ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած մէկօրեայ աշխատանքային այցից տպաւորուեց երեք բան. նրա ժամանումը Կասպից ծովում «Դաղստան» հրթիռային նաւի ուղեկցութեամբ, հին Բաքու կատարած էքսկուրսիան եւ Ադրբեջանի նախագահի տանը կազմակերպուած թէյի հիւրասիրութիւնը, որով էլ, փաստօրէն, ադրբեջանցիների համար երկար սպասուած այդ այցն աւարտուեց: Ինքնին արարողակարգի այս առանձնայատկութիւնների վրայ կատարած շեշտադրումները ցոյց էին տալիս, որ երկու կողմից խնդիր է դրուել ստեղծել երկու երկրների եւ դրանց ղեկավարների միջեւ բարեկամութեան ցուցադրական էֆեկտ: Եւ դա պատահական չէր. ուրիշ այլ կերպ ուղղակի հնարաւոր չէր լինելու ծածկել այս այցի ինքնանպատակայնութիւնը եւ երկկողմ ակնկալիքները փոխադարձաբար փաստացի չբաւարարելու հանգամանքը:
Կայացած բանակցութիւնների վերաբերեալ երկու նախագահների հրապարակային յայտարարութիւնները չափազանց զուսպ էին: Ռուս-ադրբեջանական օրակարգին վերաբերող ոչ մի հարցի վերաբերեալ կոնկրետ ուղերձներ, առաւել եւս համաձայնեցուած միասնական տեսակէտներ, չարտայայտուեցին: Սա նշանակում է, որ կամ բանակցութիւնների փոխարէն տեղի է ունեցել եղանակի շուրջ մտքերի փոխանակում, կամ, որ աւելի հաւանական է՝ ոչ երկկողմ ու ոչ էլ տարածաշրջանային հիմնական հարցերում կողմերը համաձայնութիւնների գալ չեն կարողացել:
Դժուար է ասել՝ արդեօք այդ բանակցութիւններում քննարկուել է պուտինեան Եւրասիական միութեանը Ադրբեջանի հնարաւոր միանալու խնդիրը: Հրապարակային յայտարարութիւնների մակարդակով այդ թեման ընդհանրապէս չի շօշափուել: Սակայն ցանկացած գնով այդ միութիւնը գլուխ բերելու մտասեւեռում ունեցող ՌԴ նախագահը չէր կարող այս այցը չօգտագործել՝ դրա հետ կապուած Ադրբեջանի իշխանութեան եւ քաղաքական էլիտայի տրամադրութիւնները շօշափելու ուղղութեամբ: Այս պահին դա առաւելագոյնն է, ինչ կարող է անել Պուտինը, հաշուի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի վրայ այդ հարցում քաղաքական եւ տնտեսական ճնշման լծակներ կիրառելու նրա ռեսուրսներն անհամեմատ աւելի թոյլ են:
Եթէ նկատի ունենանք այս կապակցութեամբ այցի ընթացքում ադրբեջանական փորձագիտական շրջանակների կողմից յղուող ուղերձները՝ Ռուսաստանին իբրեւ «բարեկամ»ի, իրենց վզին փաթաթել չփորձելու վերաբերեալ, ակնյայտ է դառնում, որ Պուտինի համար չափազանց բարդ է լինելու Բաքւում հենման կէտեր գտնելը: Թերեւս հէնց այս իրողութեամբ էր պայմանաւորուած ԼՂ հիմնահարցի կապակցութեամբ Վլադիմիր Պուտինի արած յայտարարութեան նկատելի կոշտութիւնը: Բանակցութիւններից յետոյ Ալիեւի հետ համատեղ ասուլիսին Պուտինը յայտարարեց, թէ ԼՂ հիմնահարցը կարող է կարգաւորուել միայն քաղաքական ճանապարհով: Դրանով նա նորութիւն չասաց եւ ուղղակի կրկնեց այն գաղափարը, որն արդէն 4 տարի շարունակ ընկած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ յայտարարութիւնների հիմքում: Բայց նման ձեւակերպումը նշանակալի է դառնում յատկապէս մօտ մէկ ամիս առաջ Մոսկուայում իր Ադրբեջանից գործընկերոջ՝ Էլմար Մամեդեարովի հետ հանդիպման շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի արած յայտարարութեան ֆօնին, թէ ստատուս քուոն անընդունելի է, քանի որ այն խոչընդոտում է ադրբեջանական տարածքների վերադարձմանը:
Միւս կողմից՝ Պուտինը նման յայտարարութիւնն անում է Ադրբեջանին 1 մլրդ. դոլարի յարձակողական սպառազինութիւն վաճառելու ֆօնին՝ ըստ էութեան յղելով այն մեսիջը, թէ այդ զէնքը չի կարող կիրառուել ղարաբաղեան ճակատում: Յատկանշական է, որ հէնց Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրերին էր կազմակերպուել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցութեան գծով դաշնային գործակալութեան տնօրէն Ալեքսանդր Ֆոմինի այցը Հայաստան, որով Մոսկուան, փաստօրէն, մի կողմից փորձեց չափաւորել ադրբեջանական այցի հետ կապուած առկայ մտավախութիւնները Հայաստանում, միւս կողմից յուշեց Ադրբեջանին, որ տարածաշրջանային ստրատեգիական նախընտրութիւններում միակողմանիօրէն վերանայումներ չի կատարելու: Այս իմաստով Պուտինի այցը Ադրբեջան աւելի շատ բխում էր բալանսաւորման այն քաղաքական կուրսից, որի մասին ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակները խօսում էին նաեւ զինտեխնիկայի աղմկայարոյց գործարքն արդարացնելիս:
Վլադիմիր Պուտինի այս այցից Իլհամ Ալիեւի հիմնական ակնկալիքներից մէկն էլ ուղղակիօրէն կապուած էր առաջիկայ նախագահական ընտրութիւններում Մոսկուայի լիակատար աջակցութիւնը ստանալու հետ: Սակայն ըստ ամենայնի՝ Պուտինը այցը առկախուած է թողել այս հարցը՝ թերեւս այն պատճառով, որ իր հերթին չի կարողացել Ալիեւից համարժէք փոխհատուցման հարցում համաձայնութեան հասնել: Այցի ընթացքում Բաքւում համագործակցութեան պայմանագիր ստորագրուեց ռուսական «Ռոսնեֆթ» եւ ադրբեջանական նաւթային ընկերութեան միջեւ, որով նրանց մասնակցութեամբ ստեղծուելու է համատեղ ընկերութիւն: Այն զբաղուելու է գազի եւ նաւթի տեղափոխման եւ համատեղ ենթակառուցուածքների շահագործման հարցերով: Սակայն ըստ էութեան սա այն չէր, ինչ ուզում էր ստանալ Ռուսաստանը: Յայտնի է, որ «Ռոսնեֆթ»ը խիստ շահագրգռուած էր մուտք գործելու մօտ 300 մլրդ. խ.մ. գազի պաշարներ ունեցող ափշերոնեան հանքերի շահագործման ոլորտ, որի մասին, սակայն Պուտինի այցի ընթացքում ոչինչ յայտնի չդարձաւ: Ստորագրուած փաստաթուղթը այս իմաստով շատ աւելի հռչակագրային եղաւ, ինչը չէր կարող բաւարարել ռուսական կողմին:
Չնայած ոմանք հակուած են Պուտինի՝ «Դաղստան» հրթիռակրի ուղեկցութեամբ Բաքու այցելելը հէնց Ալիեւի վարչակազմին աջակցելու ցուցադրական նշան համարել, սակայն դա ոչ այնքան ընտրութիւնների հետ կապ ունէր, որքան Կասպից ծովում Ռուսաստանի հեգեմոն կարգավիճակն ընդգծելու: Իսկ Ալիեւին աջակցելու մասին կարող էր վկայել Ադրբեջանի միացեալ ընդդիմութեան կողմից որպէս նախագահի թեկնածու առաջադրուած Ռուստամ Իբրահիմբեկովի քաղաքացիութեան հարցի լուծումը, որը գտնւում է հէնց Ռուսաստանի իրաւասութեան շրջանակում: Խնդիրն այն է, որ Իբրահիմբեկովը եւ Ադրբեջանի եւ ՌԴի քաղաքացի է, բայց ըստ ադրբեջանական օրէնսդրութեան՝ նման կարգավիճակ ունեցող քաղաքացին նախագահի պաշտօնում առաջադրուելու իրաւունք չունի: Պուտինի այցի ընթացքում Իբրահիմբեկովի քաղաքացիութեան հարցը չլուծուեց, նրա փաստաթղթերը դեռեւս ԿԸՀ չեն ներկայացուել: Եթէ առաջիկայ օրերին եւս դա տեղի չունենայ, նշանակում է, որ Պուտինն իսկապէս Ալիեւին քաղաքական օժանդակութեան երաշխիքներ չի տուել, որովհետեւ միայն այդ դէպքում Ալիեւի վարչակազմը կարող էր թոյլատրել Իբրահիմբեկովի գրանցումը՝ վստահ լինելով, որ Ալիեւի յաղթանակի ապահովման դէպքում Մոսկուան ճանաչելու է նրա ընտրութիւնը՝ անկախ նրանից, թէ ինչ գնով դա կ՛ապահովուի: Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցութեան ներվային արձագանքը, թէ Ալիեւը Պուտինի աջակցութեան կարիքը չունի, եւս ցոյց է տալիս, որ իշխող վարչակազմի ակնկալիքներն այս հարցում իսկապէս առայժմ չեն արդարացել:
Միակ բանը, փաստօրէն, որին գուցէ կարողացաւ հասնել Ալիեւը, Պուտինի հետ իր անձնական յարաբերութիւնների կարգաւորումն էր, որն, ի հարկէ, թոյլ կը տայ յետագայում աւելի անկաշկանդ մթնոլորտում երկխօսութիւն ծաւալել: Դրա համար էլ Ալիեւի տանը կազմակերպուած թէյախմութիւնը դարձաւ այս այցելութեան ամենալուսաւոր կէտը: