Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ռուսաստանը Պատմութիւնը Շրջելու Հնարաւորութիւն Ունի. Թուրքիան Մեծ Խաղ Է Սկսել

$
0
0

HAYRUMYAN-LRAKIR

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

Պատճառն այն է, որ թուրքական հետազօտական նաւը մօտեցել է յունական Կաստելորիզոյ կղզու ափերին: Յունաստանի իշխանութիւնները յայտարարել են, որ չեն հանդուրժելու Թուրքիայի գործողութիւնները: Երկու երկրների զինուած ուժերը բերուել են բարձր պատրաստուածութեան վիճակի:

DW-ի հետ զրոյցում Բեռլինի «Գիտութիւն եւ քաղաքականութիւն» հիմնադրամի փորձագէտ Գիւնտեր Զոյֆերտը պատահական չի համարում, որ նոյն օրը, երբ Oruc Reis նաւթը պէտք է դուրս գար Անթալեայի նաւահանգստից, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում տասնամեակների ընթացքում առաջին անգամ նամազ հնչեց:

«Նախագահ Էրդողանի նպատակը «Մեծ Թուրքիայի» վերածնումն է: Խօսքն այն Թուրքիայի մասին չէ, որն Աթաթուրքը դէմքով շրջեց դէպի Արեւմուտք, այլ Թուրքիա Օսմանեան կայսրութեան կերպով ու նմանութեամբ: Այդ քաղաքականութեան կիրառական հետեւանքներ են թուրքական բանակի ռազմական ներուժի մեծացումը եւ Արեւելեան Միջերկրականում արտաքին քաղաքականութեան ռազմականացումը», – կարծում է նա:

Սուրբ Սոֆիայում խորհրդանշական նամազն Էրդողանի համար դարձաւ տեղեկատուական ծածկոց մի շարք կարեւոր քայլերի համար: Թուրքիան բազմաքայլանոց գործընթաց է սկսել ժամանակակից պատերազմի բոլոր կանոններով: Էրդողանի համար պանօսմանիզմը նպատակ չէ, այլ պաշտպանութեան միջոց, որ գոյատեւի նոր աշխարհակարգի ստեղծման ժամանակ:

Նոր աշխարհակարգը նախատեսում է Թուրքիան լրիւ այլ սահմաններով ու այլ դերով, իսկ Էրդողանը փորձում է ագրեսիւ (յարձակողական- Խմբ.) քաղաքականութեամբ պահպանել նախկին հզօրութեան բեկորները: 2023 թուականին կը լրանայ Լոզանի պայմանագրի 100ամեակը, որը կնքուեց Առաջին Համաշխարհային պատերազմի արդիւնքներով: Կղզիները, որոնց յաւակնում է Էրդողանը, Յունաստանին են անցել հէնց Լոզանի պայմանագրով, եւ Թուրքիան փորձում է իր օգտին վերանայել Լոզանի պայմանագիրը:

Նախքան Լոզանի պայմանագրի ստորագրումը, 1921 թուականին Թուրքիան ամրացրել էր իր սահմանները՝ Խորհրդային Ռուսաստանի հետ պայմանագրեր ստորագրելով Կովկասում հայկական հողերի բաժանման վերաբերեալ: Ռուս-թուրքական պայմանագրերի ճակատագիրը Էրդողանին հետաքրքրում է ոչ պակաս, քան Լոզանինը, կամ միգուցէ աւելի շատ: Թուրքիան փորձում է շահագրգռել Ռուսաստանին երկարաձգելու պայմանագրերը, բայց անցած 100 տարիների ընթացքում շատ բան է փոխուել, եւ Ռուսաստանին գրեթէ բան չի մնացել «աւարի բաժանումից»: Ինչպէս նշում է Ազատ Արշակեանը, Արաքսի այս ափի տարածքներն անցան Ռուսաստանին, այն ափինը՝ Թուրքիային:

Բայց ԽՍՀՄ փլուզումից յետոյ ռուսական աւարն ինքնիշխան դարձաւ, եւ չնայած դեռ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, ակնյայտ է, որ նրանք արդէն ոչ թէ ռուսական, այլ հայկական սահմաններն են հսկում: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, որոնք ռուս-թուրքական պայմանագրերով բաժին հասան Ռուսաստանին, դարձան անկախ պետութիւններ եւ արդէն չեն պատկանում Ռուսաստանին: Մինչդեռ Թուրքիան պահպանել է իր իշխանութիւնը ստացած բոլոր հողերի վրայ, ներառեալ Կարսը, Արդահանը, Արարատ լեռը: Ստացւում է, որ Ռուսաստանը, հաստատելով իր հաւատարմութիւնը Մոսկուայի ու Կարսի պայմանագրերին, պաշտպանելու է Թուրքիայի շահերը, որովհետեւ այդ պայմանագրերով Ռուսաստանն այլեւս շահեր չունի:

Թուրքիան հասկանում է, որ Մոսկուան, ըստ էութեան, պայմանագրերը երկարացնելու պատճառ չունի, եւ այդ ժամանակ Թուրքիան կը սկսի ճաքեր տալ: Ահա թէ ինչու է Անկարան Ռուսաստանի վրայ ճնշման այլ մեթոդներ սկսել կիրառել: Նախ Էրդողանի խորհրդականը խոստացաւ Ռուսաստանը ներսի քանդել 25 միլիոն մուսուլմանների միջոցով: Յետոյ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանն էսկալացիայ (մագլցում- Խմբ.) սադրեց Տաւուշում՝ այնուհետեւ հակամարտութիւնը տեղափոխելով Ռուսաստան:

Կարելի է ենթադրել, որ կոնֆլիկտի (հակամարտութեան- Խմբ.) տեղափոխումը Տաւուշից Մոսկուա նախապէս ծրագրուած էր Բաքւում եւ Անկարայում եւ ուղղուած է նրան, որ թոյլ չտայ Ռուսաստանին ու Հայսատանին ներդաշնակեցուած քաղաքականութիւն վարել: Մոսկուայի համար իմաստ կ’ունենա՞յ շարունակել Թուրքիայի հետ դաշինքը, եթէ Անկարան ու Բաքուն անթաքոյց օգտագործեն մուսուլմանական գործօնը ռուսական պետութեան հիմքերի սասանման համար: Ռուսաստանը պատմութիւնը շրջելու հնարաւորութիւն ունի:

 

«ԼՐԱԳԻՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Latest Images

Trending Articles



Latest Images