Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին եւ անսպասելին: Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան (ներոյժ- Խմբ): Այն ժամանակ բոլորս յոյժ մտահոգուած էինք եւ՛ համավարակի մասշտաբներով, ե՛ւ նրա մահաբերութեամբ, ե՛ւ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանեան հասարակութեան ցաւալի (բայց սպասելի) անլուրջ կեցուածքով: Յօդուածիցս յետոյ մի քանի օրում վարակը դանդաղեց, ու Ապրիլի սկզբին անգամ նկատուեց նոր վարակուածների թուի թեթեւ, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթեւացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի ականջը դա լսեց»: Այս դէպքում «սատանան» մեր հասարակութեան համատարած տգիտութիւնն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի եւ այս աստիճան տգիտութիւնը:
Ամբողջ աշխարհում մարդը նոյնն է: Մշակոյթը տարբեր է, բայց իր մտածելու ունակութեամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թէ շատ նոյնն է: Ի հարկէ, կան գենետիկ (ծինաբանական-Խմբ.) թեթեւ տարբերութիւններ ազգերի միջեւ, բայց ընդհանուրում այդ տարբերութիւնները չնչին են: Այնպէս որ, տգիտութիւնը Աֆրիկայում էլ է տգիտութիւն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եւ ամէնուրեք` աշխարհի ամէն անկիւնում, որտեղ բացակայում է որակեալ կրթութեան ախտահանող լոյսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտութեան թունաւոր բորբոսը: Իսկ տգիտութիւնը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թէ հարուստ տուեալների ճկուն վերլուծութեան շնորհիւ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները, որոնք գուցէ բաւարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանուելու համար, բացարձակապէս անզօր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղէտներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում:
Կորոնավիրուսը Հայաստանում․ ամէն ինչ նոր է սկսւում: Ցաւալի է, բայց այդպէս է: Առաջին իսկ օրուանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապէս, միջազգային տարբեր կառոյցների ճնշման ներքոյ կառավարութիւնը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին յայտարարուեց պարէտային ժամ, եւ առողջապահութեան նախարարութիւնը շուտափոյթ սկսեց աւելացնել համաճարակային եւ վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը: Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արուեցին: Նախ, համարեա ամէն ուղերձում շեշտադրւում էր, թէ կորոնաւիրուսը վտանգաւոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպէ՞ս է ընկալւում այս յղումը միջին քաղաքացու կողմից: Եթէ հաշուի առնենք, թէ որքան անփոյթ է այդ քաղաքացին վերաբերւում իր առողջութեանն ու անվտանգութեանը (ինչը երեւում է ծխախոտի համատարած սպառմամբ եւ ամրագօտի կապելու յամառ չկամութեամբ), ապա այս տեղեկութիւնը դառնում է պատրուակ վտանգն անտեսելու համար: Չէ՞ որ ամէն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղայ է» (անգամ, եթէ օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետեւաբար` կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ:
