ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ
Սեպտեմբերի 8ին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու աւանդական պատարագը: Այս տարի նոյնիսկ մկրտութիւն իրականացնելու թոյլտուութիւն է տրուել: Տեղական իշխանութիւնները ձգտում են հնարաւորինս օգտուել զբօսաշրջիկների հոսքերից, եւ թւում է՝ ամէն ինչ անում են դրա ստուարացման համար՝ լայնօրէն տարփողելով իրենց գործունէութիւնը:
Միեւնոյն ժամանակ, Թուրքիայում գործում է «Համաշխարհային հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութիւն» անունով մի կազմակերպութիւն, որը բառիս բուն իմաստով պայքարում է հայկական ամէն ինչի դէմ: Նրանց կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցրած «պատմական եւ քաղաքական գնահատականներ»ի վրայ կարելի է ընդամէնը ծիծաղել, սակայն նրանց թուրքական եւ ադրբեջանական ազգայնական կազմակերպութիւնների հետ սերտ կապերը յիշեցնում են «այսքան յիմար լինելու համար յատուկ կրթութիւն է անհրաժեշտ» յայտնի ասացուածքը:
Իրենց «արեան վերջին կաթիլը հայրենիքի համար չխնայել» խոստացող տղերքը, յիշելով Սեպտեմբերին Ս. Խաչում նախատեսուող ամէնամեայ պատարագը, միանգամայն աբսուրդ (անհեթեթ-Խմբ.) նոր տեսութիւն են առաջ քաշել: Ըստ նրանց, այն եկեղեցին, որին հայերը փորձում են տէր կանգնել, իրականութեան մէջ պատկանում էր պեչենեգներին՝ քրիստոնեայ թուրքերին: Իրենց պնդման հիմք են համարում եկեղեցու վերին մասում գտնուող աղեղաւոր ձիաւորի պատկերաքանդակը, ասելով՝ հայերը երբեւիցէ շեղ աչքերով չեն եղել եւ յետադարձ նետ չեն արձակել:
Նման անհեթեթութիւններից բացուած ախորժակը նրանց թոյլ է տալիս խօսել Աղթամար կղզում հայերի կողմից թուրք կանանց զանգուածային բռնաբարութիւնների մասին, եւ իշխանութիւններից պահանջում են կղզին վերանուանել «բռնաբարութեան կղզի», նշում են, որ «Թամար» անունը սերում է թուրքերէն «դամար» (երակ-«Ակունք») բառից: Վրացիները, այդ անունը գողանալով, տուել են իրենց թագուհուն, բայց չպէտք է մոռանալ, որ «վրացիներն էլ թուրքական ծագում ունեն, եւ նրանց նշանաւոր թագուհին ղփչաղի աղջիկ էր»:
Ըստ թուրք որոշ գիտնականների՝ Նոյը թուրք է, Ադամը թուրք է, էտրուսկները, փռուգիացիները, վիկինգները, ամերիկեան բնիկ կարմրամորթները թուրք են, Ամերիկա մայրցամաքը եւս յայտնաբերել են թուրքերը: Իհարկէ, այս բոլորն ընթերցելիս չպէտք է տրամաբանութեան թակարդների մէջ ընկնել եւ մտածել, եթէ Ամերիկայում թուրքեր էին ապրում, ինչպէ՞ս կարող էին Եւրոպայից գալ եւ յայտնաբերել Նոր երկիրը: Նաեւ չպէտք է մոռանալ Աթաթուրքի «Արեւ-լեզու» տեսութիւնը, որի մաս են կազմում մեծ ովկիանոսում 14,000 տարի առաջ ջրասոյզ եղած Մու երկրամասի՝ թուրքերի հայրենիք լինելու պնդումները: Ըստ նրանց՝ հայկական առասպելական աստուածներից Տորք Անգեղը իրականում թուրք կամ թորք Անգեղն էր, իսկ հայերի նախնի Հայկ նահապետի հայր Թորգոմը իրականում թորք թուրք էր, հայկական շատ բարբառներում թուրքերին դեռ հիմա էլ թորք են անուանում:
Գործնականում, այս բոլորը կարդալով, կարող էք գալ եզրակացութեան, որ աշխարհի բոլոր ազգերը ծագում են թուրքերից, իսկ հայերը, ցաւօք, «վատ ու ապերախտ թուրքեր են»:
Սեպտեմբերի 8ին տեղի ունենալիք պատարագին մի խումբ ազգայնական թուրքեր իրենց ազերի եղբայրների հետ արդէն որոշել են մասնակցել առնուազն չորս աւտոբուսով, կոչ են անում թուրքական իսկական արժէքների կրող հասարակութեանը եւ յատկապէս երիտասարդներին ակտիւօրէն մասնակցել այդ արարողութեանը եւ հայերին ցոյց տալ՝ ով է եկեղեցու իսկական տէրը:
Դժուար է կռահել, թէ Ս. պատարագի ընթացքում ինչպիսի միջոցառում են կազմակերպելու պեչենեգների յետնորդները. գուցէ արհեստականօրէն նեղացնելով իրենց աչքերը՝ փորձելու են յետադարձ նետաձգութիւն իրակականցնել: Սակայն ծիծաղելի, աւելին՝ վախեցնող է այն փաստը, որ թուրքական հակահայկական ագրեսիան պատմութիւնը կեղծելու եւ վերաձեւակերպելու ուղղութեամբ չի խուսափում հարկաւոր ժամանակ նոյնիսկ յետահայեաց քրիստոնէութիւն ընդունելուց, անգամ՝ հրաժարուելով «Մուհամեդի սուրբ հաւատքից»:
«Սիվիլնեթ»