ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Մամուլում արդէն հաղորդուել էր, որ Սեպտեմբերի 28ին Դուշանբէում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել կարճատեւ երկխօսութիւն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Կողմերը յայտնել են իրենց հաւատարմութիւնը լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ միջադէպերի կանխարգելման եւ կողմերի շփման գծում, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին լարուածութեան նուազեցման նպատակով:
Նրանք որոշել են նաեւ մշակել մեխանիզմներ՝ ուղղուած կողմերի միջեւ օպերատիւ կապ հաստատելուն՝ տեղեկատուութեան օպերատիւ փոխանակման համար:
Եթէ անկեղծ լինենք՝ այս նորութիւնը մեկնաբանելու առանձնայատուկ ցանկութիւն չկար: Պատճառը պարզ է՝ թերահաւատութիւնը, քանի որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ժամանակակից փուլի ընթացքում ոչ քիչ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել՝ ինչպէս գրաւոր, այնպէս էլ բանաւոր, դրանք, սակայն, անփոփոխ կերպով խախտւում էին Ադրբեջանի կողմից: Կարելի է բազում օրինակներ բերել, երբ պաշտօնական Բաքուն յետ էր քաշւում արդէն համաձայնեցուած որոշումներից, բայց սահմանափակուենք առաւել նշանակալի, այսպէս ասած, դարակազմիկ դեր ունեցող դէպքերով: Նշենք նոյն՝ 1994թ. կրակի դադարեցման մասին գրաւոր համաձայնագիրը, որն Ադրբեջանը մշտապէս խախտում է, ինչի գագաթնակէտը դարձաւ 2016թ. ապրիլեան քառօրեայ պատերազմը: Կարելի է յիշել նաեւ ամերիկեան Քի Վեսթը եւ ռուսաստանեան Կազանը, որտեղ համապատասխանաբար ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հովանու ներքոյ 1999 եւ 2011թթ. անցան բանակցութիւններ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով: Քի Վեսթում կողմերը չափազանց մօտ էին հակամարտութեան կարգաւորմանը, սակայն համաձայնագրի կնքումը տապալուեց, քանի որ Ադրբեջանի այն ժամանակուայ նախագահ Հէյդար Ալիեւը, Բաքու վերադառնալով, հրաժարուեց նրանից: Իսկ Կազանում արդէն նրա որդի Իլհամը, որպէս նախագահ, ամենավերջին պահին հրաժարուեց ստորագրել համաձայնեցուած փաստաթուղթը՝ առաջ քաշելով մօտ տասը յաւելեալ պայմաններ, որոնց շուրջ նախկինում պայմանաւորուածութիւններ չկային, եւ իր հօր օրինակով դարձեալ տապալեց նրա ընդունումը: Ոչ վաղ անցեալից նշենք Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլեան պատերազմից յետոյ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերուած համաձայնութիւնների արգելափակումը:
Պատմական այս էքսկուրսը (պտոյտը-Խմբ.) պատահական չէր: Բանն այն է, որ Փաշինեանի եւ Ալիեւի՝ վերը յիշատակուած բանաւոր պայմանաւորուածութիւնը ոչ միանշանակ գնահատականների է արժանացել ինչպէս հայկական եւ ադրբեջանական, այնպէս էլ արտասահմանեան փորձագէտների կողմից՝ բացասականից մինչեւ դրական, սակայն դրանց արանքում տեղ գտնուեց եւ չափաւոր, զգուշաւոր արտայայտութիւնների համար: Բացասական տրամադրուած փորձագէտներն այն կարծիքին են, որ Փաշինեանը դրանով իսկ սպառնալիքի տակ դրեց շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնման վերաբերեալ վիեննեան եւ սանպետերբուրգեան պայմանաւորուածութիւնների իրագործումը, որոնց կատարմանը հակառակւում է հէնց Ադրբեջանը: Դրական տրամադրուած փորձագէտներն իրենց հերթին համարում են, որ Ալիեւի եւ Փաշինեանի միջեւ պայմանաւորուածութիւնը ներդրում է Լեռնայինղարաբաղեան հակամարտութեան լուծման մէջ, կարեւոր նշանակութիւն ունի բանակցային գործընթացի ակտիւացման եւ փոխադարձ վստահութեան որոշակի աստիճան ապահովելու համար:
Մեր կարծիքով՝ տուեալ դէպքում զգուշաւորութիւնն առաւել արդարացուած է: Իհարկէ, հակամարտութեան կողմերի ղեկավարների ցանկացած հանդիպումներ եւ դրանց արդիւնքում ձեռքբերուած համաձայնութիւններ, որոնք միտուած են դիմակայութեան գօտում լարուածութեան նուազեցմանը, կարելի է միայն ողջունել, քանի որ դա իրօք նախադրեալներ է ստեղծում բանակցութիւններ վարելու համար՝ հիմնախնդրի լուծումը գտնելու նպատակով: Այդուհանդերձ, ինչ-որ բան խանգարում է ոգեւորութիւն ցուցաբերել՝ կապուած Դուշանբէի պայմանաւորուածութիւնների հետ, եւ այդ «ինչ-որ բանը» անցած տարիների պրակտիկան է: Ուշադրութեան առնելով կարգաւորման դառը փորձը, ինչի մասին խօսուեց քիչ աւելի վաղ, մենք հակուած ենք նմանօրինակ պայմանաւորուածութիւններն ընդունել վերապահումներով եւ զգուշաւոր լաւատեսութեամբ: Նախեւառաջ այն պատճառով, որ կեանքը միանշանակ ցոյց է տուել ու ապացուցել. Ադրբեջանի ղեկավարութեանը վստահել չի կարելի: Մանաւանդ որ մեզ չի լքում այն զգացումը, որ Ալիեւն այս քայլին գնացել է ոչ թէ իր բարի կամքով, այլ երրորդ ուժերի, մասնաւորապէս՝ Ռուսաստանի ճնշման տակ, քանի որ նման պայմանաւորուածութիւններն առանց ծանրակշիռ դրդապատճառների հէնց այնպէս եւ այդքան հապճեպ չեն ընդունւում: Անուղղակի կերպով դա կարող է հաստատել եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Դուշանբէում արած յայտարարութիւնը. «Անվտանգութեան հարցը, կարելի է ասել, այսօրուայ գագաթնաժողովի առանցքային հարցն է: Բոլոր նախագահներն այդ մասին են խօսում»: Միանգամայն հնարաւոր է, որ Ալիեւի վրայ իսկապէս որոշակի ճնշում գործադրուել է: Չէ՞ որ մինչեւ վերջերս նա սպառնում էր սանձազերծել նոր պատերազմ, արհամարհական էր արտայայտւում Հայաստանի վարչապետի հասցէին, բայց յանկարծ դարձաւ խաղաղասէր…
Այսպէս թէ այնպէս՝ չշտապենք եզրակացութիւններ անել: Շտապողականութիւնը միշտ չի բերում օբյեկտիւ (առարակայական-Խմբ.) գնահատականների, ուստիեւ Դուշանբէում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները պէտք է դիտարկել հեռանկարում: Կրկնենք՝ Բաքուի ռեժիմը բազմիցս խախտել է համաձայնութիւնները, ինչը բերում էր, այդ թւում, մարդկային կորուստների: Այս պայմանաւորուածութիւնների նշանակալիութեան մասին կարելի կը լինի խօսել այն ժամանակ, եթէ դրանք վերափոխուեն կոնկրետ (յստակ-Խմբ.) գործողութիւնների՝ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական քայլերի դադարեցմանը: Բնականաբար, ղարաբաղեան կարգաւորման գործընթացում իրավիճակի արմատական բարելաւման հետ յոյսեր կապել առայժմ չարժէ: Բացառուած չէ, որ Ալիեւը Փաշինեանի հետ այս ջենտլմենական (ազնիւ մարդու-Խմբ.) համաձայնութեանը գնացել է սոսկ քաղաքական դիւիդենդներ (շահաբաժիններ-Խմբ.) ստանալու համար ու ելնելով քարոզչական նկատառումներից: Ամէն դէպքում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ խորհրդարանի ներկայացուցիչներն արդէն յայտարարել են, որ Դուշանբէի պայմանաւորուածութիւնները «եւս մէկ անգամ ցոյց են տալիս, որ բանակցութիւնների ձեւաչափը մնում է անփոփոխ, եւ բանակցութիւնները վարւում են ու կը վարուեն միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք էլ հանդիսանում են հակամարտութեան կողմեր»: Աւելի ճիշդ կը լինէր ասել՝ անփոփոխ է մնում Ադրբեջանի ղեկավարութեան ստայօդ էութիւնը: Աւելորդ չէր լինի նշել, որ Փաշինեանն ինքը յատկանշական վերապահում է արել. «Իհարկէ, վստահութիւն չկայ, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը կը պահպանի Դուշանբէի պայմանաւորուածութիւնները»: