ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսեանը Յունուարի 13ին զանգուածային լրատուամիջոցների համար կազմակերպուած ամանորեայ ընդունելութեան ժամանակ ժամացոյցներով է պարգեւատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թւում՝ տողերիս հեղինակին: Ի հարկէ, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունէութիւնը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտօնեաները լրագրողներին պարգեւատրելու փոխարէն աւելի լաւ կ՛անեն, եթէ նրանց նիւթերում բարձրացրած խնդիրներին արձագանգեն ու լուծումներ տան դրանց:
Չեմ կարող նման պարգեւ ընդունել կառավարութիւնից այն դէպքում, երբ կառավարութեան շէնքի մօտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների թիւը նուազելու փոխարէն աւելանում է, քաղաքացիների անվստահութիւնը գործող իշխանութեան ու կառավարութեան նկատմամբ օրէցօր մեծանում է, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների մի մասն ընկճուած են ու գործազուրկ, ստիպուած բռնում են արտագաղթի ճամբան:
Կառավարութեան անդամները կառավարութեան նիստերի օրերին մշտապէս խոյս են տալիս կառավարութեան շէնքի մօտ բողոքող քաղաքացիներից, գրեթէ վազքով նստելով իրենց թանկարժէք աւտոմեքենաներն ու հեռանալով՝ անպատասխան թողնելով անարդարութիւնից բողոքող քաղացիների հարցերը: Աւելին, կառավարութեան նիստերի օրերին, երբ սովորաբար տեղի են ունենում բողոքի ակցիաները, վարչապետը երբեք դուրս չի եկել կառավարութեան շէնքից ու չի զրուցել բողոքող քաղաքացիների հետ, որքան էլ մարդիկ դա պահանջել են, նման յանձանարարականներ չի տուել նաեւ կառավարութեան անդամներին:
Կառավարութեան նիստին շտապող ԱԱԾ տնօրէն Գորիկ Յակոբեանը ցուցարարներին «ոչխար» ու «էշ» է անուանում, իսկ վարչապետ Տիգրան Սարգսեանը կառավարութեան նիստերին չի յանդիմանում նման արարք թոյլ տուած պաշտօնեային: Իրացման գօտիների բնակիչները, որոնց հետ մասնաւորապէս նախորդ տարի մի քանի անգամ հանդիպել է վարչապետն ու ոմանց խոստացել, որ տարուայ ընթացքում կը լուծուի նրանց բնակարանային խնդիրը, յայտարարում են, որ մինչեւ օրս խաբուած են. 2013 թուականն անցել է, սակայն մարդիկ շարունակում են անօթեւան մնալ:
Յուսահատուած են Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետեւանքով այս ձմռանը ստիպուած են աւելի շատ կոմունալ (ջուր, ելեքտրականութիւն, գազ եւ հեռաձայն-Խմբ.) վճարներ վճարել, սակայն մարդկանց աշխատավարձը չեն բարձրացրել: Իսկ կառավարութիւնն այդ ընթացքում ՀՀ քաղաքացիներից գաղտնի գազային քաղաքականութիւն է վարում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ամբողջ մէկ տարի խաբում է լրագրողներին ու ՀՀ քաղաքացիներին, չի պատժւում իր արարքների համար, իսկ վերջում յայտարարում, որ պարտքի դիմաց ստիպուած ենք Հայաստանի քաղաքացիներին պատկանող գոյքը յանձնել Ռուսաստանին:
Ճիշդ չեմ համարում պարգեւ ընդունել մի կառավարութիւնից, որը բարձրաստիճան պաշտօնեաների եւ պատգամաւորների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացնելու եւ մէկ միլիոնից աւելի դարձնելու որոշում է կայացնում, իսկ «սովորական» քաղաքացիների ու թոշակառուների դէպքում չնչին բարձրացում է տեղի ունենում, գործազրկութեան 18 հազար դրամ նպաստից զրկւում են գործազուրկները:
Վերոնշեալ եւ մի շարք այլ խնդիրներ հաշուի առնելով, որոնք նախորդ տարի ակտիւօրէն լուսաբանել եմ եւ յետագայում էլ իմ ուշադրութեան կենտրոնում եմ պահելու, ես հրաժարւում եմ ՀՀ վարչապետի պարգեւից:
Lragir.am
ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Lragir.am-ի լրագրող