Երկրորդ սխալը ամէնուրեք «խուճապի չմատնուելու» շեշտադրումն էր: Սա ինձ յիշեցնում է մի հին ալպինիստական ասացուածք. եթէ շուրջդ բոլորը խուճապի են մատնուած, իսկ դու հանգիստ ես, ապա դա երեւի նշանակում է, որ դու չես պատկերացնում անգամ, թէ ինչ է կատարւում:
Շատ եմ ասել` Հայաստանում խուճապի պրոբլեմ երբեք չի եղել, Հայաստանում կայ համատարած «բառադիութեան» պրոբլեմ: Եթէ հայի կեանք փրկելու միակ ձեւը խուճապն է, ապա թո՛ղ լինի խուճապ:
Եւ, ի հարկէ, ամենամեծ սխալը կառավարութեան անհետեւողականութիւնն էր: Կարանտինն (մեկուսացումը- Խմբ.)առաջին օրուանից շատ թոյլ էր վերահսկւում, իսկ Ապրիլին դարձաւ ինչ որ ձեւականութիւն: Անգամ կառավարական անձինք առանձնապէս չէին հետեւում իրենց իսկ սահմանած կանոններին: Խօսքը եւ՛ իշխող կուսակցութեան, եւ՛ (հիմա իրավիճակը ակտիւօրէն շահարկող ու շահագործող) ընդիմադիրների մասին է։ Ինչի՞ են արժանի Ծառուկեանի խօսքերը, թէ իբր «կորոնավիրուսը բարի մարդուն չի կպնում»:
Ու, ի հարկէ, ինչպէս չյիշել մեր պատգամաւորների մայիսեան սխրանքները․ երբ վարակուածների թուերը սրընթաց աճում էին, նրանք փոխանակ այդ «մանրուքով» տարուէին, Ազգային ժողովում հերոսաբար բռնցքամարտ էին մղում ու «ռազբիրատի» եօթ կանոններով իրենց «տղամարդկութիւնն» էին ապացուցում:
Այս ֆոնին (խորապատկեր-Խմբ) միակ լուրջ աշխատողը կարծես Արսէն Թորոսեանն էր, որը յուսահատօրէն փորձում էր բացատրել վիճակի լրջութիւնը եւ հասարակութեանը իրազեկել: Բայց ասողին լսող է պէտք:
Աշխարհը արագ յաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսւում
Եւ ահա այս անլրջութեան հետեւանքով մենք ստանում ենք հետեւեալ պատկերը: Այս գրաֆիկում գծուած է բնակչութեան յարաբերութեամբ օրական վարակուածների թիւը` Հայաստանի, Թուրքիայի (կանաչ), Իտալիայի (նարնջի) եւ Իսպանիայի (կարմիր) դէպքում: Ինչպէս տեսնում ենք աշխարհը արագ յաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսւում: Իտալիայի ողբերգական սցենարը (բեմագրութիւն- Խմբ.) արդէն մեր դրանն է:
Յիշեցնեմ՝ ինչ էի գրել Մարտին․ «Հասկանում էք` էքսպոնենցիալ (աչքառու-Խմբ.) աճը շատ, շատ դաժան բան է: Այն սկսւում է խաբուսիկ, դանդաղ, խունջիկ-մունջիկ… եւ հէնց թւում է, որ ամէն ինչ լաւ է, նա կոբրայի նման վեր է բարձրացնում իր թունաւոր գլուխը»: Հիմա կարծես կառավարութիւնը վերջապէս գնում է կտրուկ քայլերի եւ փորձում վերահսկել մեկուսացման կանոնները: Եղաւ ինչպէս միշտ. փոխանակ դաս առնենք աշխարհի փորձից ու ժամանակին խուսափենք նրա սխալները կրկնելուց, մենք գործի անցանք միայն, երբ դանակը ոսկորին հասաւ:
«Լաւ,- կ’ասէք դուք,- հասկացանք: Բայց ախր ի՞նչ կապ ունի այս վիրուսը տգիտութեան կամ կրթութեան հետ»:
Ահա ինչպէս կապ ունի` թէ՛ շարքային քաղաքացիները, թէ՛ պետական անձինք չեն հետեւում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ (յստակ-Խմբ.) պատճառով. թոյլ կրթութեան պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտութիւնը, ինչպէս է աշխատում այն, ինչպէս է գիտութիւնը հասնում իր եզրակացութիւններին: Եւ հետեւաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծուածային» հասկացութիւն է: (Ինչպէս վերը ասացի՝ սա զուտ հայաստանեան երեւոյթ չէ․ բաւական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելոյթները)։
Կրթութիւն Եւ Գիտութիւն
Ես միջնակարգ կրթութիւն ստացել եմ հիմնականում Հայաստանում (մասամբ` Ֆրանսիայում), իսկ բարձրագոյն կրթութիւն ստացել եմ ԱՄՆում: Ինձ յաճախ են հարցնում` որն է հայաստանեան եւ ամերիկեան կրթութիւնների հիմնական տարբերութիւնը: Պատասխանը չափից աւելի երկար է այս յօդուածի համար: Բայց ասենք հետեւեալը․ Հայաստանում կրթական ծրագիրը գլխաւորապէս հիմնուած է տարբեր «փաստեր» յիշելու եւ կրկնելու վրայ: Իրական կրթական մօտեցումը պէտք է հիմնուած լինի եղած փաստերի (լինի դա ինչպէս ճշգրիտ, այնպէս էլ հումանիտար (մարդաբանական- Խմբ.) գիտութիւններում) վերլուծութեան եւ դրանք հասկանալու վրայ, ինչի ընթացքում պարզւում է, որ շատ փաստեր աւելի բարդ են, քան թւում է, եւ ենթակայ են քննադատական վերլուծութեան:
Կրթութեան կարեւորագոյն նպատակը մարդկանց մտածել սովորեցնելն է, այն է` իրենց մտաւոր կարողութիւնները քննադատաբար գործածելը՝ ինչ ինչ ենթադրութիւնների եւ եզրակացութիւնների գալու համար: Միաժամանակ հասկանալ է պէտք, որ այդ եզրակացութիւններն ապագայում կարող են թերի դուրս գալ, եւ նոր տեղեկութիւներն ու փաստերն այդ եզրակացութիւններն անընդհատ կարող են փոխել: Եթէ մարդը հասնում է այս նպատակին, նա դառնում է ոչ միայն բանիմաց, այլ նաեւ կարողանում է կեանքում առաջնորդուել քննադատական վերլուծութեամբ, տեսնել փաստերը` բազմակողմանիօրէն, եւ օրինակ` զերծ մնալ շահարկումներից եւ դեմագոգիաներից (ամբոխաւարութենէն- Խմբ.): Բայց նաեւ` լաւ կրթուած մարդիկ գոնէ սխեմատիկօրէն (ծրակարող են հասկանալ, թէ ինչպէս է աշխատում գիտութիւնը:
Իսկ եթէ քաղաքացին չունի այդ ձիրքը, նրա համար գիտութիւնը ինչ որ «առեղծուած» է: Այդ քաղաքացին, օրինակ, չի հասկանում, որ այսօր իրեն շրջապատող ամէն ինչը գիտնականների աշխատանքի հետեւանքն է: Իր ձեռքի հեռախօսը պարունակում է մաթեմատիկական ալգորիթմներ, տարբեր սարքեր, որոնք ստացուած են նիւթաբանական հետազօտութիւնների հետեւանքով: Բժշկի կողմից իրեն նշանակուած դեղերը կենսաբանութեան եւ քիմիայի տասնեակ, հարիւրաւոր տարիների հետազօտութիւնների արդիւնքն են: Իր աւտօմեքենան (ինքնաշարժ- Խմբ.) ֆիզիկայի (բնագիտութեան- Խմբ.) եւ մեխանիկական ինժեներիայի (մեքենագիտական ճարտարաուեստի-Խմբ.) արդիւնքն է: Իր սուրճը եռացնող ելեկտրականութիւնը գալիս է Մեծամորի միջուկային ռէակտորից (շարժիչ- Խմբ.): Եւ անգամ իր հագածն ու կապածը ժամանակակից քիմիայի պտուղն է:
Եթէ ինքնաթիռը կառուցում ես մաթեմատիկական հաշուարկներով, այն թռչում է:
Եթէ ռէակտորդ նախագծում ես ֆիզիկայով եւ մաթեմատիկայով, այն երկիրդ հանում է «ցուրտ ու մութից»:
Եթէ լսում ես պատմաբաններին, որոնք քեզ բացատրում են, թէ ինչպէս են մշակուել եւ ի կատար ածուել ցեղասպանութիւնները, ապա կարողանում ես կանխել նոր ցեղասպանութիւնները (իսկ երբ անտեսում ես, ինչպէս դա աշխարhն է արել, ապա կրկնում ես պատմութիւնը):
Եթէ պատուաստումները եւ համաճարակի ռազմավարութիւնը հիմնում ես գիտնականների հաշուարկների եւ կենսաբանութեան վրայ ու հետեւում ես բժիշկների խորհուրդներին, ապա փրկում ես միլիոնաւոր, անգամ միլիարդաւոր կեանքեր:
Իսկ եթէ առաջնորդւում ես բնազդովդ եւ անում ես այն, ինչ գլխիդ է փչում, որովհետեւ «ախր շաաա՜տ ես ուզում գնալ աներձագիդ նշանդրէքին», երաշխաւորում ես ցաւալի եւ անիմաստ կորուստներ:
Նմանապէս, եթէ բժիշկների նախազգուշացումներն անտեսելով օրական մի տուփ ծխախոտ ես ծխում, ապա հասարակութիւնդ տառապում է թոքի քաղցկեղի՝ աշխարհում ամենաբարձր մահացութեամբ: Վերջին երեսուն տարում Հայաստանում այս քաղցկեղը սպանել է մօտ 60,000 մարդու, այսինքն` երկու անգամ աւելի, քան 1909ի Ադանայի ջարդը:
Սա թւում է ակնյայտ, բայց եթէ մարդ դպրոցում կարգին չի անցել ֆիզիկա, մաթեմատիկա եւ քիմիա, ապա այս ամէնը նրա համար մնում է ինչ որ աղօտ հանելուկ, իսկ գիտութեամբ առաջնորդուելը թւում է մի անիմաստ զբաղմունք: Աւելին, անգամ տգէտ մարդը հետաքրքրասէր է եւ միշտ պատասխան է փնտռում, եւ նա այն «գտնում» է ծուռումուռ դաւի տեսութիւններում, որը լսել է հարեւան Վալոդ ձ’եայի բամբասանքներից:
Եւ որքան այդ տեսութիւնները պարզ են, այնքան լաւ: Օրինակ, տեսէք որքան գայթակղիչ է հնչում հետեւեալը. «Բիլ Գեյթսը սաղին ուզում է չիպաւորել»: Գայթակղիչ է, որովհետեւ մի կողմից իր մէջ կրում է առեղծուածային «չիպը» որպէս մի գերբնական սարք (եթէ մարդը մի քիչ հասկանայ, թէ ինչպէս է աշխատում իրեն շրջապատող էլեկտրոնիկան, ապա նրան պարզ կը լինի այս վարկածի կատարեալ անհեթեթութիւնը), իսկ միւս կողմից ստեղծում է մի չար դերակատար, որի վրայ կարելի է բարդել աշխարհի բոլոր պրոբլեմները: Չէ՞ որ «սաղ գիտեն», որ հարուստ մարդը լաւը չի կարող լինել: Յետոյ ինչ, որ հազարաւոր օտարազգի մեծահարուստների օգնութիւնը ժամանակին փրկել եւ որբանոցներում մեծացրել է ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հարիւր հազարաւոր հայ մանուկների (բայց սրա համար էլ սեփական պատմութիւնն է պէտք իմանալ):
Ապագան
Ես ամէն առիթով (եւ առանց առիթի) ամէն տեղ ասում եմ նոյնը` Հայաստանի ապագան առաջին հերթին ամուր կրթութիւնն է եւ ուժեղ գիտութիւնը: Այս րոպէին Հայաստանը պէտք է փրկել կորոնավիրուսից եւ կարծես շատ ուշ է խօսել կրթութիւնից, քանի որ դրա արդիւնքների համար տարիներ եւ տասնամեակներ են հարկաւոր: Բայց երաշխաւորում եմ՝ նման համաճարակներն ու արտակարգ իրավիճակները ապագայում էլ կը լինեն, եւ դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է գիտութիւնը դպրոցում ուսանած հասարակութիւն:
Ես շատ ուրախ եմ, որ 2018ից յետոյ տեսնում եմ հայաստանեան զարգացող ժողովրդավարութիւնը: Բայց այդ ժողովրդավարութիւնն ամրապնդելու համար պէտք է իրազեկուած, կրթուած, իր պատմութիւնն իմացող ընտրազանգուած, որը կուլ չի գնայ քաղաքական դեմագոգիաներին եւ էժան շահարկումներին: Ես նաեւ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թէ ինչպէս է բարգաւաճում հայկական ինֆորմացիոն (տեղեկատուական-Խմբ.) տեխնոլոգիաների (արհեստագէտներու- Խմբ.) արդիւնաբերութիւնը: Բայց այդ արդիւնաբերութիւնը առաջ չի գնայ, եթէ այն չունենայ լաւ կրթուած, բարդ գիտելիքների տէր մասնագէտներ: Ու մի բան էլ աւելին` Հայաստանը այնքան պրոբլեմներ ու թշնամիներ ունի, որ մեզ համար «լաւը» բաւական չէ, մեզ անհրաժեշտ է լաւագոյնը:
Եւ այս ամէնի կրթութիւնը սկսւում է ոչ թէ «կորպորատիւ թրեյնինգների» (համագործակցական մարզումներ-Խմբ.) ժամանակ, ու ոչ էլ անգամ համալսարաններում, այլ հէնց առաջին դպրոցի առաջին դասարանի առաջին օրը:
«ՍԻՎԻԼՆԵԹ»