Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«2016ին Վիեննայի Եւ Ս. Փեթերսպուրկի Մէջ Ձեռք Բերուած Պայմանաւորուածութիւնները Պէտք Է Կեանքի Կոչուին». Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւն

$
0
0

 

ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի արտաքին գորոց նախարարութիւնը տարածեց յայտարարութիւն մը Արցախի, Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ կնքուած հրադադարի մասին համաձայնագիրի 25ամեակին առիթով: Սոյն յայտարարութեան մէջ կը նշուի հետեւեալը.

«2019թ. Մայիսի 12ին լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադարարի ռեժիմի հաստատման 25ամեակը: 1994թ. Մայիսի 5ին Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջեւ ստորագրուած Բիշքեկեան արձանագրութիւնը ճանապարհ հարթեց ռազմական գործողութիւնների դադարեցման եւ դրան յաջորդած 1994 եւ 1995թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

Հրադադարի հաստատման 25ամեակի կապակցութեամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտութիւնն ենք վերահաստատում միջնորդների, յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան ջանքերի համար, որը կարեւորագոյն դեր ունեցաւ այս համաձայնագրերի կնքման գործում: Յետագայում այդ համաձայնագրերը եւ դրանց նշանակութիւնը գնահատուեցին եւ հաւանութեան արժանացան միջազգային հանրութեան կողմից, մասնաւորապէս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտեան գագաթաժողովում:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողութիւնը պաշտպանելու եւ հակազդելու Ադրբեջանի կողմից աւերիչ ագրեսիային ու 1990ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակութեան ամուր հիմքեր եւ ազատօրէն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը՝ ուղղուած ինքնորոշման իրաւունքի լիարժէքօրէն իրացմանը: Հայաստանը եղել եւ մնում է Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ մասնաւորապէս 2016թ. Ապրիլին Արցախի դէմ ագրեսիայի լոյսի ներքոյ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վաւեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդէմ ուժի կիրառման եւ ռազմական գործողութիւնների վերսկսման, որը աղէտալի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ. Մայիսի 16ի համատեղ յայտարարութեան մէջ վերահաստատեցին իրենց աջակցութիւնը 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրերին եւ պնդեցին դրանք յարգելու կարեւորութեան վրայ:

Հայաստանը շարունակում է հաւատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին եւ ոգուն: Աւելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպէս հիմնասիւն՝ ուժի կիրառումը մերժելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնօրէն ճանաչուած միջնորդութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը յարգելու մասին 2018թ. Սեպտեմբերին Դուշանբէում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները մատնանշում են քաղաքական կամքի կարեւորութիւնը զինադադարը պահպանելու եւ էսկալացիայի ռիսկը (մագլցումներու վտանգը-Խմբ.) նուազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրուել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը, որոնց արդիւնքում ծանր վիրաւորուել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի երկու եւ Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի մէկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում եւ սահմանին: Այս ցաւալի միջադէպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին եւ դրա ամրապնդմանը հաւատարիմ մնալու կարեւորութիւնը: Յատուկ միջոցները, մասնաւորապէս 2016 թուականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, պէտք է կեանքի կոչուեն:

Հրադադարի ռեժիմի հաստատման 25ամեակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձեւաչափի իսկութեան եւ կենսունակութեան, ինչպէս նաեւ հակամարտութեան տեւական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժէք ներգրաւուածութեան անհրաժեշտութեան մասին:

Այս տարեդարձը նաեւ խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց յանձնառութիւնը հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ: Հայաստանը շարունակում է լիովին հաւատարիմ մնալ տեւական խաղաղութեանը, ինչը բազմիցս վերահաստատուել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, այդ թւում նաեւ 2019թ. Մարտի 29ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles