Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մայրամուտ, Որը Պէտք Է Կասեցնել (Մաս 5)

$
0
0

ՎԱՀԱՆ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Անցած անգամ մենք կանգ առանք կեղծ քաղաքական այլընտրանքների վրայ, որոնք իշխանութիւններին հնարաւորութիւն են տալիս ոչ միայն մանիպուլեացիայի (ձեռնածութեան-Խմբ.) ենթարկել հասարակական կարծիքը, այլեւ վերաձեւել ընտրական դաշտը սեփական հայեցողութեամբ: Բերեմ նման շեղող հնարքների պատկերաւոր օրինակ, որը ես տեղադրել էի 2012 թուականի նախընտրական բլոգներից մէկում:
«Դուք երբեւէ տեսե՞լ էք՝ ինչպէս է թռչում ժամանակակից ուղղաթիռը վտանգաւոր տարածքի վրայով, որտեղից նրա վրայ ուղղուած են թշնամական զենիթային կայանները: Այն բաց է թողնում ջերմային թակարդներ՝ կեղծ թիրախներ, որոնք իրենց ջերմութեամբ շեղում են իր ուղղութեամբ բաց թողնուած ինքնաուղղորդուող հրթիռները: Այսինքն՝ ուղղաթիռը, օգտագործելով հրթիռի գործողութիւնների կանխատեսելիութիւնը, ստեղծում է նրա համար հրապուրիչ, սակայն բացարձակ կեղծ այլընտրանք: Նմանատիպ սկզբունքով են առաջնորդւում մեր իշխանութիւնները գրեթէ բոլոր ընտրութիւններից առաջ՝ թէ՛ խորհրդարանական, թէ՛ նախագահական: Օրինակների համար հեռու գնալ պէտք չէ. նոյնիսկ դպրոցական վիկտորինայի մասնակիցները հեշտութեամբ կը թուարկեն իշխանութիւնների նախաձեռնութեամբ արհեստականօրէն ստեղծուած կուսակցութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ, որոնց միակ նպատակը կեղծ (ամէնից յաճախ՝ մկանա-ֆինանսական եւ ֆինանսա-պոպուլիստական (աժան քարոզչական-Խմբ.)) ձգողականութեան բեւեռներ ստեղծելը եւ մաքսիմալ թուով ընտրողների գրաւելն է‘ շեղելով ընտրազանգուածին իրական այլընտրանքներից եւ սեփական երկրի ճակատագրին ակտիւ մասնակցելու փորձերից: Չնայած վերջին տարիներին գրանցուած որոշակի առաջընթացին, ցաւօք, հասարակական զարգացման մակարդակը դեռեւս թոյլ է տալիս նման մանիպուլեացիաներ: Սակայն եթէ մեր իշխանութիւնները ծանօթ լինէին Ռոբերտ Շեկլիի «Պահապան թռչունը» պատմուածքին, նրանք գոնէ ականջի ծայրով լսած կը լինէին ոչ պատահականօրէն ծնուած լեգենդների եւ միջնադարեան հոմունկուլուսների (փոքր մարդերու-Խմբ.), Գոլեմի, Ֆրանկենշտէյնի եւ միւս՝ ժամանակի ընթացքում վերահսկողութիւնից դուրս եկող եւ սեփական կեանքով ապրել սկսող արհեստածին երեւոյթների մասին, որոնք վերջիվերջոյ կործանում են իրենց ստեղծողներին:
Սակայն կեղծ այլընտրանքների ստեղծումը պարզապէս նախընտրական հնարք չէ. դա մեր երկրում (եւ ոչ միայն) իշխանութեան վերարտադրութեան եւ պահպանման տեխնոլոգիայի բաղադրիչներից մէկն է: Բնական, թէ արհեստական ծագում ունեցող քաղաքական ուժերի թուացեալ բազմազանութեան, շատ քաղաքական քայլերի եւ երեւոյթների ոչ այնքան պարզ դրդապատճառների քաոսում մեր հասարակութիւնում ուրուագծւում է քաղաքական գործընկերների եւ հակառակորդների յարաբերութիւնների իւնիվերսալ եւ պարզունակ բանաձեւ՝ ընկեր-թշնամի-դաւաճան: Չորրորդը չկայ:  Եթէ ընկեր չես, ուրեմն թշնամի ես: Եթէ ընկեր ես, բայց համարձակւում ես դէմքին ասել ճշմարտութիւնը եւ ստրկամտօրէն չես ծափահարում սխալներին՝ ուրեմն դաւաճան ես: Համարեա ինչպէս բոլշեւիկների մօտ էր կամ Պարագուայի դիկտատոր Ստրեսսների, որը սիրում էր կրկնել՝ բարեկամների համար ամէն ինչ, թշնամիների համար՝ օրէնք:
Այդ պատճառով էլ օրէցօր աճում է իշխանութեան «բարեկամներ»ի յանդգնութիւնը, որոնց թոյլ է տրուած ամէն ինչ. թիկնապահներ ուղարկել արդէն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլեւ անձնական թշնամիների եւ պարզապէս դուր չեկած մարդկանց դէմ, թելադրել երիտասարդ սերնդին սեփական ճաշակ եւ արժէքներ, կեղծել ցանկացած ապրանք եւ իրացնել անորակ եւ առողջութեան համար վտանգաւոր մթերք, բարձրացնել գները սեփական հայեցողութեամբ, խուսափել հարկերից եւ բանակում ծառայելուց, քրէական եւ ցանկացած այլ պատասխանատուութիւնից:
Այդ պատճառով էլ երկրի բնակիչները վախենում են օրէնքից. այն իր ամբողջ խստութեամբ շուռ է գալիս նրանց դէմ, երբ նրանք փորձում են լուրջ մօտենալ Սահմանադրութեանը, բնակչութիւնից վերածուել քաղաքացիների եւ պաշտպանել սեփական իրաւունքները իշխանական վերնախաւի հովանաւորեալների անիրաւութիւններից:
Դա վերջերս տեղի է ունենում աւելի ու աւելի յաճախ, այդ պատճառով մեր իշխանութիւնները որոշել են իրական ներքաղաքական գործընթացներին մօտ թողնել միայն իրենց մերձաւորներին՝ կաֆկեան ամրոցից: Իսկ քանի որ այդ ամրոցից բացի գոյութիւն ունի նաեւ արտաքին աշխարհ, Հայաստանի իշխանաւորները գտել են իւրայատուկ ելք. նրանք պարզապէս տարանջատել են իրականութիւնը երկու՝ իրար հետ շատ թոյլ կապուած զուգահեռ իրողութիւնների: Մի աշխարհը բարեկամների համար է, միւսը՝ թշնամիների, այսինքն՝ քաղաքացիական հասարակութեան համար ռեզերւացիա (պահեստաւորում-Խմբ.): Այն վիրտուալ աշխարհում, որը տեսնում ենք հեռուստատեսութեամբ, իշխում է նորմալ կեանքի իմիտացիա. այնտեղ յաջող մակրոտնտեսական ցուցանիշներ են, այնտեղ աճում են աշխատավարձերը եւ կենսաթոշակները, ընտրութիւնները աւելի ու աւելի արդար եւ թափանցիկ են, ծաղկում են այգիներն ու տեխնոպարկերը, մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականութիւնը յարգում են ամբողջ աշխարհում: Մի խօսքով՝ անկախ բոլոր թերութիւններից (որոնք արմատախիլ են արւում) եւ սխալներից (որոնք ուղղւում են), երկիրը առաջ է շարժւում: Իսկ միւս, իրական աշխարհում… կաշառքներ են տալիս եւ վերցնում՝ ընտրական եւ սովորական: Այնտեղ ոչ թէ աշխատավարձերն են աճում, այլ գները, իջնում է ոչ թէ յանցագործութեան մակարդակը, այլ ապրանքների եւ կրթութեան որակը, այնտեղ իշխանաւորների բարեկամները, թիկնապահները եւ սպասաւորները կարող են մարդուն սպանել փողոցում եւ անպատիժ մնալ, ծեծելով սպանել ռեստորանի այցելուին եւ դատարանի առաջ չկանգնել: Այնտեղ կտրուած ծառերի տեղում աճում են անճոռնի շէնքեր եւ կրպակներ, այնտեղ գրոշներով վաճառում ենք երկրի ընդերքը՝ կորցնելով արժանապատուութեան մնացորդները, եւ յոյսը դնում ենք աշխարհի ֆինանսական կենտրոնների նուիրաբերութիւնների վրայ… Այնտեղ ապրում ենք մենք բոլորս: Եւ այնտեղից ընդմիշտ հեռանում ենք:
Սակայն եթէ մի կողմ դնենք բոլոր վանող մանրամասները, ապա ամենավտանգաւորը ոչ թէ առաջընթացի բացակայութիւնն է, այլ անգամ անզէն աչքով երեւացող յետընթացը՝ նոյնիսկ ոչ հեռու անցեալի համեմատ: Այն ակներեւ է բոլոր ոլորտներում. նոյնիսկ երկրի եւ հասարակութեան առջեւ ծառացած խնդիրները թւում են զգալիօրէն մանրացած: Մի խօսքով՝  ինչպէս մայրամուտից առաջ, երբ չգիտես՝ կը ծագի՞ արդեօք արեւը:
Բայց չէ՞ որ կուսակցութիւնները եւ կառավարութիւնը իրենք չեն իրենց առաջ խնդիրներ դնում եւ դրանց լուծման ալգորիթմներ մշակում: Այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է մեր էլիտան (վերնախաւը-Խմբ.): Միթէ՞ նրանք են հաւաքուած երկրի, կուսակցութիւնների ղեկավարութիւնում: Միթէ՞ նրանք են քաղաքական, տնտեսական, գիտական, ինֆորմացիոն եւ մշակութային ոլորտներում ղեկի մօտ: Պարզ է, որ ոչ: Ազգային էլիտան մեր յաջորդ թեման է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles