ., իսկ բնակարան հերթագրուելու համար պէտք է դրանից քիչ լինի: Սա մեր օրէնսդիրներն են նստել-մտածել՝ ինչպէս անել, որ սպան հնարաւորութիւն չունենայ բնակարան ստանալու: Բայց սա օրէնսդիրների միակ «հնարամտութիւնը» չէ: Սպայի բնակարանի վարձակալութեան համար պետութիւնը վճարում է այն դէպքում, եթէ նա հեռու է իր բնակավայրից նուազագոյնը 30 կմ.: Երբ Հայկը «Եղնիկներ»ում էր, նրան հասնում էր վարձակալութեան համար նախատեսուած գումարը, իսկ հիմա Մարտակերտում է գտնւում իր զօրամասը, եւ նրան այդ գումարը չի հասնում:
Կապիտան Հայկ Սարգսեանին հարցնում եմ՝ հրամանատարը գիտի՞ այս մասին, ասում է՝ ոչ, նա կապ չունի: Հարցնում եմ՝ նախարարին ասել ես, ասում է՝ ոչ: Ինչո՞ւ չես ասել՝ իմաստ չունի, օրէնքն է այդպիսին, հո օրէնքը չի խախտելու:
Նոյն օրն այս մասին խօսում եմ ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանի հետ: Նա խորը հոգոց է հանում ու ասում, որ ինքն ամէն ինչ արել է օրէնքի այդ կէտերը փոխելու համար, բայց ոչնչի չի հասել: Նախարարն ասաց, որ նոյնիսկ մի քանի անգամ օրէնքը խախտել է: Պարզուեց նաեւ, որ Հայկ Սարգսեանի դէպքը եզակի չէ, նման վիճակում գտնուող սպաների թիւը մեծ է:
Խորհրդարանում ունենք 131 պատգամաւոր, նրանց մի մասը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձութիւնների ժամանակ հայրենասիրութեան առանձնայատուկ դրսեւորումներով աչքի ընկան: Կամուֆլեաժներով (ներկաքողարկուած համազգեստներով-Խմբ.) այցելել են դիրքեր, ճաշել են զինուորների հետ, «հետ են մղել» հակառակորդի դիւերսանտներին (սա, ի հարկէ, իրենց երազներում), ասել են, որ իրենք առաջնագծի զինուորի թիկունքում կանգնած են եւ այլն: Առաջնագծում էին նաեւ վարչապետը, կառավարութեան անդամները: Այսինքն այն «ծաղկեփունջը», ով հեղինակել եւ հաստատել է այդ օրէնքը:
Հիմա դիրքեր այցելած պաշտօնեաները հնարաւորութիւն ունեն իրենց հայրենասիրութիւնը դրսեւորել: Փոխէք օրէնքի այդ կէտերը: Հայոց բանակի սպան պէտք է ապահովուած լինի բնակարանով, իսկ ծառայութեան վայրում նրա բնակարանային կարիքները պարտաւոր է լուծել պետութիւնը, անկախ այն բանից՝ սպան ունի հայրական տուն, թէ ոչ, եւ ծառայութեան վայրից որքան հեռաւորութեան վրայ է գտնւում նրա գրանցման հասցէն:
Չգիտեմ՝ վարչապետը կը նախաձեռնի՞ այս փոփոխութիւնները, թէ ոչ, բայց 131ից գոնէ մէկը պարտաւոր է դա անել: Հայրենասիրութեան բաճկոնը հանէք ձեր վրայից եւ փոխէք օրէնքն առանց հայրենասիրական ելոյթների, աննկատ, որովհետեւ ամօթ է, որ այս խնդրի մասին ձեզնից ոչ մէկը մինչեւ հիմա չի բարձրաձայնել: Դա նշանակում է ձեր բոլոր այցերն աննպատակ ու ձեւական բնոյթ են կրել, եթէ մի սպայի հետ երբեւէ չէք խօսել իր խնդիրների մասին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles