«Ամերիկայի Ձայն»ի Հետ Բացառիկ Հարցազրոյցում ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահը Սոչիի Հնարաւոր Հանդիպումը Առաջին Քայլն Է Համարում Իրավիճակը Մեղմելու Ուղղութեամբ
Վարեց՝ ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Դեսպան Ուորլիք, հաշուի առնելով Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանային գօտում գրանցուած վերջին բախումները, արդեօք կարելի՞ է ասել, որ անցեալում սառեցուած այս հակամարտութիւնը այլեւս դադարել է այդպիսին լինել: Ի՞նչ պէտք է արուի տարածաշրջանում լարումը կասեցնելու համար:
ՋԷՅՄՍ ՈՒՈՐԼԻՔ.- Ցաւօք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտութիւնը այլեւս սառեցուած չէ: Փորձի՛ր բացատրել վիրաւոր կամ զոհուած զինուորի ընտանիքին, որ այս հակամարտութիւնը սառեցուած է: Բնաւ, տիրող իրավիճակը մեզ մեծապէս անհանգստացնում է, եւ անշուշտ պէտք է անյապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղութեամբ: Առաջին քայլը նախագահների հնարաւոր հանդիպումն է Սոչիում, եւ յուսով ենք, որ այս հանդիպումը թոյլ կը տայ կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում, մենք յուսով ենք նաեւ, որ այս հանդիպումը թոյլ կը տայ կասեցնելու սադրիչ յայտարարութիւնները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջնթացի յանգեցնել:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Կարծո՞ւմ էք արդեօք, որ կողմերը պատրաստ են խաղաղ բանակցելուն:
ՋԷՅՄՍ ՈՒՈՐԼԻՔ.- Կարող եմ հաւաստիացնել, երկու նախագահների հետ զրոյցներ ունենալուց յետոյ, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, եւ մենք պէտք է փորձենք ամէն կերպ նպաստել այս խաղաղ բանակցութիւնների յաջող ընթացքին՝ ցանկալի արդիւնքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամութիւնը: Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագայ զարգացումներից, միեւնոյն ժամանակ անհանգստացած ենք ներկայ կացութեամբ:
Բնաւ կողմերից եւ ոչ մէկը չի ցանկանում թոյլ թուալ միւսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մէկը, այն է՝ խաղաղ բանակցութիւններ, այլ ոչ պատերազմ:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Անդրադառնանք՝ խնդրում Ռուսաստանի դերին: Անցեալ մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը հսկայական քանակութեամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին: Ըստ պաշտօնական Ռուսաստանի եւ Ադրբեջանի, երկու երկրների միջեւ Պաշտպանութեան պայմանագրի գործարքների գումարը 2010 թուականից մինչեւ այս տարեվերջ կը հասնի 5 միլիարդի: Նկատի ունենալով այս փաստը՝ ըստ ձեզ, ո՞րն է Ռուսաստանի քօղարկուած նպատակը այս խնդրում:
ՋԷՅՄՍ ՈՒՈՐԼԻՔ.- Ռուսաստանը այժմ արդէն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում եւ բնաւ շահագրգռուած չէ նոր բախումներ հրահրելու:
Մենք արդիւնաւէտ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ, ես հաւատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրուած չէ նոր խնդիրներ ստեղծելով: Խնդրի խաղաղ լուծում գտնելու մէջ հետաքրքրուած ենք նաեւ մենք, քանի որ Հարաւային Կովկասի երկրները մեր գործընկերներն են, եւ մենք հետաքրքրուած ենք այս տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման հարցում:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Այդ դէպքում ինչպէ՞ս կը բացատրէք Ռուսաստանի՝ Ադրբեջանին զէնք վաճառելու փաստը, այն դէպքում, երբ Ադրբեջանը չլուծուած խնդիր ունեցող երկիր է:
ՋԷՅՄՍ ՈՒՈՐԼԻՔ.- Ռուսաստանն իրաւունք ունի առեւտրական յարաբերութիւններ հաստատելու ցանկացած երկրի հետ: Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցութիւնների խրախուսման գործում արդիւնաւէտ աշխատանք ծաւալելու հարցում: Խաղաղութեան հաստատման որոշումը, այդուհանդերձ, Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ աւելի մեծ ջանքեր:
ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Հաշուի առնելով աշխարհում տիրող բարդ իրավիճակը (Ուկրաինա, Սիրիա, Իրաք)՝ կարո՞ղ է արդեօք Ղարաբաղեան խնդիրը եւ դրա լուծումը լինել ամերիկեան արտաքին քաղաքականութեան առաջնային խնդիրներից մէկը:
ՋԷՅՄՍ ՈՒՈՐԼԻՔ.- Անշուշտ, աշխարհի տարբեր անկիւններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստութեան մեծ առիթ են ԱՄՆի համար, սակայն սա եւ ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղեան խնդրի լուծման անհրաժեշտութեան առաջնայնութիւնը ԱՄՆի համար: Մեր նպատակն է տեսնել Եւրոպան ամբողջական, ազատ եւ խաղաղ:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը սեւ բիծ է Եւրոպայի համար, եւ այդ իսկ պատճառով կողմերին բաւարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆը ունի մեծ հետաքրքրութիւն:
Կրկնում եմ, մեր նպատակն է՝ ազատ, ամբողջական եւ խաղաղ Եւրոպա: