ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստան-Նախիջեւան սահմանի Արարատի հատուածում (Երեւանից մօտ 40 կմ. հեռաւորութեան վրայ) ադրբեջանական դիպուկահարների կրակոցից մի քանի օր առաջ սպանուեցին պայմանագրային զինծառայողներ 26ամեայ Անդրանիկ Եղոյեանը եւ 22ամեայ Բորիս Գասպարեանը: 2013ի Օգոստոսին հայկական կողմը եւս մէկ զոհ տուել էր Հայաստան-Նախիջեւան սահմանի հարաւային՝ Մեղրիի հատուածում:
Ճիշդ է, հայ-ադրբեջանական առաջին կռիւները տանկերի եւ այլ ծանր զրահատեխնիկայի օգտագործումով սկսուել են հենց հայ-նախիջեւանեան հատուածում, սակայն, ընդհանուր առմամբ, ճակատի այդ հատուածը համեմատաբար խաղաղ է եղել: 1990թ. Յունուարին պատերազմական իրավիճակ ստեղծուեց Երասխ-Սադարակ հատուածում: Հենց այդ կռիւների ընթացքում զոհուեց Հայաստանի ազգային հերոսներից (յետմահու) Մովսէս Գորգիսեանը:
Արարատեան դաշտավայրից դէպի Վայոց ձոր մայրուղին անցնում է հենց այս հատուածով: Դեռ 1990ին հայկական ուժերը վերցրեցին Քեարքի (այսօր՝ Տիգրանաշէն) ադրբեջանաբնակ գիւղը, որը վարչականօրէն պատկանում էր Նախիջեւանին, սակայն կղզեակի ձեւով գտնւում էր Հայաստանի տարածքում: Մայրուղին անցնում էր հենց այդ գիւղով:
Արցախեան պատերազմի տարիներին, բացառութեամբ Երասխ-Սադարակ փոխադարձ ռմբահարումների, Նախիջեւանի եւ նրա հետ ընդհանուր սահմաններ ունեցող Հայաստանի Սիւնիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի բնակավայրերը զերծ մնացին պատերազմական արհաւիրքներից:
Հայաստան-Նախիջեւան սահմանը սկսւում է Երասխում՝ Արարատեան դաշտավայրում, եւ աւարտւում Մեղրիի շրջանում: Սահմանը, ի տարբերութիւն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի եւ Արցախ-Ադրբեջան սահմանի կամ շփման գծի, Հայաստան-Նախիջեւան սահմանում հիմնականում անցնում է լեռնաշղթաներով եւ լեռների գագաթներով: Պատճառներից մէկը, որ հայ-նախիջեւանեան սահմանում չեն եղել ռազմական գործողութիւններ, հաւանաբար հենց աշխարհագրութիւնն է:
Բայց կային մի քան այլ պատճառներ եւս: Երբ բռնկուեցին ռազմական գործողութիւնները Արցախում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով (հիմնականում Տաւուշի մարզում հայկական կողմից եւ Ղազախի եւ Թովուզի շրջանում ադրբեջանական կողմից), Նախիջեւանը ղեկավարում էր Հէյդար Ալիեւը: Վերջինս, ի տարբերութիւն Ադրբեջանում նախագահող Այազ Մութալիբովի եւ ապա Աբուլֆազ Էլչիբէյի, փորձում էր Հայաստանի ղեկավարութեան հետ սեպարատ բանակցութիւնների ճանապարհով Նախիջեւանը զերծ պահել ռազմադաշտի վերածելու վտանգից:
Այսպէս, 1990-1992 թուականների ընթացքում Հայաստան-Նախիջեւան սահմանի հայկական եւ նախիջեւանեան հատուածում տեղի են ունեցել բազմաթիւ հանդիպումներ: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը ազգային անվտանգութեան գծով իր խորհրդական Աշոտ Մանուչարեանին նշանակել էր բանագնաց: Մանուչարեանը բազմաթիւ հեռախօսազրոյցներ եւ հանդիպումներ էր ունեցել Հէյդար Ալիեւի հետ: Հայ-նախիջեւանեան բանակցութիւններ էին տեղի ունենում նաեւ պաշտպանութեան փոխնախարարների եւ խորհրդարանների փոխխօսնակների մակարդակով: Հայկական կողմից այդ բանակցութիւններին մասնակցում էին Վահան Շիրխանեանն ու Արա Սահակեանը (այսօր Հայաստանի դեսպանն է Ղազախստանում): Ճիշդ է, 1993ի ամռանը Հէյդար Ալիեւը իշխանութեան եկաւ Ադրբեջանում եւ նոյն տարուայ աշնանը եւ ձմռանը ռազմական լայնածաւալ գործողութիւններ նախաձեռնեց Արցախում՝ հիմնականում Քարվաճառի եւ Հորադիսի ուղղութեամբ, սակայն այն տարիներին, երբ նա առաջնորդում էր Նախիջեւանը, փորձում էր իր ծննդավայրը զերծ պահել պատերազմական ճակատի վերածելու անկանխատեսելի հեռանկարից:
Իր հերթին, հայկական կողմը եւս շահագրգռուած չէր, որպէսզի լարում ստեղծուի Հայաստան-Նախիջեւան հատուածում, քանի որ դա կարող էր Թուրքիայի՝ պատերազմում ուղղակի ներգրաւման առիթ դառնալ: Համաձայն 1921թ. Մարտին կնքուած ռուս-թուրքական պայմանագրի՝ Նախիջեւանը յատուկ կարգավիճակ է ստացել: Հայաստանի կողմից Նախիջեւանի վրայ յարձակումը կարող էր ընկալուել որպէս յարձակում Թուրքիայի վրայ: Ահա այդ պատճառով էր, որ Հայաստանը չափազանց զգոյշ էր: Արցախեան պատերազմի եւ դրան յաջորդած ամբողջ ժամանակահատուածում Թուրքիան ռազմական, տնտեսական եւ քաղաքական օգնութիւն է տրամադրել Ադրբեջանին, եղբայրական հանրապետութիւն ուղարկել զէնք ու զինամթերք, ռազմական խորհրդատուներ, կամաւորներ, սակայն միեւնոյն ժամանակ, Թուրքիան զերծ է մնացել Հայաստանի վրայ ուղղակի յարձակումից:
Այն տարիներին եւ այսօր որոշ վերլուծաբաններ հակուած են այն տեսակէտին, որ Թուրքիան Հայաստանի վրայ չյարձակուեց, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած էին (այսօր էլ կանգնած են) ռուս սահմանապահներ, իսկ յարձակումը կը նշանակէր պատերազմի մէջ ուղղակիօրէն ներգրաւել նաեւ Ռուսաստանին:
Հայաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ իրավիճակը վերահսկում են հայ-նախիջեւանեան հատուածում: Նախքան Յունիսի 5ի ողբերգական միջադէպը, երբ հակառակորդի կրակոցից սպանուեցին երկու հայ զինծառայողներ, ադրբեջանական լրատուամիջոցները հաղորդել էին, որ հայկական կողմից բացուած կրակոցից Նախիջեւանի հատուածում սպանուել է ադրբեջանցի զինծառայող: Համապատասխանո՞ւմ էր իրականութեանը այս հաղորդագրութիւնը: Եթէ այո, ապա ադրբեջանական կողմը երկու հայ զինծառայողի սպանելով սահմանի նոյն հատուածում, արդեօք պատասխան հարուա՞ծ է հասցնում: Այս հարցերի պատասխանը մենք չունենք:
Միւս կողմից, քանի դեռ պատերազմը կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակը շարունակւում է Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Նախիջեւան հատուածում, քանի դեռ վերջնական խաղաղութեան չի հատատուել, ապա նման ողբերգական միջադէպերը անխուսափելի են: 1994 թուականի մայիսեան հրադադարից ի վեր ադրբեջանական կողմից ձեռնարկուած գործողութիւնների հետեւանքով հայկական կողմը տուել է մօտ 1000 զոհ: Զոհեր տալիս է նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանական աղբիւրների հաշուարկով՝ 1994ի հրադադարից ի վեր նրանց կորուստների թիւը հասնում է 3000ի:
Հայկական կողմը յայտարարում է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ամէն մի խախտման դէպքում, որը կը բերի մարդկային կորուստների, հայկական կողմը անհամաչափ ուժ է կիրառելու: Այսինքն, եթէ ադրբեջանցիները սպանում են մէկ հայ զինծառայողի, ապա ի պատասխան, Ադրբեջանը ունենալու է երկու զոհ:
Եթէ այս իրավիճակին նայում ենք մաթեմատիկական հաշուարկի տեսանկիւնից, ապա հայկական կողմը յաղթական վիճակում է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մարդկային ճակատագիրը անընդունելի է տեղաւորել մաթեմատիկական հաշուարկի տրամաբանութեան մէջ: