Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել (Մաս 3)

$
0
0

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Եւ այսպէս՝ մեր քաղաքական մոդելը, այլ կերպ ասած՝ հայկական իշխանութիւնը հայ ժողովրդից բաժանած երկաթբետոնէ ամրոցը վերջնականապէս պնդացաւ մեր անկախութեան առաջին տասնամեակում: Պատերի ներսում Համակարգն է՝ հիմնականում փոխառուած խորհրդային անցեալից՝ իհարկէ, գաղափարական վեկտորի (արեւելումի-Խմբ.) փոփոխութեամբ՝ ծայրայեղ ձախից (կոմունիստական) ծայրայեղ աջ (ոչ ճիշտ ընկալուած նէօլիբերալ (նոր-ազատական-Խմբ.)):
Կաֆկայական ամրոցի ներքին կառուցուածքին մենք դեռ կը վերադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք այն քաղաքական ուժերն ու ֆիգուրները, որոնք մնացին պատից այն կողմ՝ հասարակութեան ծոցում: Նրանցից շատերն այնքան թոյլ էին ու աննշան, որ սկզբում պարզապէս իշխանութեան ուշադրութիւնը չէին գրաւում: Նրանք աղմկում էին եւ այսօր էլ աղմկում են՝ ժամանակ առ ժամանակ հռչակելով ճիշդ ու խիզախ կարծիքներ եւ մօտեցումներ՝ շատ յաճախ կրկնօրինակելով աշխարհին յայտնի գաղափարական սխեմաները եւ առաջարկելով գործնական լուծումներ, որոնք իրենք ի վիճակի չեն իրագործել: Այդօրինակ փոքր կազմակերպութիւնները, որ ծնունդ առան վերակառուցման տարիներին եւ յետվերակառուցման կամայականութիւնների պայմաններում, բնաւորութեամբ շատ նեարդային, կասկածամիտ, խանդոտ եւ ինքնահաւան առաջնորդներով, հասարակութեան ուշադրութիւնը շեղեցին իրական այլընտրանքներից եւ իշխանութեանը յուշեցին մի շատ վնասատու գաղափար, որը մենք կը քննարկենք մեր յօդուածաշարի յաջորդ մասում:
Համակարգից դուրս գործող նմանօրինակ ոչ մեծ խմբերից բացի, 20-21րդ դարերի սահմանագծին առանձնանում էին երկու ուժեղ եւ ազդեցիկ քաղաքական կուսակցութիւններ՝ ձախ Դաշնակցութիւնը եւ աջ Ազգային ժողովրդավարական միութիւնը: Դրանք բաւականին արդիւնաւէտ մրցակցում եւ համագործակցում էին միմեանց հետ՝ չնայած լիովին տարբեր ծագումներին: Դրանց միաւորում էր այն, որ երկու կուսակցութիւնում էլ գերակշռում էին իդէալիստները: Այնպէս չէ, որ հանրապետականների շրջանում իդէալիստներ չկային, ընդհակառակը՝ 90ականների սկզբին Աշոտ Նաւասարդեանի կերպարը՝ որպէս մարդու, ով յանուն իր գաղափարների ընդունակ է տառապելու, խորհրդանշական էր: Սակայն, վերջ ի վերջոյ, Հանրապետական կուսակցութիւնում գերակշռեցին, այսպէս կոչուած՝ «պրագմատիկները» (գործնապաշտները-Խմբ.) եւ կուսակցութեան ներսում նրանց «յաղթանակի» արդիւնքները թէ՛ նրանց կուսակցութիւնը, թէ՛ ամբողջ հանրութիւնը դեռ երկար ժամանակ չեն կարողանայ մարսել…
ՀՅԴում եւ ԱԺՄում ամէն ինչ այլ կերպ էր, սակայն այդ կուսակցութիւններն էլ 2000ականների սկզբին հասկացան՝ իշխանութեան անխոցելի ամրութիւնների վրայ հեծելազօրային ինքնասպան, անմիտ գրոհների ժամանակներն անցել են: Հարկաւոր է նոր ռազմավարութիւն: Այդ կուսակցութիւնները, հաւանօրէն միմեանցից անկախ, որոշեցին իշխանութեան բնոյթը փոխել ներսից: Նշանակում է՝ անհրաժեշտ էր ներթափանցել կաֆկայական ամրոց: Սակայն այդ կուսակցութիւնները տարբեր մարտավարութիւն ընտրեցին՝ իւրաքանչիւրն իրեն բնորոշ: Իշխանութիւնների հետ փոխգործակցութեան նոր մոդելի որոնումն էլ ընթանում էր տարբեր ձեւով:
ԱԺՄի՝ իշխանութիւնը գրոհելու, յետոյ՝ ամբողջ կուսակցութեամբ իշխանութեան մէջ մտնելու փորձերը յաջողութեամբ չպսակուեցին, աւելին՝ երկարատեւ պայքարի լարուածութիւնը եւ սթրեսները քայքայեցին այն: Երիտասարդ, աւելի շատ համախոհների ակումբ յիշեցնող, կազմակերպական առումով չձեւաւորուած կուսակցութիւնը՝ ղեկավարութեան մէջ մի քանի ոչ սովորական, յաւակնոտ անձնաւորութիւններով, բոլորովին վերջերս ընձիւղուած տէրպետրոսեանական ՀՀՇից, պարզապէս կազմալուծուեց (կամ գիտակցաբար բաժանուեց) մի քանի խմբերի՝ նման անուններով, նմանօրինակ քաղաքական հայեցակարգերով, սակայն տարբեր բնաւորութեամբ առաջնորդներով: Այդ խմբերից իւրաքանչիւրը, իսկ աւելի յաճախ պարզապէս ԱԺՄական առանձին ղեկավարներ կամ ակտիւիստներ մտան իշխանութեան մէջ իրենց ճանապարհով՝ ոմանք պտուտաձեւ ու երկար, ոմանք՝ անմիջապէս: Դա, եթէ կարելի է այսպէս անուանել, «ատոմացուած» ինտեգրում (համախմբում-Խմբ.) էր: ԱԺՄ նախկին առաջնորդները դարձան փոխնախարարներ, տարբեր ոլորտների խոշորագոյն վարչութիւնների ղեկավարներ՝ ոմանք նախագահականում, վերահսկիչ մարմիններում, ոմանք ԱԳՆում, ոմանք Կենտրոնական բանկում, որպէսզի յետոյ հասունանան վարչապետի պաշտօնի համար, իսկ ոմանք բաւարարուեցին Հանրային պալատով՝ նախագահի ականջներին մօտ լինելու հնարաւորութեամբ: Արդեօ՞ք դա ներթափանցելու եւ ազդեցութիւն ունենալու մտածուած մարտավարութիւն էր, թէ՞ պարզապէս այդպէս ստացուեց՝ ապագայ սերունդները հնարաւոր է իմանան Վազգէն Մանուկեանի եւ նրա նախկին համախոհների յուշերից: Ինչ էլ լինի, տասնամեայ ջանքերի արդիւնքը բաւականին հակասական է՝ իրենց ու իրենց գաղափարները ԱԺՄականները իշխանութեանը հասցրեցին, սակայն իրականացնել չկարողացան: Նրանց կարելի է համեմատել ատլետների հետ, որոնց յանձնարարուած էր օլիմպիական կրակն անցկացնել արգելափակոցներով. նրանք ջահը առանձին մարխերի բաժանեցին՝ աննկատ անցնելու համար: Արգելափակոցները նրանք յաջողութեամբ յաղթահարեցին, սակայն մարխերը քամին մարեց:
Ի տարբերութիւն ԱԺՄի իրենց գործընկեր-հակառակորդների, աւելի դիմացկուն, երկարատեւ, ուժասպառ անող պայքարի սովոր դաշնակցականներն այլ մարտավարութիւն կիրառեցին. նրանք գնացին ինչպէս կարող էին՝ ոչ թէ գաղտագողի, այլ կուսակցական ամբողջ փաղանգով՝ մարտական կանոններով: Կոալիցիա կազմեցին Հանրապետական կուսակցութեան հետ, կնքեցին կոալիցիոն յուշագիրը, զբաղեցրին նախարարական եւ խորհրդարանական պաշտօններ, մի խօսքով՝ մտան կաֆկայական ամրոց՝ ոչ թէ անհատապէս, այլ միասին, սեփական դրօշներով: Եւ ի՞նչ տեսան այնտեղ՝ ամրոցի ներսում. ճշգրիտ գծագրուած արահետներ ու միջանցքներ հետաքրքրութիւնների ոլորտներով սահմանափակուած ֆինանսական ու ցեղախմբային միաւորումների միջեւ: Պետական շահերի ոլորտն առանձնապէս ոչ մէկի կողմից չի պաշտպանւում, կարելի է նաեւ անթաքոյց մի կտոր «կսմթել»: Սակայն մասնաւոր եւ խմբակային շահերի դէպքում հարկաւոր է զգուշաւորութիւն ցուցաբերել՝ քայլ դէպի աջ, քայլ դէպի ձախ, եւ քեզ ճիշտ չեն հասկանայ, գողական կանոնները կը խախտես:
Շատ արագ դաշնակցականները հասկացան, որ իշխանութիւնը ներսից փոխելու գունագեղ յոյսերն այնքան էլ արդարացուած չեն: Իհարկէ, ինքնին հարցադրումը որեւէ անհնար բան չէր ենթադրում: Պատմութիւնը տալիս է իշխանութեան՝ դրա մէջ թափանցած բարեփոխիչ ուժերի եւ անձերի ազդեցութեան տակ վերափոխուելու օրինակներ: Այդ մասին բաւականին համոզիչ վկայում են պիրենէեան եւ լատինաամերիկեան պետութիւնների օրինակները: Սակայն էվոլիւցիոն բնոյթի ձեւափոխութիւնները բաւականին դանդաղ են կատարւում եւ պահանջում են նուիրուած բարեփոխիչների կրիտիկական զանգուածի առկայութիւն, գոնէ՝ որ զբաղեցնեն մի քանի կարեւոր պաշտօններ եւ ունենան կարեւորագոյն որոշումներ կայացնելու գործընթացի վրայ ազդելու մեխանիզմներ: Դա դաշնակցականները չկարողացան ապահովել. յենարան չունէին: Այդ պատճառով նրանց՝ իշխանութեան կազմում յայտնուելը ո՛չ հասարակութեանը, ո՛չ հէնց դաշնակցականներին սպասուած արդիւնքները չտուեց, աւելին՝ հասարակութեան շրջանում, նաեւ կուսակցութեան ներսում հիասթափութիւն առաջացրեց: (Նոյնիսկ հիմա՝ տարիներ անց, դա դեռեւս նկատելի է: Դրա մասին են վկայում իմ յօդուածների վերաբերեալ հիստերիկ մեկնաբանութիւնները, որոնց հեղինակների հոգեբանական վիճակին խոստանում եմ առանձին յօդուածով անդրադառնալ):
Իհարկէ, 2000ականներին բարեփոխումներ իրականացուեցին, եւ Դաշնակցականների դերը դրանցում զգալի էր, սակայն ո՛չ բարեփոխումները, ո՛չ Դաշնակցութեան ազդեցութիւնը, դրանց արդիւնաւէտութեան առումով, այնքան էլ ակնառու չեղան հասարակութեան համար, որպէսզի երկիրը դուրս բերէին լճացումից եւ Դաշնակցութեանը ապահովէին նոր լծակներով որոշումների կայացման գործընթացի վրայ ազդելու, իշխանութեան մէջ կուսակցութեան դիրքերը ուժեղացնելու եւ հասարակութեան շրջանում հեղինակութիւնը մեծացնելու համար: Իհարկէ, հարկաւոր է հաշուի առնել, որ իր ցանկացած գործընկերոջ իշխանութիւնը պատրաստ է տրամադրել միայն շատ սահմանափակ իրաւունքներ: Գիտէ՞ք՝ ինչպէս են ձեւակերպւում Անգլիայի թագուհու լիազօրութիւնները. նա իրաւունք ունի խորհրդատուութեան, նախազգուշացնելու եւ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ տալու: Ոչ մի այլ իրաւունք: Մօտաւորապէս նոյն դերը, չնայած որեւէ կոալիցիոն համաձայնագրի, նախատեսուած էր (եւ այսօր էլ նախատեսւում է) ցանկացած գործընկերոջ համար՝ կոշտ նախագահական կառավարման պայմաններում: Դրա հետ դաշնակցականները չցանկացան հաշտուել: Նրանք սկսեցին ամրոցի ներսում սեփական ամրոցը պատնեշել, որպէսզի գոնէ պահպանեն ինքնուրոյնութիւնը, որոշակի հեռաւորութիւն պահեն երկրում իրականացուող անօրինակութիւններից եւ չդառնան բիւրոկրատական ապարատի կցորդը, ինչպէս եղաւ ուրիշների դէպքում: Թէեւ, ըստ երեւոյթին, նաեւ մեր կուսակցութեան մէջ կային այնպիսիք, որ նախընտրեցին՝ «Շանը շան կողքին կապես՝ կա՛մ կծել կը սովորի, կա՛մ հաչել» ձեւակերպումը:
Սակայն, այդուհանդերձ, երբ երկարատեւ դիրքային պայքարից յետոյ 21րդ դարի առաջին տասնամեակի վերջին վերջնականապէս պարզ դարձաւ, որ Դաշնակցութեան ազդեցութիւնը պետական կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացում անընդհատ նուազում է, կուսակցութիւնը ուժ գտաւ՝ նահանջի որոշում կայացնելու: Կաֆկայական ամրոցը դաշնակցականները լքում էին այնպէս, ինչպէս մտել էին՝ շարքով եւ մարտական դրօշների տակ: Սակայն նրանց կորուստները ծանր էին: Յաջորդ իսկ խորհրդարանական ընտրութիւններում (2012թ. Մայիսի 6) Դաշնակցութիւնը բարձր գին վճարեց:
Ընտրազանգուածը՝ մի քանի անգամ գիտակից քաղաքացիներին գերազանցող, ընդդիմադիր յոյսերին ու հեռանկարներին նախընտրեց ոչ մեծ, բայց բաւականին շօշափելի փողը: Դրա մասին շատ է գրուել: Դաշնակցութեան կազմակերպչական ուժը, որը հիմնւում է ստորին կառոյցների կարգապահութեան եւ հաւատարմութեան վրայ, խաթարուեց իշխանութեան հետ համագործակցութեան պատճառով:
Իսկ իշխանութիւնը դաշնակցականներից վրէժ լուծեց Հայաստանում եւ Սփիւռքում բողոքի ալիք բարձրացրած հայ-թուրքական արձանագրութիւնների «նախաձեռնողական» դիւանագիտութեանը կատաղի դիմադրելու եւ ներիշխանական կանոններին չենթարկուելու համար: Սակայն դաշնակցականներն իրենց ճկուն եւ ամուր կառուցուածքով ու ժամանակին չենթարկուող աւանդոյթներով, ինչպէս միշտ, կանգուն կը մնան:
Իսկ ի՞նչ եղաւ միւս կուսակցութիւնների հետ՝ երբեմնի մարդաշատ, ակտիւ, խոստումնալից: Դրանց մասին յաջորդ յօդուածում:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles