Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Քայլ Արա, Մերժիր Իլհամին. Նոր Իրավիճակ Ադրբեջանում

$
0
0

 

Capture

ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

 

Վերջին ժամանակներն Ադրբեջանում տարօրինակ իրադարձութիւններ են կատարւում՝ հոսանքազրկումներ, քաղաքական մահափորձեր, տեխնոլոգիական աղէտներ, զինավարժութիւններ, որոնց արդիւնքների մասին գնահատականները շատ զուսպ են: Ադրբեջանական մամուլում սկսել են ի յայտ գալ վերլուծութիւններ, որտեղ խորը մտահոգութիւններ են յայտնւում երկրի ապագայի հանդէպ:

Հայաստանում, իսկ ժամանակին նաեւ Վրաստանում, տեղի ունեցած յեղափոխութիւններն ու դրանց յաջորդած փոխակերպումներն իրենց ազդեցութիւնը կարող են ունենալ նաեւ Ադրբեջանի համար, որտեղ հանրութեան սոցիալական (ընկերային-Խմբ.) ու քաղաքական դժգոհութիւններն ուժգնանում են:

Յեղափոխութիւնները վարակիչ բնոյթ ունեն, յատկապէս, երբ դրանք համարւում են առաջադիմական: Ադրբեջանում հաստատուած կոռուպցիոն (փտած, կաշառակեր-Խմբ.) իշխանութիւնը երկրի սոցիալական արդարութեան խնդրի լուծման հնարաւորութիւն չի տալիս, իսկ աշխարհիկ ընդդիմութիւնը ի վիճակի չի քաղաքական մրցակցութիւն ապահովել:

Ադրբեջանի հանրութիւնը փոփոխութիւնն է տենչում, սակայն ինչպիսի՞ փոփոխութիւններ կարող են լինել իսլամական այդ երկրում, հիմնական հարցն է:

Ադրբեջանի քաղաքական ընդդիմութեան ջախջախիչ պարտութիւնն ուղի է բացում քաղաքական իսլամի համար, որը զարգացած սոցիալական հայեցակարգեր ունի: Սակայն Ադրբեջանի համար դա ամենավտանգաւոր զարգացումն է, որովհետեւ նա կարող է դառնալ իսլամական տարբեր ուղղութիւնների պայքարի թատերաբեմ: Իսլամական այս կամ այն ուղղուածութիւններն ունեն նաեւ էթնիկական ենթաշերտեր: Լեզգինների, աւարների, թաթերի, թալիշներ եւ միւսների համար իսլամական ուղղուածութիւններն ունեն նաեւ էթնիկ նշանակութիւն, իսկ ադրբեջանցիների համար իսլամը ոչ թէ միաւորող, այլ տարանջատող գաղափար է, ի տարբերութիւն Իրանի, որտեղ շիականութեան միջոցով յաջողուել էր միաւորել երկու հիմնական էթնոսներին՝ ադրբեջանցիներին ու պարսիկներին:

0711aliev

Իրանում իսլամական յեղափոխութիւնից յետոյ շիական սոցիալական հայեցակարգը լուրջ առաջընթաց է ապրել եւ ապացուցել, որ այն կենսունակ է: Սունիական իսլամական տեսութիւնները Թուրքիայում էլ են զարգանում, եւ նրանց մրցակցութեան պատմական թատերաբեմը հէնց Ադրբեջանն է:

Թուրքիայում քեմալիզմի սրընթաց պարտութիւնը եւ Էրդողանի իսլամիզմի յաղթարշաւը քաղաքական երկընտրանքի խնդիր է առաջացրել Ադրբեջանում, սակայն նման երկընտրանքն Ադրբեջանի համար կարող է մահացու լինել, յատկապէս, երբ լիբերալիզմի (ազատականութեան-Խմբ.) պարտութիւնից յետոյ Ադրբեջանում միակ աշխարհիկ ընտրութիւնը ներկայիս կոռումպացուած (փտած-Խմբ.) իշխանութիւնն է, որից հանրութիւնը յոգնել է: Սովետական շրջանում, ըստ պաշտօնական վիճակագրութեան, ադրբեջանցիների 80 տոկոսից աւելին համարւում էր շիականներ, սակայն ներկայումս շիա-սունի յարաբերակցութիւնը համարւում է 40-60 տոկոս:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՐՃ ԱԿՆԱՐԿ

 

Իրանի պետականութեան վերականգման գործում կենտրոնական դերակատարութիւն է ունեցել թիւրքական տարրը: ԺԴ. դարի սկզբին Սեֆեանների դինաստիան Պարսկաստանը վերամիաւորեց հիմնականում թիւրքերից բաղկացած ղզլբաշների շիական միաւորումների շնորհիւ: Շիականութիւնը ստեղծման օրուանից հակամարտութեան մէջ էր Օսմանեան Թուրքիայի հետ, որը յաճախ զուգայցւում էր բնակչութեան զանգուածային բնաջնջումներով՝ շիականներին՝ Թուրքիայում, սունիներին՝ Պարսկաստանում: Իրանի իսլամական յեղափոխութեան ժամանակ կենտրոնական դեր են խաղացել իրանական ադրբեջանցիները: Իրանական շիականութեան գաղափարի հիմնական կրողները նոյնպէս ադրբեջանցիներն են: Պատմականօրէն հէնց Ադրբեջանն է եղել քաղաքական շիականութեան պլացդարմը (յենակէտը-Խմբ.):

 

Ի. դարասկզբին Ադրբեջանը տատանւում էր երկու քաղաքական պրոյէկտների (ծրագիրներու-Խմբ.) միջեւ, սակայն մի կողմից աշխարհիկ քեմալիզմի շնորհիւ, որի համար կարեւոր էր էթնիկ ծագումը, միւս կողմից՝ աշխարհիկ սովետական Ռուսաստանի շնորհիւ, որը սկզբնական շրջանում դաշնակցում էր Նոր Թուրքիայի հետ եւ դէմ էր կրօնապետութեանը, Ադրբեջանը ընտրեց թիւրքիզմը՝ թէկուզ կոմունիստական փաթեթաւորմամբ: Սակայն այդ ընտրութիւնը, իսլամիզմի առաջխաղացման դէպքում, հարցականի տակ է դրւում:

Օրերս Գեանջայում մահափորձ է կատարուել քաղաքի ղեկավար Էլմար Վելիեւի նկատմամբ: Կատարողը համարւում է շիական ակտիւիստ Իւնիս Սաֆարովը: Այս դէպքը Ադրբեջանում դիտւում է խորհրդանշական գործողութիւն, որը կարող է մի մեծ ընդհարման սկիզբ դառնալ:

 

ԻՍԼԱՄԸ՝ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳՈՐԾՕՆԸ

 

Իսլամիզմի գործօնի ուժեղացման պարագայում Ադրբեջանում՝ ըստ աշխարհընկալման, մի շարք մշակութաբանական իրարամերժ շերտեր են առաջանում.

– Դէպի Թուրքիա միտուած սունիականներ.

– Դէպի Իրան միտուած շիականներ.

– Դէպի Ռուսաստան միտուած աշխարհիկ գաղափարախօսութիւն ունեցող զանգուածներ.

– Էթնիկ (ցեղային-Խմբ.) խմբաւորումներ, որոնց համար շիականութիւնը կամ սունիականութիւնն ունեն էթնիկ ինքնութեան հիմք (թաթերը, թալիշները, լեզգիները, աւարները եւ այլն):

Հետաքրքրական է ադրբեջանցի վերլուծաբանների այն տեսակէտը, որ աշխարհիկութիւնը համարում են ռուսական ազդեցութեան հետեւանք եւ Թուրքիայում քեմալիզմի պարտութեան հետեւանքով որպէս աշխարհիկութեան պաշտպան տեսնում են ոչ թէ Արեւմուտքին, այլ Ռուսաստանին:

Հետաքրքրական է նաեւ այն տեսակէտը, որ սունիականութիւնը նոյնպէս հասարակութեան մի մասի համար միաւորող գործօն չի համարւում, քանի որ լեզգիների եւ աւարների համար «թուրքական» սունիականութիւնը տարբերւում է այդ էթնոսների աւանդական սունիականութիւնից: Շիականների համար էլ կրօնական առաջնորդների կադրերի (պաշտօնեաներու, ղեկավարներու-Խմբ.) կորիզը ոչ թէ ադրբեջանցիներն են, այլ թաթերն ու թալիշները:

Մի խօսքով՝ Ադրբեջանում հետաքրքիր զարգացումներ են սպասւում, որոնք կենսական են Հայաստանի համար:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles