Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Կը Յանձնի՞, Արդեօք, Մոսկուան ԼՂ Տարածքներն Ադրբեջանին

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Բաքուն վերջին շրջանում ակտիւօրէն փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ միանգամայն իրատեսական է ռուսական եւրասիական ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի միանալու հնարաւորութիւնը: Գաղափարը Բաքուն հետեւողականօրէն զարգացնում է՝ օգտագործելով այդ հարցում Մոսկուայի անթաքոյց շահագրգռութիւնը եւ դրա համատեքստում ներկայումս Բաքուի հետ վարուող ինտենսիւ բանակցային գործընթացը:
Մօտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը յայտարարեց, թէ Մոսկուան կարող է, ի դէմս Ադրբեջանի, յուսալի դաշնակից ձեռք բերել, շատ բաների հասնել, եթէ օգնի նրան Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում: Մի քանի օր անց՝ այն օրերին, երբ Լաւրովը ժամանել էր Երեւան, հեռախօսազրոյց տեղի ունեցաւ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, որը գրեթէ ամբողջութեամբ վերաբերել է մի կողմից ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների զարգացմանը, միւս կողմից՝ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանը: Դրան յաջորդեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգէյ Գլազեւի յայտարարութիւնն այն մասին, թէ Ռուսաստանի համար բացթողում է, որ Ադրբեջանը չի մասնակցում եւրասիական նախագծերին: Ըստ Գլազեւի՝ Ռուսաստանը հասկանում է, որ դրան խոչընդոտող հիմնական խնդիրը հենց ԼՂ հակամարտութիւնն է, եւ դրանով է բացատրւում վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ուշադրութեան մեծացումը: Գլազեւի այս յայտարարութիւնը գրեթէ համընկաւ ռուս-ադրբեջանական ֆորումներից մէկի շրջանակում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների ղեկավար Ալլահշուքիւր Փաշազադէի այն դիտարկմանը, թէ յոյս ունի, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնութեամբ Ադրբեջանին կը վերադարձուեն նրա տարածքները», եւ խնդիրը խաղաղ լուծում կը ստանայ: Աւելի բացելով փակագծերը՝ ադրբեջանցի ռազմական փորձագէտ Ուզեիր æաֆարովը օրեր անց յայտարարեց, թէ հնարաւոր է, որ Ռուսաստանի միջամտութեամբ ԼՂին յարակից երեք շրջանները վերադարձուեն Ադրբեջանին, ինչի դիմաց վերջինս պատրաստ է անդամակցելու Եւրասիական տնտեսական միութեանը:
Դժուար է ասել՝ որքանով են Փաշազադէի եւ æաֆարովի ցանկութիւններն արտայայտում ռուս-ադրբեջանական՝ ներկայիս աննախադէպ ակտիւ բանակցութիւնների էութիւնը: Սակայն ինքնին, դրանց շրջանառութեան մէջ դրուելու փաստը վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է որքան հնարաւոր է լրջութիւն հաղորդել նման սցենարով առաջնորդուելու հարցում իր շահագրգռութեանը՝ փորձելով դրանով համոզել Ռուսաստանին նախկին ԼՂԻՄի յարակից շրջաններից գոնէ մի քանիսը Հայաստանի փոխարէն իրեն վերադարձնելու հարցում: Ուշադրութիւն դարձնենք այն հանգամանքին, որ այդ սցենարը, ըստ էութեան, չի հակասում բուն Մադրիդեան սկզբունքներին: Մօտ երկու ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը յիշեցրեց, որ այդ սկզբունքների էութիւնը եւս ԼՂԻՄի տարածքը յարակից շրջաններից տարբերելը եւ դրանք Ադրբեջանին յանձնելն է:
Բայց Ադրբեջանը հետաքրքրութիւն է հանդէս բերում ոչ թէ հակամարտութիւնը Մադրիդեան սկզբունքների, այլ եւրասիական նախագծերի շրջանակում Ռուսաստանի միակողմանի միջամտութեան հենքի վրայ կարգաւորելու նկատմամբ: Իսկ պատճառը շատ պարզ է: Մադրիդեան սկզբունքներում տարածքները յանձնելուն զուգահեռ դրւում է նաեւ ԼՂում, այսպէս կոչուած, պլեբիսցիդ (հանրաքուէ-Խմբ.) անցկացնելու, այսինքն՝ կարգավիճակի խնդիրը լուծելու հարցը: Մինչդեռ՝ այն տարբերակը, որն ակնկալում է Բաքուն Մոսկուայից, ենթադրում է միայն ԼՂՀ մի քանի շրջանների վերադարձ իրեն՝ ԵՏՄ (Եւրասիական Տնտեսական Միութիւն) մտնելու խոստման դիմաց, իսկ ԼՂի կարգավիճակի հարցը օրակարգից առժամանակ դուրս է մղւում՝ դառնալով բացառապէս Մոսկուայի իրաւասութեան խնդիրը: Խաղաղութիւնը, բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու խնդիրը այս սցենարով լուծւում է միայն շփման գծում ռուսական ռազմական կոնտինգենտի (զօրագունդի-Խմբ.) տեղակայման միջոցով, որով Մոսկուան, մի կողմից, վերջնականապէս լուծում է Հարաւային Կովկասն իր բացարձակ ազդեցութեան տարածքը վերածելու խնդիրը, միւս կողմից, լծակ է ունենում՝ Ադրբեջանին սահուն դէպի ԵՏՄ մղելու համար: Արդիւնքում՝ Ադրբեջանը չի կարողանում վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ ԼՂԻՄ տարածքով, բայց այն դուրս է գալիս նաեւ Հայաստանի ազդեցութեան գօտուց ու դառնում Ռուսաստանի ոչ ֆորմալ մասը: Իսկ Ալիեւը իրականացնում է գոնէ տարածքների մի մասն առանց լուրջ ջանքերի Ադրբեջանինը դարձնելու տուած խոստումը եւ՝ հերոսանում: Ահա, թէ որը կարող է լինել ռուս-ադրբեջանական հնարաւոր գործարքի էութիւնը:
Սակայն հարցն այն է՝ որքանով է նման գործարքն իրատեսական: ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը Բաքւում յայտարարեց, թէ ԼՂ հիմնահարցը ԵՏՄի հետ որեւէ կապ չունի եւ այդ միութեանը Հայաստանի անդամակցութեան պարագայում շարունակելու է մնալ բացառապէս ԵԱՀԿ ՄԽի ձեւաչափում: Սա կարելի է այս պահին նման գործարքի գնալու՝ ադրբեջանական առաջարկը մերժելու դրսեւորում համարել, եթէ, ի հարկէ, դրա նպատակը հայկական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնելը չէ: Ռուսաստանը չի կարող հաշուի չառնել, որ իր կողմից Ադրբեջանը կլանելուն ուղղուած քայլերն Արեւմուտքը կուլ չի տայ նոյնքան հանգիստ, որքան Հայաստանին կլանելու պարագայում: Ադրբեջանում էներգետիկ խոշոր կորպորացիաների ներկայութիւնն այնպիսի հզօր գործօն է, որ Բաքուն ինքը չի կարող անտեսել նրանց շահերը եւ մտնել մի միութիւն, որը գործելու է բացարձակ տարբեր մաքսային ռեժիմներով եւ ստեղծւում է հակակշռելու համար Եւրամիութեանը: Եւրոպայում արդէն հասկացրել են, որ չեն հանդուրժելու նման որեւէ զարգացում: Ալիեւին Եւրախորհրդում ցուցաբերուած «ջերմ» վերաբերմունքն ընդամէնը կարելի է նախերգանքը համարել այն ամէնի, ինչը կարող է ձեռնարկել Արեւմուտքը՝ օգտագործելով ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հետ կապուած խայտառակ իրավիճակը Ադրբեջանում: Սրանք Ալիեւին զսպող այնպիսի իրողութիւններ են, որոնց պարագայում հնարաւոր չէ պատկերացնել, որ Կրեմլում կարող են լուրջ վերաբերուել ԵՏՄին միանալու՝ Ադրբեջանի շահագրգռութեան ցուցադրութիւններին: Դա է պատճառը, որ Լաւրովի միջոցով վերոնշեալ ուղերձը յղելով, Մոսկուան, փաստօրէն, իր հերթին առաջարկում է Բաքուին կատարել առաջին քայլը եւ ԼՂ հարցում որեւէ ակնկալիք ցուցաբերել՝ միայն ԵՏՄ մտնելու քաղաքական որոշում ընդունելու, պայմանագիրը ստորագրելու պարագայում:
Խնդիրն այստեղ առաւելապէս Հայաստանի անհասկանալի կեցուածքն է: Մի կողմից՝ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտարարում է, թէ հակամարտութեան գօտում որեւէ երրորդ ուժի ներկայութիւնն անթոյլատրելի է՝ թաքնուած ակնարկելով, որ շփման գծում նաեւ ռուսական «խաղաղապահների» տեղակայմանն է հայկական կողմը դէմ: Իսկ միւս կողմից՝ քաղաքական իշխանութեան ներկայացուցիչը՝ Արտաշէս Գեղամեանը, Բաքւում յայտարարում է, թէ Հայաստանը շահագրգռուած է ԵՏՄին Ադրբեջանի անդամակցութեամբ, որպէսզի վերանայ ԼՂի՝ որեւէ կողմին պատկանելութեան հարցը, կոնֆլիկտի առարկան: Սա ոչ այլ ինչ էր, եթէ ոչ ռուս-ադրբեջանական վերոնշեալ հնարաւոր գործարքի իրականացման իւրօրինակ մեխանիզմ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles