ՆԵՐՍԷՍ ԻՒԱՆԵԱՆ
Հայոց եկեղեցին ու բանակը բոլոր ժամանակներում մէկ միասնականութիւն են եղել, կան ու կը լինեն: Անխախտ հաւատքով, մարտական ոգով՝ զէնքով ու խաչով, հայ հոգեւորականը մի՛շտ եղել է մարտադաշտում, կանգնել զինուորի կողքին ու պաշտպանել մեր խաղաղ արարման իրաւունքը, մեր ինքնութիւնն ու հայրենի եզերքը: Ոչ միայն պատերազմի ժամանակ, այլեւ խաղաղ պայմաններում, հոգեւորականները մշտապէս զօրամասերում են, մարտական դիրքերում: Նրանք խաչի զօրութեամբ ու հաւատքի ուժով ոգեւորում ու ամրացնում են տղաներին:
Իւրաքանչիւր օր ու դասաժամ, գնդերէց Մանուէլ սարկաւագ Սարգսեանը սկսում է Տէրունական աղօթքով եւ հոգեւոր ծառայութեան հանդէպ պարտքի մեծ զգացումով: Ինչպէս մեր միւս գնդերէցների, այդպէս եւ նրա ջանքերով, օրէցօր ամրապնդւում է զօրքի ու հոգեւորականի միջեւ փոխվստահութիւնը ու եկեղեցի-բանակ կենսական կապը:
– Երբ զօրամաս եկայ,- վերյիշում է գնդերէցը,- առաջին քայլը, որ անհրաժեշտ էր անել՝ վստահութեան մթնոլորտի հաստատումն էր, որպէսզի զինուորներն ազատ կարողանային կիսուել իրենց թէ՛ ընտանեկան, թէ՛ անձնական եւ թէ ծառայողական խնդիրներով, դժուարութիւններով, հոգսերով:
Այժմ, արդէն, շուրջ երկու տարի սահմանապահ այս զօրամասում հոգեւոր ծառայութիւն իրականացնող գնդերէցն ամէն օր շփւում եւ հաղորդակցւում է սպաների ու ժամկէտային զինծառայողների հետ, առանձնազրոյցներ է ունենում, տալիս է հարազատներից ու սիրած աղջիկներից կտրուած զինուորներին յուզող հարցերի պատասխանները:
– Մանուէլ սարկաւագի հետ շփուելով՝ թեթեւութիւն եմ զգում, կտրւում հոգսերից ու աւելի մեծ ուժ ստանում,- ասում է ժամկէտային զինծառայող Նորիկ Սիմոնեանը:
Գնդերէցն իր հերթին մեծ գոհունակութեամբ փաստում է. «Հովուական ծառայութիւնն այսօր արդէն բանակային կեանքի անբաժան մասն է, եւ լինի դա զօրամասում թէ մարտական յենակէտերում, ո՛չ ոք այլեւս չի զարմանում՝ զինուորի կողքին կանգնած հոգեւորականին տեսնելով: Եթէ հոգեւորականն ինքը «Մի՛ սպանիր» պատուիրանի քարոզիչն է, ապա ինչպէ՞ս կարող է նա նաեւ զէնք կրել: Զինծառայողներին կարող է թուալ, թէ հակասութիւն կայ Աստուածաշնչի եւ զինծառայութեան միջեւ: Սակայն սա խնդրի ընդամէնը մակերեսային ընկալումն է: Մենք այստեղ ենք, որ նման հարցերի պատասխանը տանք, պարզաբանենք, բացատրենք: Օրինակներով ներկայացնում ենք, թէ մեր հոգեւորականներն ի՛նչ նշանակալի դերակատարում են ունեցել մեր պատմութեան շրջադարձային ժամանակներում»:
Ի դէպ, զօրամասում հոգեւոր ծառայութեան ընթացքում, Մանուէլ սարկաւագը վճռեց եւ ամենայն պատասխանատուութեամբ ստանձնեց մէկ այլ գործառոյթ՝ դարձաւ Սփիւռքից հայրենիք վերադարձած եւ յաճախ հայերէն գրել-կարդալ չիմացող զինուորների հայոց լեզուի եւ հայրենագիտութեան ուսուցիչը:
– Անցեալ տարի ունեցանք զինուորների առաջին խումբը, որ հայերէն արդէն վարժ գրում, կարդում, խօսում էր: Այդուհետեւ, աւանդոյթ դարձաւ ուսումնական գումարտակներում արտերկրից վերադարձած մեր զինուորների հետ մայրենիի դասընթացներ անցկացնելը,- ասում է նա:
Շաբաթը մի քանի անգամ Մանուէլ սարկաւագը, Աշոտ Երկաթ արքայի խաչի կրկնօրինակը ձեռքին, շտապում է առաջնագիծ՝ նորից ու նորից կանգնելու բարձրադիր յենակէտերում, մարտական ծառայութիւն իրականացնող զինուորների կողքին:
– Այն գիտակցութիւնը, թէ այս հողը, սահմանի այս հատուածն ի՛նչ մեծ զոհողութիւնների գնով է ազատագրուել, ուժ է տալիս, որ այս հողի վրայ՝ սահմանին, դու էլ առաւել կարեւորես ու արժեւորես քո գործունէութիւնը՝ քո առաքելութիւնը,- աւելացնում է նա:
Հասնում ենք ամենաբարձրադիր՝ ծովի մակերեսից 3000 մետր բարձրութեան վրայ գտնուող մարտական յենակէտերից մէկը: Մանուէլ սարկաւագի հետ հագնում ենք զրահաբաճկոններն ու դիրքի աւագի օգնական Մոնթէի ուղեկցութեամբ՝ քարքարոտ խրամուղիով բարձրանում սահմանի այս հատուածը պաշտպանող տղաների մօտ: Լեռնային այս տեղանքում գրեթէ զրոյական ջերմաստիճան է. սարերի լանջերը ծածկուել են առաջին ձեան շերտով:
– Էստե՞ղ է ցուրտ, թէ Աշոցքում,- Աշոցքի ծնունդ Մոնթէին է դիմում Մանուէլ սարկաւագը:
– Էստեղ աւելի՛ ցուրտ է,- պատասխանում է Մոնթէն:
Րոպէներ անց հասնում ենք առաջին դիտախորշին, որտեղ մեզ դիմաւորում է զօրամասի հոգեւոր ակտիւի անդամ Յովհաննէսը: Մարտական ծառայութեան շուրջ մտերմիկ ու անկաշկանդ զրոյցի ընթացքում, Մանուէլ սարկաւագը հետաքրքրւում է առաջնագծի իրադրութեամբ, յորդորում լինել աչալուրջ, հարկ եղած դէպքում էլ՝ անվարա՛ն:
– Ով հաւատում է խաչի զօրութեանը, կեանքում որեւէ խնդրի, որեւէ դժուարութեան, որեւէ վտանգի առաջ չի նահանջի,- խաչով դիրքապահ զինուորներին օրհնելուց յետոյ ասում է Մանուէլ սարկաւագը:
Դիրքերից մէկում անակնկալ հանդիպեցինք Վաղարշակին՝ այն տասնեակ տղաներից մէկին, որին Մանուէլ սարկաւագը մայրենիով գրել եւ կարդալ էր սովորեցրել: Երկու տարեկանից ծնողների հետ արտերկրում բնակուած զինուորը 21 տարեկան էր, երբ վերադարձաւ հայրենիք՝ զինուորական ծառայութիւնը բնօրրանում իրականացնելու համար:
Մանուէլ սարկաւագը անթաքոյց հպարտութեամբ է խօսում երիտասարդի յաջողութիւնների մասին.
– Երբ եկաւ, գրեթէ հայերէն չէր խօսում: Յատուկենտ բառեր գիտէր միայն: Իբր դա քիչ է, դեռ մկրտուած էլ չէր,- ժպիտով պատմում է գնդերէցը,- կարճ ժամանակում մեր Վաղարշակը հայերէն գրել-կարդալ սովորեց: Դրան յաջորդեց նաեւ մկրտութիւնը, եւ նա դարձաւ ճշմարիտ հայ քրիստոնեայ, մարտի՛կ:
Սարերի ծերպերին կանգնած, զէնքը ձեռքին հայրենիքը պաշտպանող զինուորները խոստովանում են, որ լուսնի աղօտ լոյսի, քամու սվսվոցի եւ այն մերթ ընդ մերթ ընդմիջող հակառակորդի կրակոցների ներքոյ առաւել է արժեւորւում հոգեւորին հաղորդակից լինելու դերն ու նշանակութիւնը:
– Ամէն անգամ խրամատ մտնելիս ասում եմ. «Աստուած պահապա՛ն»: Եւ դա ինձ մեծ ուժ է տալիս,- ասում է ժամկէտային զինծառայող Մոնթէ Մուրադեանը:
Զինուորներից միւսը՝ Նորիկ Սիմոնեանը, յաւելում է.
– Այստեղ՝ դիրքերում, է՛լ աւելի մեծ հաւատքով ես լցւում: Իւրաքանչիւրս վստահ է՝ Աստուած միշտ մեզ հետ է, միշտ մեր կողքին ու մեր մէջ:
Ժամկէտային զինծառայող Դաւիթ Ստամբոլցեանը հաստատում է ընկերների խօսքը.
– Մենք այստեղ միայն ֆիզիկապէս ենք մենակ, ո՛չ հոգեպէս: Ու ոչ մի վախ կամ անհանգստութիւն չունենք:
Մեզ ուղեկցող վաշտի հրամանատար Գուրգէն Համբարձումեանն իր հերթին նկատում է.
– Զինուորը պէտք է իմանայ, որ դիտակէտից մէկ քայլ այն կողմ իր եկեղեցու դուռն է: Եթէ հակառակորդը հատի սահմանը, մեր եկեղեցին ու մեր տունն է մտնելու: Դրա համար լիովի՛ն գիտակցում է, որ այստեղ ինքը պաշտպանում է իր թիկունքում գտնուող խաչը՝ իր հաւատքը, իր եկեղեցին ու իր երկիրը:
Սահմանը հսկող զինուորականների հետ համակարծիք է նաեւ գնդերէցը. «Այստեղ՝ սահմանին, իւրովի վերաարժեւորուել եւ իմաստաւորուել է նաեւ իմ առաքելութիւնը. այն է՝ մեր յարատեւութեան նախապայման ազգ-բանակ-եկեղեցի կապի ամրապնդումն ու դրա խորհրդի փոխանցումը հայրենիքի պաշտպաններին»:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»
Տէր եւ Տիկ. Վարանդ Եւ Քրիսթին Յովնանեան
Ջերմագին Մաղթանքներով Կը Շնորհաւորեն
Համայն Հայութեան Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Խաժակ Սարգիսեանի Յիշատակին
Հիլտի Սարգիսեան
Սան Ֆրանսիսքօ