ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
2018 թուականը հարուստ է պատմական նշանակալից իրադարձութիւնների տարելիցներով, ինչպէս՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակ, Սարդարապատի ճակատամարտի 100ամեակ, մայրաքաղաք Երեւանի 2800ամեակ եւ ուրիշներ: Այս տարուայ Փետրուար-Մարտ ամիսներին տեղի ունեցած համաժողովրդական շարժումը եկաւ կլանելու մեր ուշադրութեան մեծ մասը եւ մասամբ ստուերելու այլ դէպքեր եւ դէմքեր:
Բոլոր վերոյիշեալ իրադարձութիւնների եւ ընդհանրապէս Հայաստանի եւ հայ ազգի վերազարթօնքի ու յեղափոխական մարտնչումների մշտական ուղեկիցն է մեր անցեալն իր մեծ ու փոքր դերակատարներով, թռիչքներով ու անկումներով:
Շատ են այն դէմքերը եւ անհնար է թուարկել բոլորին, որոնք իրենց ներդրումն ունեն մեր պայքարների ոսկէ շղթայում, իսկ միայն մի քանիսին յիշելը՝ անարդար: Տարելիցներն առիթ են, որ մենք ընդհանուրից առանձնացնենք այս կամ այն դէմքին եւ արժանին մատուցենք նրան:
19րդ դարասկզբին հայութիւնը ծնունդ տուեց մի զաւակի, որ ի տես հայ ժողովրդի դժնդակ եւ յուսահատ կացութեան, խորասոյզ եղաւ մեր պատմութեան մէջ, այնտեղ գտնելով ուժ, փառք, հերոսականութիւն, եւ այս բոլորը ստեղծագործական մեծ տաղանդով ներկայացրեց սերունդներին: Րաֆֆին է այդ առանձնացող դէմքը, որն իր գրական ու հրապարակախօսական գործերով եւ գեղարուեստական խօսքի ուժով, շատ աւելին արեց, քան քարոզը եւ այլ միջոցներ:
Նա կայծեր ցրեց ու բորբոքեց իր պատմավէպերով՝ «Սամուէլ», «Դաւիթ Բէկ», «Ջալալեդդին», «Խենթը» եւ ուրիշներ, սերունդներ խրախուսեց իր ներշնչուածութեամբ եւ այդ կայծերից ծնուեց այն հրաշամանուկը, որ հայկական յեղափոխութիւն է կոչւում: Րաֆֆին քայլեց յեղափոխականների շարքերի հետ. Իր մահից հարիւր տարի անց, 1988թ. հայ ազատագրական պայքարի հորիզոնը մէկ անգամ եւս շառագունեց նրա ցանած կայծերից բռնկուած հրդեհով:
Սկիզբ առաւ Արցախեան ազատագրական շարժումը: Գիտակցում ենք թէ ոչ, բայց այսօրուայ իրականացուող յեղափոխութիւնն իր մէջ Րաֆֆիից եկող արձագանգն ունի, նրա հնչեցրած զանգերի ղողանջը, եւ արդար է յիշել այդ անունն առանձին գորովանքով եւ երախտագիտութեամբ՝ իր մահուան 130ամեակի առթիւ:
Կարճ ապրեց 1835թ., Պարսկաստանի Սալմաստ գաւառի Փայաջուկ գիւղում, հարուստ ազնուական Մելիք Միրզայի ընտանիքում ծնուած այս մեծ հայը, Յակոբ Մելիք Յակոբեանը, ընդամէնը 53 տարի, մահացաւ 1888թ., բայց թողեց գրական հարուստ ժառանգութիւն, իր մնայուն տեղը գրաւելով հայ գրականութեան պատմութեան մէջ եւ ժողովրդի սրտում: Նա հաւատաց, որ ազգային ազատագրական պայքարն անընդմէջ պէտք է լինի. այդպէս ենք հաւատում նաեւ մենք՝ Րաֆֆիի հետնորդներս: Այդ պայքարը դեռ երկար ճանապարհ ունի անցնելիք, եւ այսօր, վաղը եւ ընդմիշտ, այդ ուղիով ընթացող ապագայի ճանապարհորդ սերունդների մշտական ուղեկիցը պիտի լինի Րաֆֆին:
Պատանեկութեան թէ երիտասարդ տարիներին, թէ հետագայում, երբ թեքուել ենք նրա գրուածքներին, Րաֆֆին ոգեշնչել է մեզ, թեւաւորել է մեր միտքն ու հոգին:
Շատ աւելին պիտի լինեն մեր այսօրուայ յաջողութիւնները մարտի դաշտում թէ այլուր, եթէ Րաֆֆիի նման գրական դէմքեր ուղեկցեն մեզ, որպէսզի միտքն ու հոգին քայլեն թեւանցուկ:
Յաջողութիւններ ենք գրանցում արուեստի զանազան ոլորտներում, սակայն գրականութիւնը, որ սնուցողն է արուեստի գրեթէ բոլոր ճիւղերի, մեծաւ մասամբ լռում է: Կը գայ նաեւ գրականութեան ժամանակը, իսկ այսօր սիրոյ եւ երախտագիտութեան մեր խօսքը, իր մահուան 130ամեակի առթիւ, թող որ նրա շիրիմին մատուցուած ծաղկեփունջ լինի: