Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Իրավիճակի Կտրուկ Փոփոխութիւն. Նիկոլ Փաշինեանն՝ Ընդդէմ Նիկոլ Փաշինեանի

$
0
0

 

0000PASHINIAN1

ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ

 

Նիկոլ Փաշինեանն իր վերջին հանրահաւաքն անցկացրել է մէկ տարի առաջ՝ անցած տարուայ Օգոստոսի 17ին, երբ արդէն վարչապետ էր ու Հանրապետութեան հրապարակում ամփոփում էր իր պաշտօնավարման 100 օրը:

Փաշինեանի ելոյթի նոյնիսկ հպանցիկ վերընթերցումը յանգեցնում է տպաւորութեան, որ վարչապետի անցած տարուայ խոստումները հիմնականում մնացել են անկատար կամ Փաշինեանի կողմից արուել են պնդումներ, որոնք, մեղմ ասած, հեռու են իրականութիւնից:

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացայայտելու ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին, եւ մենք հերթով բացայայտում ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի (զեղծարարութեան-Խմբ.) դէմ պայքարում մեր կարեւորագոյն խնդիրը ոչ թէ բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացուած գումարները լումայ առ լումայ ժողովրդին եւ պետութեանը վերադարձնելը», մէկ տարի առաջ ասել է Նիկոլ Փաշինեանը:

Անցած մէկ տարում հակակոռուպցիոն դատավճիռներ չեն կայացուել, նախկին համակարգի նշանային դէմքերը՝ բացառութեամբ Ռոբերտ Քոչարեանի, ազատութեան մէջ են ու հանգիստ վայելում են թալանածը՝ որոշ դէպքերում բացայայտ կամ քօղարկուած համագործակցութեան մէջ մտնելով նոր իշխանութիւնների հետ: Օրինակ՝ Իշխան Զաքարեանն շարունակում է մնալ Համահայկական խաղերի կազմակերպիչ ու բազմաթիւ անգամներ նրա գործութիւնէութիւնը լեգիտիմացուել (օրինականացած-Խմբ.)  է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու փոխվարչապետ Տիգրան Աւինեանի կողմից: Երէկ, օրինակ, Ռոբերտ Քոչարեան-Սերժ Սարգսեանի զոյգի «աչքի լոյս» Իշխան Զաքարեանը, Փաշինեանի ու Աւինեանի ընկերակցութեամբ, հանդիսաւորապէս մասնակցում էր Համահայկական խաղերի փակման միջոցառմանը:

Նիկոլ Փաշինեանի կողմից «դարի կաշառակեր» հռչակուած բնապահպանութեան նախկին նախարար Արամ Յարութիւնեանը, որը մեղադրւում է 14 միլիոն կաշառք ստանալու մէջ, «ապահով» թաքնւում է իրաւապահներից:

Ստացւում է՝ հակակոռուպցիոն ամենաաղմկոտ բացայայտումը Մանուէլ Գրիգորեանի «տուշոնկաներն» (պահածոյ միս-Խմբ.) են:

Իհարկէ, շատերը հիմա կարող են ասել, որ խնդիրը դատական իշխանութիւնն է, որը՝ հանդիսանալով քրէաօլիգարխիկ համակարգի կցորդ, էապէս խոչընդոտում է անցեալում կատարուած յանցագործութիւնների բացայայտմանը ու պետութեան արդիականացման գործընթացին: Իհարկէ, դա այդպէս է, սակայն այդ հարցը բոլորիցս շատ արդէն մէկ տարի առաջ գիտակցել է Նիկոլ Փաշինեանը: Անցեալ տարուայ պատմական հանրահաւաքում նա ասել է. «…իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրուայ վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատութեան մարմիններ ստեղծելու վերաբերեալ, որովհետեւ անցումային արդարադատութեան մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիւ կոռումպացուած դէմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական յեղափոխութեանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրէնսդրութեան մէջ կան բազմաթիւ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրէնքն ուժի մէջ է մտել 2017թ. Յունիսի 1ից, երբ ֆորմալ առումով 2017ի Յունիսի 1ից առաջ թալանուածը վերադարձնելու առումով կարող են բարդութիւններ ծագել»:

Մէկ տարում բացարձակապէս ոչինչ չի փոխուել. կառավարութեան յանցաւոր անգործութեան համատեքստում դատական իշխանութիւնը բացայայտ մարտահրաւէր նետեց յեղափոխութեան օրակարգին, իսկ կառավարութիւնն՝ իր էմոցիոնալ (զգացական-Խմբ.) ու չմտածուած քայլերով, հայեցակարգային լուծումների բացակայութեան հետեւանքով, ըստ էութեան, տապալել է վեթինգի (ստուգման-Խմբ.) իրականացումն ու անցումային արդարադատութեան գործիքների ներդրման գործընթացը, Սահմանադրական Դատարանի շուրջ ճգնաժամը յայտնուել է փակուղում: Աւելին՝ կառավարութեան պրոֆեսիոնալիզմի (մասնագէտ մօտեցումի-Խմբ.) բացակայութիւնն ու թափթփուածութիւնը յանգեցրել են նրան, որ Մարտի 1ի գործը յայտնուել է ապալեգիտիմացման (անօրինա-կանացման-Խմբ.) վտանգի առաջ:

Սակայն Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմի «աքիլլեսեան գարշապարը» շարունակում է մնալ արտաքին քաղաքականութիւնը: Երբեմն այնպիսի տպաւորութիւն է, որ իշխանութեան վերնախաւում չկայ մէկը, որը խորքային պատկերացում ունենայ արտաքին քաղաքականութեան մասին: «…եւ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն վատ չեն, այլեւ, ի հեճուկս հանրապետականների եւ նրանց սատելիտների (արբանեակներու-Խմբ.), հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են եւ գնալով աւելի ու աւելի լաւանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերանսներ (մեծարանքներ-Խմբ.) չեն լինելու, եւ մեր քաղաքականութիւնը, մեր նպատակներից մէկը հայ-ռուսական բարեկամութիւնը խորացնելն է եւ հայ-ռուսական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական յարաբերութիւնները կը բարձրանան նոր մակարդակի, եւ այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց յետոյ դուք՝ բոլորդ, կ՛իմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադէպ է երրորդ հանրապետութեան եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մեր նորանկախ պատմութեան մէջ: Դա լինելու է մի համագործակցութիւն, որը նախադէպ չի ունեցել, եւ դա լինելու է կոնկրետ (յստակ-Խմբ.) ապացոյցը, որ մենք հետեւողականօրէն, այո, գնում ենք մեր յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ», մէկ տարի առաջ հանրահաւաքում յայտարարել է Նիկոլ Փաշինեանը:

Վարչապետի նշած «աննախադէպ» նախագիծը Սիրիա, այսպէս կոչուած, հումանիտար առաքելութիւն ուղարկելն է, որին, ի դէպ, հակադրուել էր նոյնիսկ Սերժ Սարգսեանը, սակայն համաձայնեց Նիկոլ Փաշինեանը՝ Պուտինին սիրաշահելու նպատակով: Այդ «աննախադէպ» քայլով Փաշինեանն, իհարկէ, չվերականգնեց Պուտինի վստահութիւնը, սակայն հայ-ամերիկեան յարաբերութիւնները, ըստ էութեան, յայտնուեցին ճգնաժամում: Հայ-ռուսական յարաբերութիւնները Երրորդ հանրապետութեան պատմութեան տարիներին երբեք այսքան ճգնաժամային չեն եղել. Մոսկուան ոչ միայն բացայայտօրէն սատարում է Ռոբերտ Քոչարեանին ու ապաստան է տուել Մարտի 1ի գործով երկու կարեւոր ֆիգուրանտներին (անխօս դերակատարներու-Խմբ.), այլ երէկ բացայայտ ապտակ հասցրեց Երեւանին՝ հրաժարուելով արտայանձնել կրիմինալ (քրէական-Խմբ.) հակումներ ունեցող գեներալ Միհրան Պօղոսեանին:

Սակայն, որ աւելի վատ է՝ անցած մէկ տարում արմատապէս փոխուել են իշխանութեան արժեհամակարգն ու պատկերացումները: Եթէ մէկ տարի առաջ Փաշինեանը հանրահաւաքում խօսում էր ուղղակի ժողովրդավարութեան, Ագորրայի մասին, ապա հիմա Ամուլսարի խնդրով հրաժարւում է անգամ Ջերմուկ մեկնել՝ վաղն իր նստավայրում սպասելով քաղաքի ղեկավարներին:

Իրավիճակի կտրուկ փոփոխութիւն է, երբ Նիկոլ Փաշինեանը հակադրւում է Նիկոլ Փաշինեանին: Եւ սա տեղի ունեցաւ ընդամէնը մէկ տարում…

 

«ԱՌԱՋԻՆ

ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles