ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Յունիսի 12-14ը կայացաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրիւ Շոֆերի (ԱՄՆ) եւ Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) այցը Երեւան, որի ընթացքում միջնորդները հանդիպումներ ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, նախագահ Արմէն Սարգսեանի, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի, պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ:
Պաշտօնական մամլոյ հաղորդագրութիւնների բաւականին ժլատ տողերից միայն յայտնի դարձաւ, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել լեռնայինղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման շուրջ, անդրադարձել բանակցային գործընթացի առաջխաղացման հեռանկարներին՝ այդ համատեքստում ընդգծելով վստահութեան մթնոլորտի ձեւաւորման կարեւորութիւնը, շօշափել են հայ-ադրբեջանական սահմանում ու Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում ներկայ իրավիճակի հարցը: Պէտք է խոստովանել՝ պաշտօնական հաղորդագրութիւնները թոյլ չեն տալիս առաւել ամբողջական պատկերացում կազմել զրոյցների բովանդակութեան մասին, միւս կողմից՝ այցից առանձնայատուկ սպասումներ չկային էլ, քանի որ համանախագահների կողմից այն ի սկզբանէ ազդարարուել էր որպէս ճանաչողական՝ Հայաստանի նոր ղեկավարութեան հետ ծանօթանալու նպատակով:
Այդուհանդերձ, աւելի ուշ փակագծերը որոշակի չափով բացեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամաւորների հարցերին: Խորհրդարանականներին հետաքրքրեց՝ արդեօք Հայաստանի ղեկավարութիւնը բարձրացրե՞լ է բանակցութիւններում որպէս հակամարտութեան լիիրաւ կողմ Արցախի ներգրաւման, ինչպէս նաեւ նախիջեւանեան ու ղարաբաղեան ուղղութիւններում ադրբեջանական ուժերի կուտակման մասին հարցը: Երկու դէպքերում էլ նախարարի պատասխանը հաստատական էր: Այսինքն, կարելի է արձանագրել հայաստանեան նոր ղեկավարութեան հետեւողականութիւնը՝ պաշտպանելու իր բանակցային ռազմավարութիւնը՝ միտուած Արցախի՝ որպէս բանակցութիւնների լիիրաւ մասնակցի, կարգավիճակի պարտադիր վերականգնմանը: Իհարկէ, պաշտօնական Երեւանը նախկինում եւս միջազգային միջնորդների հետ հանդիպումների ժամանակ նշում էր Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթաց վերադարձնելու հրատապութիւնը, սակայն ՀՀ ներկայ ղեկավարութիւնը, յայտարարելով այն մասին, թէ Հայաստանը կարող է բանակցութիւններ վարել միայն իր անունից, մի ուրիշ որակ հաղորդեց այդ հրամայական պահանջին: Աւելորդ չէր լինի նաեւ նշել, որ Մինսկի խմբի համանախագահները երբեք չեն առարկել բանակցութիւններում պաշտօնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցութեանը՝ նման բեմագիրը հնարաւոր համարելով որոշակի փուլում: Այլ հարց է, որ նոյն այդ հնարաւորութիւնն անընդմէջ տորպեդահարել (ռմբահարած-Խմբ.) է Բաքուն, ինչը միանգամայն պարզ է. բանակցութիւնների նախկին եռակողմ ձեւաչափի վերականգնումը հակասում է հակամարտութիւնը որպէս երկկողմ, ասել է թէ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ներկայացնելու նրա արտաքին քաղաքական ուղեգծին: Պէտք է ասել՝ Արցախի ներկայացուցիչներին բանակցութիւններում ներգրաւելու հարցում Երեւանի յամառութեան հաշվառումով ադրբեջանական հիստերիայի (ջլախտի-Խմբ.) աստիճանն առանձնապէս բարձրացաւ վերջերս: Ընդ որում, ուշադրութիւն է գրաւում հանրայայտ փաստերի ու միջազգային փաստաթղթերի սանձարձակ խեղաթիւրումը, որոնցում հաստատւում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպէս հակամարտութեան լիիրաւ կողմ ու բանակցութիւնների մասնակից:
Այսպէս, օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան՝ մեզ համար ոչ անյայտ ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հերթական անգամ հրամցրեց անհեթեթութիւն, յայտարարելով, թէ բանակցութիւններին մասնակցելու Լեռնային Ղարաբաղի «անհիմն յաւակնութիւնները» բացորոշ ցուցադրում են, որ Հայաստանը շահագրգռուած չէ բանակցային ճանապարհով հակամարտութեան հանգուցալուծման մէջ: Ապա շարունակեց. «Դեռեւս Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք Ադրբեջանը հակամարտութեան շուրջ բանակցութիւններ է վարում ուղղակիօրէն Հայաստանի, Հայաստանի նախագահների հետ»: Չենք բացառում, որ Հիքմեթը երիտասարդ տարիքի բերումով, հնարաւոր է, տեղեակ չէ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հէյդար Ալիեւն ուղղակի բանակցութիւններ է վարել, ընդ որում՝ բազմիցս, Ռոբերտ Քոչարեանի հետ, բայց այն ժամանակ, երբ վերջինս դեռեւս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, այլ ոչ թէ Հայաստանի նախագահն էր: Եթէ նա չզլանար, ապա իր սիրելի ԱԳՆի արխիւներում կը քրքրէր այդ հանդիպումների փաստացի վկայութիւնները: Ինչպէս եւ Լեռնային Ղարաբաղը որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան լիարժէք կողմ ճանաչող՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերի պատճէնները, ինչպէս նաեւ 1994-95թթ. կրակի անժամկէտ դադարեցման մասին համաձայնագրերը, որոնք ստորագրել են բոլոր երեք կողմերը՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը:
Սակայն արհամարհենք Հիքմեթի ասածն ու նրան յղենք համեմատաբար թարմ փաստերին: Յունիսի սկզբին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի հետ Մոսկուայում կայացած համատեղ մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախագահ Սերգէյ Լաւրովը նշել է. «Եթէ կողմերն ինչ-որ փուլում համաձայնութեան գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացուի բանակցութիւններում, ապա դա կը լինի նրանց որոշումը, եւ մենք կը յարգենք այն»: Աւելի վաղ Մինսկի խմբի ռուսաստանեան համանախագահ Իգոր Պոպովը բազմիցս կարծիք է յայտնել, որ «որոշակի փուլում, ասենք՝ շրջանակային համաձայնութեան հասնելուց յետոյ, կը նախատեսուի հնարաւորութիւն, որպէսզի նրանք (Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները-հեղ.) կարողանան վերադառնալ բանակցութիւնների սեղան»: Յուսանք, ալիեւեան անամօթ աշխատակազմի ներկայացուցիչները տիրապետում են ռուսաց լեզուի գոնէ տարրական գիտելիքներին, հասկանալու համար, որ Լաւրովի «ԿՐԿԻՆ ներկայացուի բանակցութիւններում» ու Պոպովի «ՎԵՐԱԴԱՌՆԱԼ բանակցութիւնների սեղան» արտայայտութիւնները նշանակում են, որ Լեռնային Ղարաբաղը նախկինում արդէն եղել է նոյն այդ բանակցութիւնների ուղղակի մասնակիցը: Կարեւոր է նաեւ նշել, որ Լեռնային Ղարաբաղի՝ գործընթաց վերադառնալու անհրաժեշտութեան մասին իր միտքը հիմնաւորելու համար Իգոր Պոպովն ընդգծել է, որ «ի վերջոյ, խօսքը մարդկանց ճակատագրերի մասին է, ովքեր այնտեղ ապրում են»: Թերեւս, առաւել յստակ հնարաւոր չէ արտայայտուել:
Նշանակում է՝ Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանգը, որը դէմ է արտայայտւում պաշտօնական Ստեփանակերտի՝ բանակցութիւնների սեղան վերադառնալուն, օդում թափահարելով կեղծ փաստարկներով, այլ կերպ, քան զառանցական չես անուանի: Եւ հարցի պատասխանը, թէ ով է, որ իրականում շահագրգռուած չէ հակամարտութեան խաղաղ ճանապարհով հանգուցալուծման մէջ, անգամ պէտք չէ փնտռել՝ այն ակնյայտ է: