ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԵԱՆ
Խորհրդանիշները քաղաքական պայքարի անբաժանելի գործիքներն են, ինչպէս միջազգային արենայում (ասպարէզ-Խմբ.), այնպէս էլ ներքաղաքական փոխյարաբերութիւններում:
Ասուածի տրամաբանութեամբ կարող ենք նշել, որ, մեր կամքից անկախ, Գարեգին Նժդեհը հէնց խորհրդանիշի կարգավիճակ է ստացել, որին պատերազմ է յայտարարել հիւսիսային մեր «դաշնակիցը»: Ընդհանրապէս, Ռուսաստանը չափազանց պրագմատիկ (գործնական-Խմբ.) տէրութիւն է եւ միշտ էլ այդպիսին է եղել: Նա կարող է աչք փակել ցանկացած ցաւոտ թեմայի վրայ, եթէ, իհարկէ, դա չի խանգարում իր կարճաժամկէտ շահերին եւ գործարքներին: Այսինքն՝ Մոսկուան երբեւէ չէր յիշի պրովինցիալ (մարզային-Խմբ.) Հայաստանի պրովինցիալ հերոսին, նոյնիսկ Տաթեւի ձորը գլորուած խորհրդային զինուորների յիշատակը մոռացութեան կը մատնուէր, եթէ, իհարկէ, ռուսները Նժդեհի խորհրդանիշի մէջ խնդիր չտեսնէին: Հիմա փորձենք հասկանալ, թէ որն է խնդիրը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ՝ ՈՐՊԷՍ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Չնայած Գարեգին Նժդեհի գրուածքները չափազանց վիճարկելի են եւ տեղ-տեղ մոլորութեան հասնող, բայց, նրա կերպարը մարմնաւորում եւ խորհրդանշում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը: Այսինքն՝ քաղաքական իմաստով Նժդեհը պէտք է դիտարկուի իր գրուածքներից անդին, քանի որ տեքստերը (գրութիւններ-Խմբ.) քիչ արժէքաւոր են, իսկ ինքը՝ որպէս գործիչ, անկախութեան գաղափարական անկիւնաքարերից մէկն է: Ասուածից հետեւում է, որ խնդիրը ոչ այնքան Նժդեհի մէջ է, այլ անկախութեան գաղափարի, որն ուղղակիօրէն բախւում է ռուսական կայսերական գաղափարախօսութեան հետ: Ընդհանրապէս միջազգային յարաբերութիւններում դեռեւս միջնադարից ընդունուած պրակտիկա (սովորութիւն-Խմբ.) է. խոշոր տէրութիւնները ձգտում են տիրանալ յատկապէս այն տարածքներին, որոնք ինչ-որ մի ժամանակաշրջան իրենց են պատկանել եւ յետագայում ինչ-ինչ հանգամանքներում անջատուել կամ էլ՝ անկախացել: Այս տրամաբանութեամբ են առաջնորդուել Բիւզանդիան, Արաբական խալիֆայութիւնը, սելջուկ-թուրքերը, մոնղոլները, Բրիտանական կայսրութիւնը, Խորհրդային Միութիւնը, եւ այսպէս շարունակ: Օրինակ՝ 12րդ դարում Բիւզանդիան ամէն ինչ անում էր Կիլիկիայի Ռուբինեան իշխանութիւնը ոչնչացնելու նպատակով, իսկ հիմնաւորումն այն էր, որ հարուստ այդ երկրամասը պատմական ինչ-որ ժամանակաշրջանում իրեն է պատկանել: Պատմական այս համատեքստում Ռուսաստանը նոյնպէս չի կարող բացառութիւն լինել, քանի որ 19րդ դարից ի վեր Արեւելեան Հայաստանը կցուել է կայսրութեանը, իսկ կարճատեւ անկախութիւնից յետոյ բռնակցուել Խորհրդային Միութեանը: Այսինքն՝ Հայաստանը պատմականօրէն դիտարկւում է որպէս ռուսական ազդեցութեան գօտի կամ էլ 21րդ դարի եւրասիականութեան տարածման փոքրիկ, բայց կարեւոր մասնիկներից մէկը: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի վերադարձի հիմքում ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին հիմնաւորումներ կան, որոնք են Իսրայէլ Օրու գործունէութիւնն ու Գիւլիստանի պայմանագիրը (1813 թ.): Սրանք զուտ պատմական փաստեր եւ իրողութիւններ չեն, այլ 21րդ դարում վերածնուող գաղափարներ: Իսկ եթէ կան գաղափարներ, ապա տրամաբանօրէն պէտք է լինեն նաեւ դրանց գաղափարախօսները: Իսրայէլ Օրու արկածներն ու Արեւելեան Հայաստանի՝ Ռուսաստանին կցման գործողութիւնը Երեւանում անընդհատ պէտք է արժեւորուեն՝ դիտարկուելով որպէս հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան եւ եղբայրութեան ապացոյցներ: Արցախի անառիկ լեռներից Զօրի Բալայեան անունով ինչ-որ մէկը պէտք է նամակ գրի ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ յիշեցնելով Գիւլիստանի պայմանագրի եւ Արցախի «ազատագրման» պատմական կարեւորութեան մասին: Իհարկէ հասկանալի է, որ պատմական փաստերը դադարում են պատմական լինել, երբ դրանք դառնում են արդի քաղաքականութեան քննարկման առարկայ: Աւելի շուտ՝ Իսրայէլ Օրին եւ Գիւլիստանի պայմանագիրը արդէն իսկ խորհրդանիշի կարգավիճակներ ունեն, որոնց հիմքում ռուսական վերադարձի գաղափարն է: Բնականաբար, ռուսական խորհրդանիշները չէին կարող անպատասխան մնալ, քանի որ Հայաստանը Մոլդովա կամ էլ Բելառուս չէ, ազգային ոգին եւ ինքնիշխանութեան գաղափարը 1991ից ի վեր ամուր ցեմենտուած (քարացած-Խմբ.) են պետականութեան հիմքերում: Դրանք ինքնին գոյութիւն ունեցող արժէքներ են, եւ ոչ մի արհեստական միջամտութիւն չի կարող խեղել դրանց լինելիութիւնն ու շարունակականութիւնը: Ասուածի համատեքստում պատասխանը համարժէք է եւ չափազանց ազդեցիկ: Փաստօրէն, կողք-կողքի դրուած են հայկական երկու խորհրդանիշներ. առաջինը Իսրայէլ Օրու կողմից Պետրոս Առաջին կայսրին հասցէագրուած ուղերձն է. «Միշտ յոյսով ենք եղել, թէ ինչպէս ձերդ մեծութեան միջոցով կարող ենք դէն շպրտել անհաւատների լուծը… Մեր մտադրութիւնն է, որպէսզի մենք եւ մեր բոլոր ժողովուրդները՝ մեծ, թէ փոքր, յանձնուենք ձերդ մեծութեան իշխանութեանն ու կառավարմանը… Մենք կը լինենք միւս բոլորից վերջինը եւ խոստանում ենք մեր կեանքն ու մեր ամբողջ ունեցուածքն ի ծառայութիւն ձերդ մեծութեան եւ այս գործի…», իսկ երկրորդը Գարեգին Նժդեհի նախաձեռնած դիմադրութիւնն է Զանգեզուրում: Ամբողջ Այսրկովկասն արդէն իսկ խորհրդային էր, իսկ Սիւնիքը շարունակում էր դիմադրել: Հայկական առաջին խորհրդանիշի հեղինակը Մոսկուային ծառայող կայսերական հայերն են, իսկ երկրորդը՝ ծնունդն է ազգային ոգու (օբյեկտիւ (անաչառ-Խմբ.) ոգի) եւ ինքնիշխանութեան: Տրամաբանական է, որ այս երկու խորհրդանիշները պէտք է բախուէին եւ խոր հակամարտութեան մէջ յայտնուէին, ինչի արդիւնքում էլ Գարեգին Նժդեհը պէտք է դիտարկուէր որպէս մերժելի եւ դատապարտելի կերպար: Գաղափարների դիմակայութեան հէնց այս եռացող կաթսայի համատեքստում արհեստականօրէն քննարկման առարկայ է դառնում Գարեգին Նժդեհի «ամենամահացու մեղքը՝ Երրորդ Ռայխի հետ յայտնի համագործակցութիւնը»:
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐՁԻԳԻՑ
Վերջերս «Առաջին Լրատուական»ում մի յօդուած էի գրել, որտեղ փորձել էի ցոյց տալ, որ աշխարհի գրեթէ բոլոր երկրները ուղղակի թէ անուղղակի համագործակցել եւ առնչուել են Նացիստական Գերմանիայի հետ: Անգլիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իսպանիան, Ռումինիան, Լեհաստանը, Դանիան, Ֆինլանդիան, Հնդկաստանի ազգային կոնգրեսը, Իրանը, Թուրքիան, եւ վերջապէս Խորհրդային Միութիւնը ուղղակի համագործակցել, բանակցել եւ համատեղ գործողութիւններ են իրականացնել նացիստների հետ: Օրինակ՝ ԱՄՆի ռազմաքաղաքական շրջանակներում տիրապետող էր այն տեսակէտը, թէ 1940ականներին միջազգային արենայում տիրապետող են լինելու երկու խոշոր տէրութիւններ՝ ԱՄՆը եւ Գերմանիան: Սրանից ելնելով՝ Վաշինգտոնում նացիստների հետ համագործակցութեան եւ փոխյարաբերութիւնների տարատեսակ սցենարներ (բեմագրութիւն-Խմբ.) էին կանխատեսւում: Բրիտանական կայսրութեան եւ Ֆրանսիայի լուռ համաձայնութեամբ եւ թողտուութեամբ Ա. Հիտլերը օկուպացրեց գրեթէ ամբողջ ցամաքային Եւրոպան: Աւելորդ չի լինի, եթէ նկատենք, որ Չեխոսլովակիայի բաւականին մարտունակ բանակը գերմանացիներին չդիմադրեց նաեւ հէնց Լոնդոնի եւ Փարիզի ճնշման պատճառով: Իսկ Լեհաստանը միջազգային յարաբերութիւններում ուղղակի աջակցութիւն էր ցուցաբերում Հիտլերին Չեխոսլովակիայի բռնակցման գործում, քանի որ լեհերն էլ տարածքային պահանջներ էին ներկայացրել Պրահային: Իհարկէ, չենք ուզում խորանալ պատմական մանրամասների մէջ (թեմայի մասին առաւել մանրամասն կարող էք կարդալ «Երկրորդ Աշխարհամարտ. Վերելքը Ազգայնական Շովինիզմի Եւ Անյագ Շաւալապաշտութեան» յօդուածում), յատկապէս որ ցանկը բաւականին մեծ է՝ Դանիայից մինչեւ Մահաթմա Գանդի: Ընդամէնը ուզում ենք ցոյց տալ, որ գրեթէ բոլոր երկրներն էլ այս կամ այն կերպ համագործակցել են Ա. Հիտլերի եւ Բ. Մուսոլինիի հետ, ու այդտեղ որեւէ առանձնայատուկ բան չկայ: Մեծ քաղաքականութեան կանոններն են այդպիսին: Իսկ ինչ վերաբերւում է Խորհրդային Միութեանը, ապա վերջինս ոչ միայն համագործակցել է, այլ նաեւ մեծագոյն ներդրում է ունեցել պատերազմի բռնկման գործում: Այսինքն՝ Գերմանիան եւ ԽՍՀՄը պատերազմը սկսել են համատեղ, բայց չգիտես ինչու՝ խորհրդային/ռուսական պատմագիտութիւնը աչք է փակում այդ փաստի վրայ: Կարծում ենք՝ անհրաժեշտ է ընթերցողների համար որոշ մանրամասներ ներկայացնել։
Եթէ նայենք Խորհրդային Միութեան պաշտօնական պատմագրութեանը, ապա տպաւորութիւնն այնպիսին կը լինի թէ 1941ին ԽՍՀՄը ապրում էր ծաղկող ներդաշնակութեան պայմաններում, զբաղուած էր կոմունիստական հասարակարգի խաղաղ շինարարութեամբ, եւ յանկարծ ագրեսորները յարձակուեցին՝ ընդհատելով խորհրդային ժողովրդի ներդաշնակ կեանքը:
Մերձգիտական տեսակէտն այս, իհարկէ, քարոզչական գործիքի կարգավիճակ ունի, որն աւանդոյթի ուժով շարունակւում ու նոր երանգներ է ստանում նաեւ պուտինեան Ռուսաստանում: Իրականութիւնը, իհարկէ, մի փոքր այլ է, եւ սխալուած չենք լինի, եթէ պնդենք, որ Մոսկուան համարւում է աշխարհամարտի բռնկման մեծագոյն հրձիգներից մէկը: Պնդումը հիմնաւորւում է մինչեւ 1941 թուականը միջազգային յարաբերութիւններում Խորհրդային Միութեան կողմից իրականացուած ագրեսիւ քաղաքականութեամբ: Կոմունիզմի «խաղաղ շինարարութեամբ» զբաղուած պետութիւնը 1939թ. Օգոստոսին տասը տարի ժամկէտով չյարձակման պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ: Ինչպէս յետոյ պարզուեց՝ պայմանագիրը ունէր նաեւ գաղտնի արձանագրութիւն, որի համաձայն՝ կողմերը պայմանաւորւում էին Արեւելեան Եւրոպան բաժանել ազդեցութեան գօտիների: Դրա հիմքի վրայ 1939ի Սեպտեմբերի 17ին Խորհրդային Միութիւնը ներխուժեց Լեհաստան: Արեւմուտքից եւ Արեւելքից գերմանական ու խորհրդային զօրքերի համատեղ հարուածների ներքոյ Լեհաստանը, որպէս պետութիւն, դադարեց գոյութիւն ունենալ: Նոյեմբերի 30ին Մոսկուան պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դէմ, որի արդիւնքում բռնազաւթեց Կարելական պարանոցը: Յաջորդ հարուածն ուղղուած էր Ռումինիայի դէմ, որից բռնազաւթուեցին Բեսարաբիան եւ Հիւսիսային Բուկովինան: Բայց սա դեռ ամէնը չէ, Ազգերի լիգայից վտարուած Խորհրդային Միութիւնը յանցաւոր միջամտութեամբ յեղաշրջումներ նախաձեռնեց Լատվիայում, Լիտվիայում եւ Էստոնիայում, ինչի հետեւանքով էլ այդ պետութիւնները մեխանիկօրէն կցուեցին ԽՍՀՄին: Ինքներդ դատէք, միթէ՞ շուրջ երկու տարի Արեւելեան Եւրոպայում ագրեսիւ քաղաքականութիւն իրականացնող Մոսկուան անմասն է մեծ պատերազմի բռնկումից: Ինչպէս տեսնում ենք՝ ԽՍՀՄը պատերազմից խուսափելու եւ ագրեսոր Գերմանիային կանգնեցնելու ո՛չ իրական ցանկութիւն ունէր եւ ոչ էլ միտում: Աւելին՝ Ստալինը մեծ խաղադրոյք էր դրել հաւանական պատերազմի վրայ եւ պատրաստւում էր օգուտներ քաղել դրա մատուցած հնարաւորութիւններից: Չէ՞ որ Վ. Լենինը սովորեցրել է, որ կապիտալիստական երկրների միջեւ պատերազմները ծնում են կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամեր, որոնցից էլ մշտապէս ծագում են յեղափոխութիւններ: Այսինքն՝ մոսկովեան գործարքով Ստալինը Հիտլերին դէպի Արեւմուտք էր մղում՝ յոյս ունենալով, որ մի կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի, իսկ միւս կողմից Գերմանիայի եւ Իտալիայի բախումը ի վերջոյ քայքայելու է երկու կողմերին, ինչն էլ իրական հնարաւորութիւններ է ստեղծում Եւրոպայում կոմունիզմի յաղթանակի եւ ռազմական ինտերվենցիայի (միջամտութեան-Խմբ.) համար: Ի դէպ, ասուածի տրամաբանութեամբ Ֆինլանդիայի դէմ պատերազմը յատուկ առաքելութիւն ունէր: Դրանով Կարմիր բանակը մեծ փորձառութիւն էր ձեռք բերում դէպի Կենտրոնական Եւրոպա արշաւելու համար (Մաններհէյմի պաշտպանական գծի ճեղքումը): Եւ հիմա, այսքանից յետոյ ինչ-որ ռուս քաղաքագէտներ ու լրագրողներ, իբրեւ թէ ռուս հասարակութեան անունից, համարձակւում են քննադատել Գարեգին Նժդեհին, որն ընդամէնը փորձում էր փրկել ցեղասպանուած ժողովրդին եւս մէկ աղէտից եւ մեծ տէրութիւնների ոտքերի տակ ոտնակոխ լինելուց: Այս ամէնի մէջ, թերեւս, ամենազաւեշտալին այն է, որ ռուսներն հէնց իրենք չեն կարողանում առերեսուել իրենց իրական պատմութեան հետ եւ անկարողութեան դիրքերից փորձում են դասեր տալ Հայաստանին: Ստալինիզմին, գուլագներին, մարդակուլ ռեպրեսիաներին (ճնշումներուն-Խմբ.) պատշաճ գնահատական չտուած մարդիկ պարզապէս բարոյական իրաւունք չունեն քննութեան առարկայ դարձնելու Նժդեհի կերպարը: Այս տեսանկիւնից, ՀՀ վարչապետ Փաշինեանի դիտողութիւնը աւելի քան տեղին էր եւ հիմնաւորուած. թո՛ղ գնան Մոլոտովի եւ Ստալինի գործունէութիւնը ուսումնասիրեն, չէ՞ որ հէնց իրենք էին Հիտլերի հետ միասին Եւրոպան իրար միջեւ բաժանում:
(Առաջին Լրատուական)