Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Դաշնակցութիւնը Սքանչելի Գործէ Է Անում

$
0
0

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի խօսքը՝ ՀՅԴ 123ամեակի հանդիսաւոր ձեռնարկին:

Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու մեր աւանդական Հայ կուսակցութեան 123ամեակը: Արցախեան պատերազմի դաժան տարիներին մեր արցախցիները գիւմրեցիների պէս չկորցրին իրենց հումորի զգացումը, եւ դա շատ լաւ է: Մէկ էլ տեսնում էիր դաժան օրերին կատակ էին անում, անեկդոտներ էին յօրինում, որը խօսում էր մեր անկոտրուն ոգու մասին: Հիմա մի օրինակ բերեմ, թէ ինչու եմ դա ասում:
Գիւղերից մէկում մեր տարեց ղարաբաղցիները գիւղամիջին նստած նարդի էին խաղում: Տարէց մի մարդ է գալիս՝ սպիտակ մօրուքով:
– Բարեւ…
– Բարեւ… համեցիր:
Թէյ են տալիս, հարցնում՝ անունդ ինչ է…
– Վարդան…
– Քանի տարեկան ես:
– 92:
Իսկ այդ տարէց մարդիկ 120-125 տարեկան էին: Նրանցից մէկը նայում է ու ասում.
– Էս խոխան հուվա, վեր մեր կողքին նստէ:
Հիմա, Ղարաբաղի չափանիշներով, Դաշնակցութիւնը հասել է նորմալ ղարաբաղցու հասուն տարիքի, այնպէս որ՝ մեր Դաշնակցութիւնն անցել է իր ուրոյն ճանապարհը:
Այսօրուայ ձեր բաժանած փոքրիկ գրքոյկում գրուած է՝ «Դաշնակցութիւնը նաեւ պատմութիւն է»: Այո, ի հարկէ, Դաշնակցութիւնն ունի իր ուրոյն պատմութիւնը:
Երբ որ մի մարդ, մի կազմակերպութիւն ճանապարհ է անցնում, երկար ճանապարհ, իսկ 123 տարին երկար ճանապարհ է, ոտքերը կարող են յոգնել, վէրքոտուել, կարող է արեւահարուել: Բայց Դաշնակցութիւնը կարողացաւ ամուր կերպով անցնել այդ ճանապարհը, որը լի էր բազմաթիւ դժուարութիւններով եւ մարտահրաւէրներով՝ ազատագրական պայքար 90ական թուականներին, Ադանայի կոտորած, Ցեղասպանութիւն, Առաջին հայկական հանրապետութիւն, բանակի, պետութեան ստեղծում, գոյատեւում Սփիւռքի պայմաններում, քանզի արգելուած էր Սովետական Միութեան տարածքում:
Այս ամէնին Դաշնակցութիւնը դիմացաւ: Երեւի դրա գաղտնիքն այն է, որ գաղափարի կուսակցութիւն է, ինչը ճիշդ է, ազգային է, որը շատ հրապուրիչ է շատ հայերի համար, եւ, ամենահետաքրքիրը, դասական իմաստով, որպէս կուսակցութիւն, խիստ դիսցիպլինա (կարգապահութիւն-Խմբ.) ունի, եւ, միաժամանակ, դրա հետ ֆենոմենալ (բացառիկ-Խմբ.) մի երեւոյթ ունի՝ ճկուն շրջանային ղեկավարութիւն:
Ես կարծում եմ՝ գոյատեւման գաղնիքներից են դրանք: Պիտի ասեմ, որ Դաշնակցութիւնը մեծագոյն ներդրումներ ունի հայրենիքի կերտման եւ ազգապահպանման հարցերում: Բազմաթիւ փառաւոր անձեր է ծնել ազգի համար: Յաճախ լինելով Սփիւռքի տարբեր օջախներում, կարող եմ վստահօրէն ասել, մեծագոյն հիացմունքով եւ երախտագիտութեամբ՝ հայապահպանման, ազգապահպանման գործում իսկապէս Դաշնակցութիւնը սքանչելի գործ է անում: Բոլորն էլ հայախօս են, որը շատ խրախուսելի է: Արցախում ՀՅԴն 25րդ յոբելեանն է նշում, որի առիթով շնորհաւորում եմ ե՛ւ ողջ Դաշնակցութեանը, ե՛ւ Արցախի Դաշնակցութեանը, մեր սիրելի ընկերներին, մեր մարտական ընկերներին: Ինչպէս պատմութեան ընթացքում, մեր օրերին էլ Դաշնակցութիւնը նետուեց մարտի դաշտ, զէնքը ձեռքին, հայկական երազանքներով: Հայրենիք, ազատութիւն, անկախութիւն եւ մէկ երազանք, որ բոլորիս համար շատ հարազատ է՝ ամբողջական Պատմական Հայաստան:
Ինչպէս պարոն Թովմասեանն ասաց, օրակարգի 4 կարեւոր հարցերը օրագրից չեն իջնում, եւ դա լաւ է: Եւ մենք, որպէս հայեր, այդ երազանքները պիտի առաջ տանենք: Որքան էլ երկար լինի մեր ազգի ճանապարը՝ 10 հազար տարի, 15 հազար տարի, մենք պիտի չյոգնենք, պիտի այդ երազանքները բոլորս անպայմանօրէն կեանքի կոչենք: Ես, որպէս եկեղեցական, ի հարկէ, որպէս ոչ կուսակցական՝ գիտեմ գնահատել ե՛ւ ոչ կուսակցականներին, ե՛ւ բոլոր կուսակցութիւններին եւ Դաշնակցութեանը, որի կրկնակի յոբելեանի առիթով մենք այսօր այստեղ ենք:
Շնորհաւորում եմ, մաղթում եմ այդ ազգային իդէալներին, որպէս գաղափարի կրող կուսակցութիւն, շարունակէք կեանքի կոչել բոլոր այդ նուիրական իղձերը, որոնք սատարելու են մեր ազգի միասնութեանը, ոգուն, հաւատքին եւ յաղթանակին: Եւ մենք՝ բոլորս միասին, պարտաւոր ենք ապագայում տօնել մեր հայոց մեծագոյն ամբողջական Հայաստանի յաղթանակը, որը դուք էք երազում, որը մենք ենք երազում, որին բոլորս ծառայում ենք:
Շնորհաւորում եմ…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles