Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Լաւրովը Ղարաբաղեան Աքցանի Մէջ Է Առնում Ադրբեջանին

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովն Ադրբեջան կատարած այցի շրջանակում այսօր Բաքւում ուշագրաւ յայտարարութիւններ է հնչեցրել Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութեան եւ ԼՂ հիմնահարցի հետ դրա առնչութեան վերաբերեալ: Նա, մասնաւորապէս, նշել է, որ այս ամսուայ վերջին նախատեսւում է Հայաստանի անդամակցումը ԵՏՄին, եւ որ ԼՂ խնդիրը միջազգային իրաւունքի այլ սուբյեկտ է:
«Գիտէք, որ հայկական կողմն արդէն յայտարարել է, որ Հայաստանը կ՛անդամակցի ԵՏՄին այն սահմաններով, որով անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառոյցներին, այդ թւում՝ ԱՀԿին: ԵՏՄին անդամակցելը եւ ԼՂ հակամարտութեան լուծումը միանգամայն այլ հարցեր են», ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ըստ էութեան՝ առաջին անգամ Մոսկուան պաշտօնական մակարդակով յստակ դիրքորոշում է արտայայտում մի հարցի վերաբերեալ, որից յամառօրէն խուսափում էր: Այդ դիրքորոշումից կարելի է կատարել միանգամից մի քանի եզրակացութիւն:
Առաջին՝ ըստ էութեան, Հայաստանի անդամակցութեան հարցը վերջնականապէս լուծուած է, եւ, ամենայն հաւանականութեամբ, դա տեղի կ՛ունենայ այս ամսուայ վերջին: Հնարաւոր չէ պատկերացնել, որ ՌԴ արտգործնախարարը կոնկրետ վերջնաժամկէտների մասին կարող է խօսել՝ առանց այդ մասին յստակ ու վերջնական քաղաքական որոշման առկայութեան: Դրա մասին էր վկայում նաեւ երէկ Հանրային հեռուստաընկերութեան եթերում նախագահ Սերժ Սարգսեանի՝ ոչ պակաս յստակ եւ միանշանակ յայտարարութիւնը. «Ինձ համար կարծէք թէ այս հարցը սպառուած էր, եւ ես զարմանում եմ, որ մենք դեռեւս շարունակում ենք այն քննարկել: Բովանդակային առումով ամէն ինչ իսկապէս վերջացած է եւ շատ պարզ: Այո, Հաայստանն անդամակցելու է ՄՄին՝ իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպէս, ինչպէս ՀՀն այս 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառոյցներին»:
Միակ հարցը, որ մնում է անորոշ, այն է, որ եթէ ՀՀ նախագահը խօսում է Հայաստանի՝ Մաքսային միութեանն անդամակցելու մասին, ՌԴ արտգործնախարարն ակնարկում է Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի միանալու մասին: Եւ հիմա պարզ չէ, թէ Հայաստանի համար այս կառոյցներից որում է տեղ բացւում:
Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը, ֆորմալ առումով, չի լինելու ԵՏՄի մաս, եւ այս հարցը եւս վերջնականապէս լուծուած է: Սերգէյ Լաւրովը յստակ խօսում է ԼՂ հակամարտութեան՝ միջազգային իրաւունքի այլ սուբյեկտի լինելու մասին, իսկ Սերժ Սարգսեանը՝ ԼՂՀից Հայաստանի դէ իւրէ (իրաւաբանօրէն-Խմբ.) սահմանազատմամբ՝ հայկական երկրորդ պետութեան անկախութիւնը փաստացի ճանաչելու: Ահա, թէ այս միտքն ինչպէս է արտայայտում Սերժ Սարգսեանը. «Ճշմարտութիւն է նաեւ այն, որ ՀՀն ունի առանձնայատուկ յարաբերութիւններ երկրորդ հայկական հանրապետութեան՝ ԼՂՀի հետ: Եւ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀն անկախ հանրապետութիւն է, սխալ է»:
Ողջ հարցը մնում է այն, թէ արդեօք սա նշանակելո՞ւ է, որ Հայաստանի եւ ԼՂՀի միջեւ դրուելու են մաքսակէտեր եւ, եթէ դրուելու են, ապա ԵՏՄ-ՄՄի եւ ԼՂՀի՞, թէ ԵՏՄ-ՄՄի ու Ադրբեջանի մաս կազմող ԼՂի միջեւ: Լաւրովը դիւանագիտօրէն խուսանաւում է այս թեման շօշափելուց, ինչից կարելի է միայն ենթադրել, որ այդ հարցի վրայ պարզապէս աչք է փակուելու: Մանաւանդ, որ Լաւրովը տեղի ուենցողը համեմատում է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը Հայաստանի անդամակցութեան հետ, որը եւս փաստացի աչք է փակել, հակամարտութեան չկարգաւորուածութեամբ պայմանաւորուած, սահմանային անորոշութեան վրայ:
Երրորդ՝ բաց տեքստով, հենց Բաքւում նման յայտարարութիւններ անելը չի կարող զուտ պատահականութիւն լինել: Եթէ աւելի պարզ ներկայացնելու լինենք Լաւրովի յայտարարութեան իմաստը, ապա նա, ըստ էութեան, Բաքուին կանգնեցնում է այն փաստի առաջ, որ ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնը չպէտք է դիտարկել ԼՂ հիմնահարցի կարգաւորման ինչ որ եղանակ, այսինքն՝ յոյս ունենալ, որ եթէ Հայաստանը սահմանազատւում է ԼՂՀից, ապա դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրները ճանաչում են ԼՂն՝ որպէս Ադրբեջանի մաս: Աւելին՝ Լաւրովը յղում է կատարել ԵԱՀԿ ՄԽին եւ դրա շրջանակում Ռուսաստանի միջնորդական առաքելութեանը՝ փաստացի հասկացնելով, որ հարցի լուծումը շարունակելու է մնալ հենց այդ ձեւաչափի շրջանակում:
Այս հանգամանքը կարելի է դիտարկել որպէս Մոսկուայի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշում գործադրելու միջոց: Լաւրովը, փաստօրէն, ներկայացնում է այն հեռանկարը, թէ ինչ կարող է լինել, եթէ Ադրբեջանը շարունակի մերժել ռուսական եւրասիաինտեգրացիոն նախագծերում չներգրաւուելու՝ իրեն արուող անուղղակի առաջարկութիւնները: Հետեւաբար, եթէ Բաքուն ուզում է ԵՏՄն դիտարկել որպէս այդ հարցի լուծման եւ Հայաստանին ինչ որ բան պարտադրելու հարթակ, ապա պէտք է անմիջականօրէն մասնակցութիւն ունենայ դրանում:
Մոսկուան, փաստօրէն, ԼՂ հիմնահարցը փորձում է օգտագործել որպէս երկսայրի սուր, որը պէտք է միաժամանակ աշխատի թէ՛ Ադրբեջանի եւ թէ Հայաստանի դէմ՝ ըստ անհրաժեշտութեան եւ նպատակայարմարութեան: Այնքանով, որքանով Հայաստանը մտել է պրոցեսի մէջ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, որին ԵՏՄ բերման ենթարկելու հարցում Մոսկուան շահագրգիռ է գուցէ քառակի անգամ աւելի շատ, այս սուրը հիմա աշխատեցւում է Բաքուի դէմ:
Եւ Սերժ Սարգսեանի՝ առաւել քան նկատելի ինքնավստահութիւնը, որ նա արտայայտում էր՝ ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնից ակնկալուող արդիւնքների մասին խօսելով, թոյլ է տալիս եզրակացնելու, որ պաշտօնական Երեւանը հաւատում է այն հեռանկարին, թէ ԵՏՄն միշտ, այլ ոչ թէ ըստ իրավիճակների եւ ըստ Մոսկուայի քաղաքական շահագրգռութիւնների է աշխատելու ԼՂՀի անկախութեան կամ առնուազն ներկայ ստատուս քուօն (վիճակը-Խմբ.) պահպանելու օգտին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles