ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանի ելոյթը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքի ժամանակ:
Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջութեամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Ուղիղ մէկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկաւ՝ պայքարելու իր իրաւունքների, արժանապատուութեան, արդար, ապահով ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք: Նրա հետ էինք, որովհետեւ համոզուած էինք, որ արդար է փոփոխութեան պահանջը: Մենք ինքներս էինք քննադատում երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխութիւնների խնդիր դնում:
Իշխանութիւններն ունէին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի եւ մեզանից իւրաքանչիւրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապէս յեղափոխական փոփոխութիւններ:
Ի՞նչ ունենք այսօր…
Ընկերներս խօսեցին մեր հանրային կեանքում առկայ մի շարք տագնապեցնող երեւոյթների մասին, որոնք դրդել են մեզ հրաւիրել այս հանրահաւաքը: Ես կ՛անդրադառնամ երկրում առկայ եւ օրէցօր անտանելի դարձող՝ ատելութեան եւ թշնամանքի մթնոլորտին:
Սոցիալական պետութիւնը, սէրն ու համերաշխութիւնն իբրեւ իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնները բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել: Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետուեց սեւերի եւ սպիտակների կարճամիտ պիտակաւորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսութեանը: Սակայն ժամանակը ցոյց տուեց, որ սա ուղղորդուող վարքագիծ է, որը շարունակեց ունենալ իր մերժելի եւ դատապարտելի դրսեւորումները` փողոցային արդարադատութիւն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրեւ սողուններ ու բորենիներ անուանարկուող հակայեղափոխականներ: Եւ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դաւադիրներ փնտրելու ագրեսիւ մոլուցքն ընդհուպ հասաւ Արցախ:
Սիրելի՛ երիտասարդ քաղաքական «գործիչներ», միթէ՞ դժուար է հասկանալ, գիտակցել, որ իւրաքանչիւր պետութեան ռազմավարական ռեսուրսներից մէկն էլ տուեալ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտն է, միթէ՞ դժուար է հասկանալ, որ բաժանարարներով ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխութիւնը, դուք թուլացնում ու խոցելի էք դարձնում նրա ոգին, մարտունակութիւնը: Ժողովուրդը ձեզանից այլ սպասում եւ ակնկալիք ունէր՝ մենք ունէինք ռէալ եւ անթիւ խնդիրներ եւ ձեզանից տեսանելի, շոշոփելի լուծումներ էինք ակնկալում:
Աւաղ, կոնցեպտուալ, հայեցակարգային լուծումներ չկան որեւէ ոլորտում, նաեւ չկայ այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձեւակերպել ու լուծել դրանք: Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որեւէ քննադատութիւն, առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր: Ձեր հակազդեցութիւնն այնքան բիրտ է ու փողոցային, արդեօ՞ք այսպիսին էր ժողովրդավարութեան ձեր աղճատուած պատկերացումը:
Անհերքելի է՝ ԲՌՆՈՒԹԵԱՆ եւ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ ԲՌՆՈՒԹԵԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԾՆՈՒՄ: Եւ սա պատահական չէ? երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թեւեր կտրելու, ծնօտ ջարդելու, ասֆալտին փռելու եւ այլ՝ նման յայտարարութիւններ, դրանք դառնում են վարքագիծ ու նորմ: Սա ցածր իրաւագիտակցութիւն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է, իսկ դուք պարտաւոր էիք ՔԱՂԱՔԱՑԻ ձեւաւորել:
Միթէ՞ ձեզ թւում է, որ հակայեղափոխականների եւ սեւերի թիրախմամբ ու արհեստական հակադրութեամբ կարող էք հանրութեանը շեղել իրական խնդիրները տեսնելուց: Ոչ, իհարկէ:
Ակնյայտ է կազմակերպուած արշաւը ազգային, աւանդական, հոգեւոր արժէքների վրայ: Ի՞նչ կատարուեց մշակոյթի ոլորտում` ոչինչ, եւ աւելի վատ՝ արկածախնդիր ու չկշռադատուած քաղաքականութեամբ ահա մէկ տարի է՝ կաթուածահար է ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնութեանը սպասարկող հիմնական կառոյցներից մէկը:
Միթէ՞ չէք տեսնում, որ չսպասարկուող ակնկալիքները հիասթափութեան դռներն են բացում:
Դաշնակցութեան քաղաքական ինքնութիւնը յստակ է՝ ՄԵՐԸ ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, մենք բարդոյթներ չունենք, մենք պարտաւոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է ցնցումների, արկածախնդրութեան, կորուստների ճանապարհով:
Ձեզ ոչ ոք չի տուել այդ իրաւունքը: Լրջացէ՛ք: