Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Սերժ Սարգսեանը Յանձնո՞ւմ Է Իշխանութիւնը

$
0
0


ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմնի երէկուայ նիստում Հայաստանի նոր վարչապետի անունն այդպէս էլ չհրապարակուեց: Կուսակցութեան մամլոյ խօսնակ Էդվարդ Շարմազանովը նիստին յաջորդած ճեպազրոյցում յայտարարեց, թէ դա տեղի կ՛ունենայ առաջիկայ Երկուշաբթի օրը:
Թէ ինչո՞վ է պայմանաւորուած այս յետաձգումը, որեւէ բացատրութիւն չհնչեց: Մինչդեռ ընդհուպ մինչեւ ՀՀԿի նիստի վերջին րոպէները տեղեկատուական խայծերն այն մասին, որ վարչապետի պաշտօնում Յովիկ Աբրահամեանին նշանակելու որոշում է կայացուել, շարունակում էին հեղեղել համացանցը: Դա վկայում է այն մասին, որ ՀՀԿ նիստում ամենավերջին պահին, ինչ-ինչ հանգամանքներից ելելով, որոշուել է նոր վարչապետի նշանակման հարցում աւելորդ շտապողականութիւն չդրսեւորել:
Յատկանշական է, որ յետաձգումը տեղի ունեցաւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանի մօտ զուգահեռաբար ընթացող ՀԱԿ ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանի, «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճեանի փակ հանդիպման ֆոնին: ՀՀԿ նիստից յետոյ Էդվարդ Շարմազանովի յայտարարութիւնն այն մասին, թէ հնարաւոր է՝ նոր վարչապետի թեկնածութեան եւ կառավարութեան ձեւաւորման շուրջ լրացուցիչ կոնսուլտացիաներ (խորհրդակցութիւններ-Խմբ.) տեղի ունենան, թոյլ է տալիս ենթադրելու, որ ՀՀԿն որոշում կայացնելու հարցում «ոտքը կախ է գցել» հիմնականում ոչ իշխանական չորս ուժերի ղեկավարների այս փակ քննարկման պատճառով՝ սպասելով դրա արդիւնքներին:
Խնդիրն այն է, որ երէկ սահմանադրօրէն պահանջուող խորհրդակցութիւնների նպատակով Սերժ Սարգսեանի հետ Բաղրամեան 26ում կայացած հանդիպումից յետոյ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանեանը յայտարարեց, թէ իրենց օրակարգում իշխանական նոր կոալիցիայի (միաւորման-Խմբ.) մէջ մտնելու հարց դրուած չէ: Յայտարարութեան ենթատեքստում ԲՀԿն, փաստօրէն, փորձում է գոնէ արտաքուստ հասկացնել, թէ իր եւ կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի համար որեւէ նշանակութիւն չունի, որ վարչապետի պաշտօնում հէնց Յովիկ Աբրահամեանի թեկածութիւնն է առաջադրուել, այսինքն՝ ԲՀԿն չի ընդունում այդ տարբերակով ՀՀԿի հետ կոմպրոմիսի (զիջողութեան-Խմբ.) գնալու փաստացի առաջարկը: Այս դիրքորոշումը Գագիկ Ծառուկեանը փորձեց ամրապնդել քաղաքական կոնկրետ գործողութեամբ կամ ժեստով՝ օպերատիւ կերպով Տէր-Պետրոսեանի, Րաֆֆի Յովհաննիսեանի եւ Ստեփան Դեմիրճեանի հետ հանդիպում կազմակերպելով:
Չի բացառւում, որ նախագահ Սերժ Սարգսեանը պարզապէս չգիտի՝ ինչ սպասել Ծառուկեանից, եւ, յետաձգելով վարչապետի թեկնածութեան հարցում վերջնական որոշման կայացումը, փորձում է հասկանալ, թէ որքանով են լուրջ ընդդիմադիր դաշտում եւ Ծառուկեանի շուրջ կատարուող գործընթացները:
Աւելի ուշ տարածուեց ՀԱԿի, «Ժառանգութեան» եւ ԲՀԿի համատեղ յայտարարութիւնը կայացած հանդիպման վերաբերեալ, որում ընդամէնը նշւում էր, թէ քննարկուել են «նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի եւ գործողութիւնների ծրագրի ձեւաւորման հարցեր»: Նման ընդհանրական եւ գրեթէ ոչինչ չասող տեքստից կարելի է կատարել երկու հետեւութիւն՝ կա՛մ կողմերին չի յաջողուել մերձեցնել դիրքրոշումները համատեղ ընդհանուր գործողութիւնների, քաղաքական միասնական օրակարգի ձեւաւորման հարցում, կա՛մ քառեակը, վարչապետի հարցում վերջնական որոշման կայացման յետաձգման ՀՀԿ տակտիկական քայլին ի պատասխան, իր հերթին փորձում է անորոշութեան համապատասխան ֆոն ստեղծել՝ այդպիսով Սերժ Սարգսեանին զրկելով մանեւրելու եւ իր մարտավարութիւնը քառեակի գործողութիւններից բխեցնելու հնարաւորութիւնից: Եթէ իսկապէս այդպէս է, ապա ստացւում է, որ Սերժ Սարգսեանը եւ, Տէր Պետրոսեանի ակտիւ խորհրդատուութեամբ, յատկապէս Գագիկ Ծառուկեանը մտել են «մուկնուկատու» խաղալու մի շրջափուլ, որտեղ որոշուելու է, թէ նրանցից ով է աւելի ճկուն, աւելի խորամանկ եւ աւելի հեռատես:
Անկախ ամէն ինչից՝ ստեղծուած այս իրավիճակը յստակ հիմնաւորում է, որ Տիգրան Սարգսեանի հրաժարականը, ինչպէս նաեւ նոր վարչապետի թեկնածութեան որոշումն ուղղակիօրէն պայմանաւորուած են ոչ իշխանական քառեակի պլանաւորուած գործողութիւններով, յատկապէս՝ Ապրիլի վերջին ծրագրուած եռօրեայ հանրահաւաքների, «Դէմ եմ» շարժմանը քաղաքական աջակցութիւն ցուցաբերելու իրողութիւններով պայմանաւորուած՝ սոցիալ-քաղաքական անկանխատեսելի զարգացումներից խուսափելու հրամայականով: Այս իմաստով՝ Հայաստանում վերջին 6 տարուայ կտրուածքով ստեղծուել է աննախադէպ քաղաքական մի իրավիճակ, որտեղ իշխանութիւնը, կամայ թէ ակամայ, խոստովանում է իր ձախողուածութեան, դրանով պայմանաւորուած քաղաքական զիջումների գնալու պարտադրուածութեան փաստը, ինչը ոչ միայն զուտ քաղաքական վերադասաւորումների, ստեղծուած սոցիալ-տնտեսական պայթիւնավտանգ իրավիճակից դուրս գալու իրատեսական ծրագիր մշակելու եւ իրագործելու, այլեւ նոյնիսկ աստիճանական իշխանափոխութեան հնարաւորութիւն է ստեղծում: Զիջումների պատրաստակամութիւնը Սարգսեանն անուղղակիօրէն յայտնում է ոչ միայն նոր կոալիցիոն կառավարութիւն ձեւաւորելու հարցը փաստացի օրակարգում պահելու միջոցով, այլ նաեւ, ըստ էութեան, իշխանութիւնից վերջնականապէս հեռանալու՝ պարզ ու յստակ ուղերձ յղելով թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեանն՝ առհասարակ: Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովում նրա արած յայտարարութիւնն այն մասին, որ այլեւս երբեք չի առաջադրուելու նախագահի պաշտօնում եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու քաղաքական որոշման դէպքում չի յաւակնելու նաեւ վարչապետի պաշտօնին, իշխանութիւնը կամովին թողնելու պատրաստակամութեան դրսեւորում էր, որտեղ յստակ չէր միայն ժամկէտների պահը:
Փաստօրէն, Սերժ Սարգսեանն առաջարկում է գնալ լուրջ զիջումների, եւ պատահական չէր, որ դա արեց հէնց երէկ՝ քաղաքական բեւեռներում ընթացող ինտենսիւ (լարուած-Խմբ.) պրոցեսներին զուգահեռ: Սա նոր առաջարկ է, որը Հայաստանում ստեղծում է բացարձակապէս նոր քաղաքական իրավիճակ: Առանց տատանուելու կարելի է ասել, որ նա հարցը նոր կառավարութեան ձեւաւորման հարթութիւնից արհեստականօրէն տեղափոխում է ապագայ ամբողջական իշխանութեան ձեւման հարթութիւն: Մի պրոցես, որտեղ խնդիրը ոչ թէ անձամբ Սերժ Սարգսեանի իշխանութեան վերարտադրութեան, այլ առաւելագոյնը իշխանութեան ժառանգորդի եւ դրա դէմ պայքարի շուրջ է գեներացուելու (արտադրուելու-Խմբ.): Ընդ որում՝ Սերժ Սարգսեանն այս սենսացիոն, պատմական նշանակութեան յայտարարութիւնն արեց նախքան հասկանալի դարձնելը, թէ ով է լինելու իր եւ իշխանութեան ժառանգորդը, ինչը ոչ միայն աւելի է սրելու քաղաքական պայքարը, այլեւ յաւակնում է զգալիօրէն թուլացնել անձամբ իր՝ Սերժ Սարգսեանի եւ, ընդհանուր առմամբ, իշխանութեան դիրքերը: Բանն այն է, որ դա յանգեցնելու է ոչ միայն ընդդիմութիւն-իշխանութիւն նոր աւելի սուր առճակատման, այլեւ հէնց իշխանութեան ներսում ազդեցութեան համար մղուող ներքին միջխմբային կամ կլանային (խառնախմբային-Խմբ.) պայքարի սրման: Եւ գուցէ հէնց այդ յայտարարութեան եւ դրա տակ իշխանութեան խուճապային տրամադրութիւնները որսալու ազդեցութեամբ են ոչ իշխանական ուժերը, մասնաւորապէս՝ ԲՀԿն նախընտրում ոչ թէ ընդառաջ գնալ նախագահին, այլ մեծացնել ճնշումը նրա նկատմամբ կամ նրանից հնարաւորինս մեծ զիջումներ կորզելու, նոյնիսկ՝ ամբողջական իշխանափոխութիւն պարտադրելու նպատակով:
Ամէն դէպքում, չի բացառւում, որ քաղաքական ուժերի հետ բանակցութիւնները շարունակելու մասին յայտարարելով՝ նախագահն իրականում փորձում է դրանց ներքաշել «Ժառանգորդ» օպերացիայի մէջ՝ թերեւս համարելով, որ ստեղծուած լրջագոյն սոցիալ-տնտեսական ճգնաժամից եւ քաղաքական անկայունութիւնից խուսափելու արդիւնքում իշխանութիւնը վերջնականապէս չկորցնելու լաւագոյն տարբերակը դա է: Սակայն դրանում նա առաջին հերթին ՀՀԿին համոզելու խնդիր ունի, որովհետեւ դժուար է ասել՝ արդեօք վերջինիս բազմաբեւեռ ու ներքին հակասութիւնների մէջ գտնուող շերտերը պատրա՞ստ են այդքան հանգիստ յանձնելու իշխանութեան թէկուզ մի մասը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles